ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 14 сентября 2012 г.

ՍԻՐՈ ԵՎ ԱՐԱՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ


Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը:
Մարտիրոս Սարյան




Դիմանկարիս հերոսուհին մի պատվավոր կին է, ով իր կյանքի շուրջ 50 տարիները նվիրել է արվեստին ու մշակույթին: Արվեստով ու արվեստի մեջ ապրող Ջուլիետա Ղարաբաղցյանը երիտասարդական ավյունով ու նվիրվածությամբ շարունակում է մշակութային պատմություն կերտել:
Ջուլիետա Ղարաբաղցյանը ծնվել է բազմազավակ ընտանիքում` պատվավոր բայազետցու ընտանիքում: Նրա հայրը` Արտավազդ Ղարաբաղցյանը, եղել է կոլտնտեսության առաջին նախագահը, շրջապատում նրան ճանաչել են որպես նվիրված, ազնիվ, հայրենասեր ու ընտանեսեր քաղաքացու, կարեկից ընկերոջ ու գնահատող  ղեկավարի: Մայրը` Գոհարը, շուրջ կես դար աշխատել է որպես մսուր-մանկապարտեզի վարիչ:
Այսպիսի ընտանիքում մեծացած, կայացած եւ դաստիարակություն ստացած  Ջուլիետան էլ իր հերթին պիտի գնար հասարակական եւ մշակութային նվիրումի ճանապարհով:
Միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում Ջուլիետան արդեն սկսել է ցուցաբերել իր ակտիվությունը: 9-10-րդ դասարաններում եղել է դպրոցի կոմերիտմիության առաջին քարտուղար: Դպրոցն  ավարտելուց հետո աշխատել է ՀԼԿԵՄ շրջկոմի պիոներ-դպրոցական բաժնի վարիչ` միաժամանակ սովորելով Երեւանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժնում:
- Երազում էի հորս գործը շարունակել,, դառնալ կոլխոզի նախագահ,-ասում է Ջուլիետան,- դրա համար էլ այդպիսի մասնագիտություն ընտրեցի:
1957-1967թվականներին կոմերիտական եւ կուսակցական աշխատանքներ է կատարել, աշխատանքի է անցել ՀԿԿ Կամոյի կուսշրջկոմում՝ որպես տեսուչ-կազմակերպիչ: 1967 թվականից մինչեւ 1989 թվականը աշխատել է որպես քաղսովետի կուլտուրայի բաժնի վարիչ: Տիկին Ջուլիետան հիշում է, որ աշխատանքի ընդունվելիս կուլտուրայի բաժինն ուներ մի քանի աշխատող, եւ մշակութային կյանքն էլ պասիվ էր:
Կուլտուրայի բաժնի վարչի բարձրացրած հարցերի, պահանջների եւ հետեւողական աշխատանքների արդյունքում բացվել է Գավառի արվեստի դպրոցը: Բացման տարում դպրոցն ունեցել է շուրջ 400 սան: Տիկին Ջուլիետայի աշխատանքային տարիների ընթացքում կուլտուրայի մինիստրությունը բացել է նաեւ Գավառի գեղարվեստի դպրոցը, որն իր գործունեությունը սկսել է շուրջ 80 սաներով:
Արվեստի նվիրյալը հիշում է, որ 1970-ականների սկզբին գործում էր Գեղարքունիքի մարզի թանգարանը, որն ուներ ընդամենը 50 ցուցանմուշ: Թանգարանն իր համեստ ունեցվածքով տեղակայված է եղել նախկին փոստի շենքում: Կամոյի շրջկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Ջ. Ղարաբաղցյանի պահանջով կուլտուրայի մինիստրությունը հատկացրել է նախկին գործկոմի շենքը եւ հատկացրել գումար` շինարարության, համապատասխան  բաժինների եւ անհրաժեշտ կոմունիկացիաների կառուցման համար: 4 տարի տեւած աշխատանքների արդյունքում 1975 թվականին վերաբացվել է Գավառի երկրագիտական թանգարանը:
-Հնագետների, թանգարանի աշխատողների հետ ավտոբուսով շրջել եմ Սեւանի ավազանում, մասնակցել հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերի հավաքչական աշխատանքներին: Օրեր ու ժամեր եղել եմ շինարարների, արվեստագետների կողքին,  հետեւողական եղել բոլոր նախապատրաստական աշխատանքներին,-վերհիշում է Ջուլիետան:
Վերաբացման ժամանակ արդեն թանգարանն ունեցել է շուրջ 5.500 ցուցանմուշ, ունեցել համապատասխան սրահները: Բացման օրվանից թանգարանը դասվել է լավագույն երկրագիտական թանգարանների թվին:
Մշակութային զարթոնք է սկսել ապրել Կամո քաղաքը: 1971 թվականին կառուցվել է կուլտուրայի պալատը, որի պատվիրատուն եղել է կուլտուրայի մինիստրությունը: Կուլտուրայի տան կահավորումն արվել է տիկին Ջուլիետայի քնքուշ ու բարձրաճաշակ ձեռքերով:
Իր անցած աշխատանքային ուղուն հետադարձ հայացք ձգելով` տիկին Ջուլիետան առանձնակի հպարտությամբ է հիշում <<Ժակի>> բուլվարի կառուցումը: <<Երբ դիմեցի կուլտուրայի մինիստրությանը` նորաբաց այգում կառուսելներ տեղադրելու հարցով, հրաժարվում էին, հիմնավորելով որ չի աշխատի ու չի գործի:  Ես համառեցի, ու իմ խնդրանքով եւ պահանջով Կամո ուղարկեցին հանրապետության լավագույն կարուսելագործին: Ես ամեն առավոտ նստում էի բեռնատարն ու հասնում այն գործարանը, որը բետոն էր արտադրում: Ամեն օր իմ պահանջով բետոն էին բերում, բերում էին նաեւ անհրաժեշտ նյութերը` այգու կառուցման համար: Կարճ ժամանակ անց բացվեց քաղաքային զբոսայգին, որը երկար ժամանակ շեն մնաց` իր դերն ու դրական ազդեցությունն ունենալով սերունդների դաստիարակության վրա: Այնքան  մեծ էր այցելուների թիվը զբոսայգի, որ փողոցներում հերթեր էին գոյանում>>,- հպարտությամբ թերթում է  իր հիշողությունների մատյանը տիկին Ջուլիետան:
Շեն ու բարեկարգ այգին գործել է երկար տարիներ, որտեղ կազմակերպվել են ծաղկի տոներ, որը կրել է համաքաղաքային բնույթ: Սակայն այսօր այգու ավեր ու քարուքանդ վիճակը մտահոգիչ է տիկին Ջուլիետայի համար: Նա ցավ է ապրում այգու համար եւ ափսոսում, որ այսօրվա սերունդը չի կարող վայելել այն դրականն ու բարին, որ տարիներ առաջ այգին է տվել հասարակությանը:
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Բունիաթյանի կին Թամարա Մախմուրյանի նվիրատվությամբ 1989 թվականին Գավառ քաղաքում բացվել է Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը: Պատկերասրահը ժամանակավոր հաստատվել է ՀԿԿ Կամոյի շրջկոմի  առաջին քարտուղար Հովհաննես Զարգարյանի տանը:
1989 թվականից  Ջ. Ղարաբաղցյանը նշանակվել է Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահի տնօրեն: 1990-ականների սկզբին կառավարությունը շենք է հատկացրել պատկերասրահի համար, որի հիմնանորոգման համար հատկացրել է շուրջ 400 հազար ռուբլի: Սակայն տարիներ անց պատկերասրահի համար նախատեսված հին կինոյի շենքը թաքուն սեփականաշնորհվել է այլոց կողմից: Եւ կառույցը մնացել է նախկին տեղում:
 Պատկերասրահի գոյությունը նաեւ վկայում է, որ ճանաչված գիտնականը խորապես հաղորդակից է եղել արվեստին ու գեղանկարչությանը:
Պատկերասրահի բացման օրվանից տիկին Ջուլիետան իշխանությունից շենք է ակնկալում` մշակութային օջախի համար: Եվ, անկախ պայմաններից ու խնդիրներից, գաղափարներ հղացող արվեստասեր տիկնոջ գլխում ծնվում են նոր մտքեր, որոնք իրականություն են գտնում պատկերասրահի հարկի տակ:
Տարիների ընթացքում պատկերասրահում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, ցուցադրություններ ու մրցույթներ:
Այս տարի էլ պատկերասրահում կազմակերպվել  է ասեղնագործ կտավների ցուցահանդեսը, որը մեծ սեր ու հետաքրքրություն է գտել արվեստասերների շրջանակներում:
Այս տարվա վերջին ցուցադրությանը մասնակցել են Գավառի երաժշտական ուսումնարանի գեղարվեստի բաժնի ուսանողները, գեղարվեստի դպրոցի եւ Գավառի սոցիալ-կրթական կենտրոնի սաները, որոնց ձեռքի աշխատանքներն այժմ էլ ցուցադրվում են պատկերասրահում:
Պատկերասրահի բացման օրվանից առ այսօր այցելուները տպավորությունների գրքում զետեղել են տպավորություններ ոչ միայն պատկերասրահի մասին, այլեւ մտքեր են գրառել պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանի մասին:
Հանգիստ, մեծահոգի ղեկավարը ընտանեկան ու ընկերական միջավայր է ստեղծել իր ղեկավարած հիմնարկում:
Հրաշալի քաղաքացին, օրինակելի ու շնորհաշատ տիկինը նաեւ երջանիկ մայր է ու սիրելի տատիկ: Տիկին Ջուլիետան ունի 3 որդի եւ 8 թոռ:
Արվեստասերի ոգով, բարությամբ, սիրով ու օրինակելի կերպարով նա շարունակում է մշակույթ կերտել` սիրով ու արարումով լցնելով իր անցած ուղին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More