Ծովագյուղի գյուղապետարան |
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում նոր ծնված երեխաների ընտանիքներին մոտ
3 տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաեւ համայնքապետարանը: Այս
տարի եւս ավագանու N 4 որոշումը` 9 կողմ ձայնով, ուժի մեջ է մտել հունվարի 9-ից, համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հաստատմամբ: Ըստ վերոնշյալ օրենքի` ընտանիքներին հատկացվող գումարի չափը
կազմում է 50.000 դրամ: Ծովագյուղի համայնքապետարանից տեղեկացրին, որ
նորածին ունեցող 26 ընտանիքի արդեն տրվել են նախատեսված 50.000-ական դրամները:
«Ես չգիտեի, բայց շատ լավ է, որ գյուղապետարանն էլ ա գումար հատկացնում»,-ասաց
բնակիչներից մեկը, ով
անմիջապես զանգահարեց թոռնուհուն` ճշտելու, թե գիտե՞ն, որ բացի պետական աջակցությունից, գյուղապետարանն էլ է գումար հատկացնում նորածինների ընտանիքներին: Պարզվեց, որ թոռնուհու ամուսինը համայնքապետարանում է տեղեկացել սույն որոշմանը: Համայնքի մի քանի բնակիչներ նույնպես նշեցին, որ համայնքապետարանում են
տեղեկացել որոշման մասին:
Պաշտոնավարման լիազորություններն ստանձնելուց հետո Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը ավագանու 11 որոշում է հաստատել, որից 1-ը`
արտահերթ եւ 16 որոշում է ընդունել: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը հայտնեց, որ համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների մասին բնակիչներին իրազեկում են ցուցատախտակների միջոցով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63 եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածների համաձայն` ցուցատախտակները տեղադրվում են ելնելով համայնքի բնակչության թվից` երկու հազար բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ: Ծովագյուղը 4300 բնակիչ ունեցող համայնք է եւ Խաչիկ Մկրտչյանի խոսքերով` ցուցատախտակները փակցնում են գյուղի 3 հատվածներում` համայնքապետարանի շենքում, գյուղի կենտրոնական հատվածում եւ «Հայփոստ»-ի Ծովագյուղի մասնաճյուղի պատին:
Ցուցատախտակները գյուղական համայնքներում թերեւս ամենապահանջված միջոցն են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին իրազեկելու, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկման անհրաժեշտությունն օր-օրի զգալի է դառնում: Գեղարքունիքի մարզի 43 համայնք, այդ թվում նաեւ Ծովագյուղը, ապահովված է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով: Տարածքային կառավարման նախարարությունը Ծովագյուղ համայնքին համակարգը տրամադրել է հունվար-փետրվար ամիսներին: Համայնքապետարանի աշխատակիցների խոսքերով` աշխատակազմից 3 հոգի վերապատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հ/կ-ում` կայքը շահագործելու համար: Սակայն ինտրանետ համակարգում http://46.130.54.116/Pages/Home/Default.aspx հասցեով գործող կայքում մինչ օրս բացի մի քանի նորություններից այլ բան հրապարակված չէ:
Ինչո՞ւ համայնքապետարանը քայլեր չի ձեռնարկում կայքը գործարկելու, բարելավելու ուղղությամբ մեր հարցին, աշխատակիցները նշեցին, որ
զբաղվածությունը թույլ չի
տալիս: «Կամաց-կամաց կգցենք հունի մեջ, բնակչության ռեգիստրն էլ կտեղադրենք կայքում»,- նշեցին նրանք:
Արփինե Մինասյան
0 comments:
Отправить комментарий