ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 16 декабря 2015 г.

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ԱՄԻՍ

Գավառի թիվ 1 հատուկ դպրոցն իր տեսակի մեջ մարզի միակ  կրթական հաստատությունն է, որը ծառայում է  հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Դպրոցի բարեկեցությունը, հիմնանորոգված եւ վերազինված լինելը անհրաժեշտ նախապայման է դպրոց հաճախող հատուկ խնամքի կրիք ունեցող երեխաների եւ այս խնդրին մտահոգ ծնողի համար:
Գավառի հատուկ դպրոցի տնօրինությունը եւ աշխատակիցները, իրենց կողքին ունենալով սրտացավ բարեկամներ, կարողացել են ժամանակի ընթացքում, փուլ առ փուլ, վերանորոգել շենքը եւ երեխաների համար բարեկեցիկ պայմաններ ապահովել:
Հիմնանորոգման եւ վերազինման հերթական փուլի ավարտից հետո, դպրոցում ուսանող հաշմանդամություն ունեցող աշակերտներն այլեւս շինության երկրորդ հարկ բարձրանալու դժվարություն չեն ունենալու` կրթօջախում ներկառուցված նոր վերելակի շնորհիվ: Կրթության հավասար իրավունքի ապահովմանը ծառայող վերելակը կառուցվել է Գավառի հատուկ դպրոցի ՙՆյու Յորքի բարեկամների խորհրդի՚ ֆինանսական աջակցությամբ եւ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) օգնությամբ: 

Վերջիններիս շնորհիվ այս տարվա ապրիլին ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել<<Գազել>> մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին տեղադրվել վերելակ, նորոգել շենքի մուտքը, 2 սանհանգույցը, մարզադահլիճը, խոհանոցը` տեղադրվել է կահույք, սառնարան եւ տաք ջրի կաթսա:
Դպրոցի բարեկամներն իրենք են այցելում, հետաքրքրվում, թե երեխաներն ինչի կարիք ունեն եւ ժամանակի ընթացքում լրացնում են այդ բացը:
Վերանորոգված եւ համապատասխան վերականգնողական սարքավորումներով հագեցած սրահում վերապատրաստաված մասնագետների շնորհիվ երեխաները ֆիզիոթերապիայի կուրսեր են անցնում:
Կենտրոնը երեխաներին տալիս է նաեւ միջին մասնագիտական կրթություն, երեխաները ասեղնագործություն, ձեռագործություն, նկարչություն եւ կոշկակարություն են սովորում, որը նրանց օգտակար է լինելու ողջ կյանքի ընթացքում:
-Դպրոցի աշխատանքներին, բարեկարգ պայմաններին եւ երեխաների առօրյային ծանոթանալու նպատակով դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ հայտարարվում է բաց դռների օր, մի ողջ ամիս մարզի բնակիչները կարող են այցելել հատուկ դպրոց, ծանոթանալ դպրոցի շենքային, բարենպաստ պայմաններին, երեխաների առօրյային, նրանց զբաղմունքին ու կրթության ընթացքին, թե ինչ խմբակների են մասնակցում եւ ինչ սովորում, -ասաց դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը եւ հավելեց, որ այս նախաձեռնությամբ նաեւ հնարավոր կլինի դպրոց հաճախող երեխաների թիվն ավելացնել, ծնողների մոտ առկա կարծրատիպերը ինչ-որ չափով հարթել, որով նրանք կհամոզվեն, որ տանը պահելուց առավել դրական է երեխաներին դպրոց ուղարկելը:
 -Աշակերտ ենք ունեցել, ում խնդիրների մասին ընտանիքը գաղտնի է պահել, եւ նույնիսկ հարեւանները չեն իմացել այդ մասին: Նման թաքնված դեպքեր, կարծում եմ, մեզանում դեռեւս քիչ չեն, -շարունակեց տնօրենը:
Դպրոցն այսօր ունի տարբեր խնդիրներ ունեցող շուրջ 40 երեխա, ովքեր ներկայացնում են մարզի տարբեր համայնքները. նրանք նաեւ Վարդենիսի, Ճամբարակի հեռավոր գյուղերից եւ Երեւանից են, ովքեր գիշերում են դպրոցում: Նրանք օրական չորսանգամյա սնունդ, անվճար գրենական պիտույքներ են ստանում, ավտոմեքենան նրանցից շատերին առավոտյան գյուղերից դպրոց է բերում եւ երեկոյան նորից տուն հասցնում:
Երեխաների հետ դպրոցում աշխատում են հատուկ մանկավարժ, սոցմանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, ֆիզիոթերապեւտ, ուսուցիչներ, դաստիարակներ, դայակներ: 
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական հսկողությամբ, դպրոցն համագործակցում է Գավառի պոլիկլինիկայի հետ, եւ այստեղ հերթափոխով բժիշկներ ու բուժքույրեր են աշխատում: Դպրոցի աշխատակիցները նաեւ վերապատրաստման կուրսեր են անցնում:

-Դպրոցի առաջընթացի մեջ անչափ մեծ է եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, եւ <<Նյու Յորքի բարեկամների խորհրդի>> ու Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) անգանհատելի դերը, շնորհակալ ենք, որ նրանք մեր կողքին են, -ասաց Լարիսա Զազյանը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More