ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 27 сентября 2011 г.

ՀԱՅԻ ԱՍՏՂԸ ՓԱՅԼՈՒՄ Է, ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԻ


Մեր բախտն էլ այդպիսին է. Ամեն օրաշխարհի այս կամ այն անկյունում, հնչում է մի նոր հայի անուն, փայլատակում է մի նոր աստղ: Կարծես թե բախտը վրեժ է լուծում բոլոր նրանցից, ովքեր մեզ այս բախտին են հասցրել. Եթե պետք է ցրիվ լինել, ապա աստղերի պես, եթե պետք է սեփական տանը չլինել, ապա օտար տների մեջ էլ փայլել, եթե պետք է ապրել օտար հայրենիքում, ապա այնպես ապրել, որ հեռավոր հայրենիքը հպարտանա, ու եթե հյուր լինել սեփական տանդ, ապա զգալ ու հասկանալ, թե ի~նչ սքանչելի ժողովուրդ եք դուք՚:
Պարույր Սեւակ

Հայ ժողովուրդը չունի հարուստ ու մրցունակ տնտեսություն, Հայաստանը հարուստ չի օգտակար հանածոներով, որ աշխարհի հզոր երկրներին հիշեցնի իր մասին: Փոխարենը նա շատ ունի մտքի, արվեստի հանճարներ ու մեծ անուններ: Դեպքերն ու դեմքերը ապացուցել ենոր հայ ժողովրդի շնորհալի զավակները միշտ կարողացել են հուզել ու նվաճել աշխարհի քմահաճ հանդիսատեսին, նվաճել բեմեր ու գիտության թաքնված եզերքներ:
 Տառապած ու մաքառած հայ ժողովրդի ծնունդ է վիրտուոզ ջութակահար Վարդան Մարկոսյանը, ով իր հանդիսատեսին ներկայանում է Վարդան Մարկոս անունով: Վարդան Մարկոսյանը որպես երաժիշտ կայացել եւ արտիստի փշոտ ճամփան հղկել է Ռուսաստանի Դաշնությունում: Օտար երկրում նա կարողացել է իր հուզաթաթախ ջութակի ընկերակցությամբ նվաճել եվրոպացի ու ռուս հանդիսատեսին:
Վարդան Մարկոսը տիկնոջ`
 Նադեժդա Զախարչենկոյի հետ
 Վարդան Մարկոսյանի արմատները սերում են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Նա ծնվել է 1970 թվակակին, ծառայողի ընտանիքում: Նրա ծնողները հետեւողական են եղել, որ զավակները ոչ միայն ստանան բարձագույն կրթություն, այլեւ դառնան բազմակողմանի զարգացած ու հասարակությանը պիտանի մարդիկ: Բազմազավակ ընտանիքում Վարդանի չորս քույրերը երաժիշտներ են դարձել. նրանք դաշնակահարներ են: Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում հիմնական կրթությունը ստանալուն զուգահեռ Վարդանը սովորել է Մարտունու երաժշտական դպրոցում: 1984-1988 թվականներին երաժշտական կրթություն է  ստացել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի լարային գործիքների բաժնում: Երաժշտական կրթությունը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում 1988-1994 թվականներին:
 -Մարտունու տարածաշրջանից ես առաջինն եմ եղել, որ ընդունվել  եւ սովորել եմ կոնսերվատորիայում,- նշում է Վարդանը, - իմ հաջողությունների ու ձեռքբերումների համար ես պարտական եմ իմ ծնողներինԾնողներիս սերմանած ուժը եւ համառությունը ինձ մղեցին նվաճումների:
 1989-1991 թվականներին Վարդանը ծառայել է Խորհրդային բանակումՆրա ծառայությունն անցել է Ուկրաինայում, Չեխոսլովակիայում եւ Բելառուսում տեղակայված ԽՍՀՄ զորամասերում:
 -Զորավարժություններից մեկի ժամանակ վնասեցի աջ ձեռքս,- հիշում է Վարդանը: Բժիշկներին հաջողվեց փրկել ձեռքս, մատներս, սակայն հույս չտվեցին, որ կարող եմ <<խաղալ>> ջութակի քնքուշ լարերի հետԵրկարատեւ ջանքերի ու համառ աշխատանքի շնորհիվ հետ բերեցի մատներիս ճկունությունը:
 Ի տարբերություն շատ երաժիշտների` Վարդանը չի ծառայել երաժշտական զինվորական նվագախմբում, այլ ծառայել է տանկային զորամասում` ստանալով վարորդ-մեխանիկի մասնագիտություն:
 Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելուց հետո  Վարդանը վերադարձել է հայրենի եզերքը` Մարտունի քաղաք:
 -Հայաստանի համար բարդ ժամանակներ էին, սովի ու քաղցի, աղքատության կողքին դժվար էր ժամանակ գտնել  արվեստով զբաղվելու համար: Ջութակս մնաց մի անկյունում կախված, լքված ու միայնակ...  Այնուհանդերձ, հոգուս ու սրտիս լարերով ագուցված էինք ես ու մելամաղձոտ ջութակս: Բարդ էր երաժիշտի համար Մարտունու անտառներից ցախ հավաքելն ու ծառեր կտրելըՀոգում էի մեր ընտանիքի ձմեռային հոգսերը...
 Մարկոսյանների ընտանիքի բարեկամ, ծնունդով հրազդանցի Լեւոն Ազիզյանը, նկատելով սոցիալական խնդիրների ու դժվարությունների մեջ խամրող արվեստագետին, Վարդանին հրավիրում է Ռուսաստանի Դաշնություն` ջութակի դասեր տալու  նպատակով: Լեւոն Ազիզյանի աջակցությամբ Վարդանը բնակություն հաստատեց ու  ծավալեց իր երաժշտական գործունեությունը ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ փոքրիկ գյուղում:
 Վարդանի համար այստեղ էլ է դժվար եղել: Իրկուտսկը աքսորյալներով, երբեմնի հարուստներով ու ազնվականներով վերաբնակեցված տարածաշրջան է:
 -Դյուրին չէր տարամշակույթ ու բազմաշերտ հասարակության կրտսեր սերնդի հետ աշխատելը, նրանց ուսուցանելն ու դասավանդելը:
 Բայց Վարդան Մարկոսյանը հաղթահարել է նաեւ այս դժվարությունը` վաստակելով ռուսական հեռավոր ու խուլ գյուղի տարեց ու երիտասարդ բնակիչների հարգանքն ու սերը: Դեռ այստեղից են սկսվել Վարդանի առաջին բեմական ներկայացումներն ու կատարումները: Այնուհետեւ Լեւոն Ազիզյանի առաջարկով Վարդան Մարկոսյանը տեղափոխվել է Կրասնոյարսկի երկրամաս` երաժշտական գործունեությունը ընդլայնելու եւ տաղանդը ցուցադրելու համար: 1995-2000 թվականներին Վարդանը նվագել է Կրասնոյարսկի օպերային թատրոնում: 2000-2003 թվականներին որպես սոլիստ աշխատել է Կրասնոյարսկի երաժշտական կամերային թատրոնում: Սկսած այդ ժամանակներից` Վարդանը առանձնացել է երաժշտախմբից` գրավելով հանդիսատեսի ու արվեստագետների ուշադրությունը:
 Համառ ջանքերի, ֆիզիկական, հոգեւոր ու նյութական ներդրումների արգասիքը եղել է Վարդանի առաջին հեղինակային, երաժշտական ծրագիրը` ՙԿրքերի շքերթը՚: Ծրագիրը ներառում է համաշխարհային դասական կոմպոզիտորների կատարումները:
 -Ծրագրի անվանումը պատահական չընտրվեց,- նշում է Վարդանը,- երաժշտական համարների շղթան այնպես էր ընտրված, կարծես լիներ հրաբուխ, կրքերի ու հույզերի քարավան:
 Վարդան Մարկոսյանը հիշում է, որ իր առաջին համերգը եղել է Կրասնոյարսկում` ՙԴերասանի տուն՚ թատրոնում:
 Վարդանի կյանքում տեղի ունեցավ մեծ հեղափոխություն, երբ ստեղծագործական ծրագրերի շրջանակներում հանդիպեց իր կյանքի ուղեկցուհուն` Նադեժդային: Նադեժդա Զախարչենկոն մասնագիտությամբ թատերագետ է եւ արվեստագետ: Հանդիպման առաջին օրվանից  Վարդանին եւ Նադեժդային միացրին ոչ միայն նույնանման գաղափարներն ու երաժշտական ընդհանուր մոտեցումները, աշխարհայացքը, մշակույթի ընկալումը, այլեւ այն համակրանքը, որն էլ հետո վերաճեց բուռն ու անբաժան սիրո:
  Մեծ բեմերը գրավելու առաջին օրվանից առ այսօր Վարդանը հանդես է եկել շուրջ 12 համերգային մեծ ծրագրերով: Իրենց հուզականությամբ, ջութակի զուլալ  ու հոգեհմա կատարումներով, մշակված ու հղկված երաժշտական համարներից առավել աչքի են ընկել <<Կրքերի շքերթը>>, <<Հաղթահանդեսի ժամանակը>>, <<Եվս մեկ անգամ սիրո մասին>>, <<Վիվալդիի ձմեռը>>ծրագրերը: Այս ծրագրերը ռուսական եւ եվրոպական մեծ բեմերից հնչել են ավելի քան երկու հազար անգամ:
 Վարդան Մարկոսյանի պրոդյուսեր, համերգային ծրագրերի տնօրեն Նադեժդա Զախարչենկոն երաժիշտի գործունեության մասին խոսելիս նշեց, որ համերգային ծրագրերը երբեք չեն կրկնվում, ամեն անգամ կատարելագործվում են, մշակվում, թարմացվում, համալրվում են նոր երաժշտական համարներով ու կատարումներով:
 -Վարդանի ներկայացրած երաժշտական համարներին, նորաձեւ կատարումներին բեմական կյանք հաղորդելու համար անհրաժեշտ էր ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլեւ ներդրումներ, ազնիվ գործընկերներ: Այդ ամենը մենք ձեռք բերեցինք աստիճանաբար: Միայն ջութակով ու հմուտ երաժիշտով մենք չէինք կարող ներկայանալ մեծ քաղաքների բեմերում: Հիմա արդեն, երբ մենք ունենք համբավ, ունենք փառք, երկրպագուների մեծ բանակ, այնուամենայնիվ, չենք կարող չհիշել  ունեցած դժվարություններն ու խոչընդոտներըՎարդանը առաջիններից էր, ով հանդես էր գալիս դասական երաժշտության նոր մոտեցմամբ ու մատուցմամբ,- անցածի էջերն է շուռումուռ տալիս Նադեժդան:
 Ամենաառաջին համերգային ծրագրի ժամանակ Կրասնոյարսկում Վարդանի համերգին վաճառվել է 1750 տոմս, որի թիվը տարիների ընթացքում բազմապատկվեց: Այնուհետեւ Վարդանը ճանաչվել է Կրասնոյարսկի համար մեկ ջութակահարը: Եվ նրա ուղին Կրասնոյարսկից դեպի Մոսկվա ուղեկցվեց օրհնանքներով ու բարի մաղթանքներով:
 Մի առիթով ռուս երաժշտական քննադատ  Բորիս Իֆումցեւը նշել է. <<Վարդան Մարկոս վիրտուոզ երաժիշտին կարելի է պիոներ անվանել: Նրա երաժշտական խիզախումները ոչ մեկին անտարբեր չեն թողնում: Նրա ելույթները ճանապարհորդություն են ժամանակի ու տարածության մեջ: Ահա դու Փարիզում ես, Էյֆելյան աշտարակն ես զգում, անցնում դեպի հեռավոր Իռլանդիա, եւ այս ամենը ապրում ու զգում ես Վարդանի համերգին` դահլիճում շլացած ու անէացած>>:
 Եվրոպացի կոմպոզիտորների բարձր գնահատականներին է արժանացել Վարդանը եւ նրանց հրավերով ուղեկցել օտարազգի ու հայտնի կոմպոզիտորներին համերգային շրջագայությունների ժամանակ, որոնք անցկացվել են Ռուսաստանի քաղաքներում եւ եվրոպական երկրներում:
 Երկարատեւ ու նպատակային աշխատանքը հարթեց Վարդանի այն ուղին, որը բերում էր դեպի մայրաքաղաքային մշակույթ, որտեղ էլ նա գրավեց իր ուրույն  տեղը:
  Վարդան Մարկոսյանի երաժշտական ճաշակի ձեւավորվման հարցում ներգործություն են ունեցել հայ եւ համաշխարհային երաժշտության  դասականները:
-Եթե արվեստագետը չի կապվում իր ակունքներին, իր ազգայինին, ապա նրա հիմքը խարխուլ է: Իսկ դասական երաժշտությունը շղթայված է ազգային երաժշտության հետ ու սնվում է հենց նրա ակունքներից: 
 Զարմանալի է, եվրոպական բեմերում ես ջութակի քնքուշ նոտաներով հնչեցնում եմ <<Կռունկը>>, նրանք չեն հասկանում, բայց երաժշտության բյուրեղյա բեկորները թափանցում են նրանց հոգին. նրանք արտասվում են, հուզվում փշաքաղվում,- ոչ պակաս հուզված նշում  է Վարդանը:
 Այստեղ է, որ եվրոպացին ու օտարը եւս մեկ անգամ ամրագրում են հայի ու հայ մշակույթի ազդեցիկ գոյության մասին:
 Վարդանի կատարումները հայոց լեռների պես իջնում ու բարձրանում են, առանց կտրատվելու, միայն մի տարբերությամբ, որ լեռների փոխարեն ջութակն է խոսում: Այնպես սահուն ու ճկուն է հմուտ երաժիշտի մատների տակ նվաղուն գործիքը նվագում Վիվալդի, հետո Կոմիտաս, աննկատ անցում կատարում Պագանինիին ու ակորդվում Արամ Խաչատրյանով…
 Վարդան Մարկոսյանը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից արժանացել է բազմաթիվ մեդալների ու կոչումների: Նրա խրախուսական պարգեւների, պատվոգրերի թիվն արդեն անհաշվելի է: Սակայն ամենակարեւորն ու նշանակալին Վարդանի համար ՌԴ կառավարության կողմից ստացած <<Ռուսաստանի պատվավոր քաղաքացի>> կոչումն է եւ ի հիշատակ ստացած ոսկյա ժամացույցը: Հայազգի ջութակահարը  ՌԴ կառավարության եւ հանդիսատեսի կողմից ստացել է իր արժանի գնահատականը:
 Վարդանի կինը պատմեց նաեւ, թե ինչու են Վարդան Մարկոսյանի ազգանունը ձեւափոխել Վարդան Մարկոս բեմական կեղծանվան: <<Ազգանունը անցաթուղթ էր, նոր ու սկզբնական քայլեր կատարելիս մեզ խոչընդոտում էր Յան վերջավորությունը: Թշնամիներն ու չկամները անում էին իրենց սեւ գործը: Բազմիցս օտարները փորձել են տապալել Վարդանի համերգները, բայց հասցրել ենք վերջին րոպեներին կանխել ու շտկել ստեղծված իրավիճակը… Վարդանը երբեք չի լռել ու միշտ ներկայացել է որպես հայ մարդ, հայ ժողովրդի զավակ: Վարդանի վերելքը խոչընդոտողների մեջ, ցավոք, հայեր էլ կային>>:
 Երբ Նադեժդա Զախարչենկոյից փորձեցինք ճշտել հայի ու հայ մշակույթի վերաբերյալ իր կարծիքը, նա խանդավառությամբ պատասխանեց.
 -Ես խոնարհվում եմ հայ մշակույթի առաջ, այն շատ բարձր գնահատական ունի: Երկար տարիներ ուսումնասիրելով  սլավոնական, կովկասյան ու հայկական մշակույթները, չեմ կարող չարձանագրել, որ հայ մշակույթը յուրօրինակ է իր ոճով: Հատուկ է իրենով: Ես բարձր եմ գնահատում հայկական հպարտությունը սեփական մշակույթի հանդեպ: Զարմանալիորեն հայերը արտաքին աշխարհում հիմնականում շփվում են հայերի հետ, պարփակված են եւ ցույց չեն տալիս իրենց յուրօրինակ ու գնահատելի մշակույթը մյուս ազգերին: Նույնիսկ կասեի, որ ռուսներն ավելի բարձր ու ավելի շատ են գնահատում հայկականը, քան` հայերը:  Մի ցավոտ կողմ կառանձնացնեմ, որ մրցակցության եւ ուծացման այս թեժ դարում հայերը, թե պետական մակարդակով, թե անհատապես քիչ են  խրախուսում իրենց ազգային արժեքներն ու մշակույթը: Ես համոզված եմ, որ հայը կդիմանա եւ չի ձուլվի օտարներին, քանի դեռ նա կպահպանի իր հոգեւոր ու մշակութային հզոր արժեքները եւ իր ուրույն դիմագիծը,-եզրափակեց իր գնահատականը ռուս արվեստագետը:
 2011 թվականին Մարկոսյանների ընտանիքը Ուֆա քաղաքի համերգից հետո արժանացել է <<Տարվա ընտանիք>> անվանակարգին ու գնահատականին: Հանդիսատեսի ու շրջապատի աչքից չի վրիպել ներդաշնակ զույգը: Նրանք փոխլրացնում են միմյանց, աջակցում ու գոտեպնդում իրար մշակույթի ու կյանքի տարբեր ոլորտներում:
 Գարնանային ու ամառային բուռն հյուրախաղերից հետո Վարդան Մարկոսյանը իր տիկնոջ հետ այցելեց Հայաստան, իր հայրենի տուն: Սեպտեմբերի կեսերից դարձյալ սկսվեցին Վարդանի հյուրախաղերն ու համերգները արդեն հարազատ դարձած Կրասնոդարի երկրամասում: Ինչպես ամենուր, այստեղ էլ երաժշտական կատարումներից հետո տեւում է կարճ լռություն, հմայված ու վերացած հանդիսատեսին ուշքի են բերում բուռն ծափահարություններն ու գնահատանքի խոսքերը:
 Հավատացած ենք, որ Վարդան Մարկոսյանի ջութակը կշարունակի գերել ու նվաճել աշխարհի մարդկանց իր բազմահմա հնչյուններով, որ նրա երգացանկում համաշխարհային երաժշտական արժեքների կողքին միշտ կհնչեն հայկական երգերը, որ հայաբույր ու նորովի մատուցված արվեստի փայլը երբեք չխամրի, իսկ հաջորդ շլացած մեծ դահլիճը կլինի իր հայրենիքում, որին անհամբեր սպասում է նաեւ Վարդանը:

Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More