1992 թվականի դեկտեմբերի 30: Նոր տարին էր մոտենում: Վահանցի տղաները հերթական անգամ բարձրացել էին սահման` անդորրը հսկելու: Դարանակալած թշնամին, իրավամբ, ծուղակ էր պատրաստել սահման բարձրացող տղաների համար: Բազում մարտերում թրծված տղաները հանկարծակիի եկան… Սկսվեց անհավասար մարտը: Վահանցի քաջերը կռվեցին մինչեւ վերջին փամփուշտը: Մահացու վիրավոր`նրանք խուճապի էին մատնել փախչող թուրքերին:
Ընկան նրանք` վահանցիներ Սասուն Սարիբեկյանը, Դավիթ Թորոսյանը, Սամվել Շուշանյանը, Համլետ Ապրեսյանը, Սասուն Դեմիրչյանը, Մամիկոն Զարգարյանը, արծվաշենցի Անդրանիկ Կիրակոսյանը, թթուջրեցի Սերյոժա Սարիբեկյանը, Վարդենիսի Արեգունի գյուղի բնակիչ Գոռ Հակոբյանը: Ընկան նրանք քաջի մահով, սակայն բարձունքը մնաց աննվաճ…
1992 թվականը Վահան գյուղի պատմության մեջ մաքառման, պայքարի, թանկ կորուստների ու նրանց կյանքի գնով նվաճած հաղթանակի տարի էր: Ապրողներս ձեռք բերեցինք արժանապատիվ ապրելու իրավունք, որը, այս էլ որերորդ անգամ, վաստակում ենք թանկ ու նվիրյալ կորուստների կյանքի գնով:
…Տարիներ են անցել: Ասում են` տարիների հետ փարատվում է վիշտը: Ասում են` մեր տղաների ու մեր օրերի պայքարի մասին ասքեր ու լեգենդներ են պատմվելու:
Իսկ մենք պարզապես եղանք ժամանակակիցը այն տղաների, ովքեր ապրում էին համեստ կյանքով, ովքեր ոտքի ելան վտանգված հող-հայրենիի կանչով: Ու հիմա անհնար է կերտել կամ պատկերել թռիչքն այն ոգեղեն, որով նրանք ելան ու առաջնորդ դարձան սերունդների համար… Իրենց կատարած սխրանքներով նրանք դարձան հայ ժողովրդի մի ժամանակահատվածի հերոսներ, իրենց շիրմաթմբերը` ուխտատեղի, ուր սերնդեսերունդ պիտի գան հայոց աշխարհի ճշմարիտ ժառանգորդները… Պիտի գան` երդվելու, փառաբանելու ու ստանալու նրանց թողած պատգամները:
Ազիզ Թորոսյան
գյուղ Վահան
0 comments:
Отправить комментарий