Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ներկայացուցիչներին: Ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզ են ժամանել Գեղարքունիքի մարզի եւ Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ կնքված առողջապահական եւ կրթամշակութային փոխհամագործակցության շրջանակներում: Ֆրանսիացիների գործունեության հիմնական առանցքը այս անգամ առողջապահական հիմնախնդիրների լուծումն է:
ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ Ֆրանսիական հասարակական կազմակերպության նախագահ Բերտրան Դեվիմյոն մարզի ղեկավարությանը եւ բուժհիմնարկությունների ղեկավարներին ներկայացրեց իրենց առաքելության հիմնական նպատակները:
- Համագործակցության նպատակն է՝ բարելավել բնակչությանն ուղղված սպասարկման որակը, ինչպես նաեւ լավացնել առողջապահական կենտրոնի պայմանները,- նշեց Բ. Դեվիմյոն:
Այս տարի, ըստ ֆրանսիական կողմի ներկայացուցիչների, նախատեսվում է բժշկական աջակցության ծրագրեր իրականացնել Գավառի պոլիկլինիկայում, Գավառի բժշկական կենտրոնում, Սեւանի հիվանդանոցում: Ինչպես նաեւ կուսումնասիրվեն Վարդենիսի եւ Ճամբարակի բուժհիմնարկները, որտեղ եւս ներդրումներ կարվեն: Մինչեւ օգոստոսի վերջ կավարտվի Սեւանի հիվանդանոցի վիրահատարանի վերանորոգումը: Կիրականացվի Գավառի պոլիկլինիկայի շենքի տանիքի, սանհանգույցի վերանորոգում, կփոխվեն պատուհանները: Կվերանորոգվի նաեւ Գավառի բժշկական կենտրոնի մի մասը:
Բոլոր ներդրումներն արվել են Գրենոբլի, Ռոմանի քաղաքների եւ Իզերի դեպարտամենտի ֆինանսական միջոցներով:
ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ ՀԿ մասնագետ Ժան Պոլ Մասնադանը տեղեկացրեց, որ կշարունակվի շտապ օգնության բժիշկների վերապատրաստման ծրագիրը, որում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի 5 շտապ օգնության անձնակազմերը: Նախատեսվում են այցեր կազմակերպել բոլոր շտապօգնության ծառայություններում: Այցերի ժամանակ կգնահատվի բուժհիմնարկների վիճակը, որի հիման վրա էլ կմշակվի հետագա ծրագիրը, եւ կառույցները կապահովվեն համապատասխան գույքով ու բժշկական սարքավորումներով:
Հանդիպման ավարտին համագործակցության պայմանագրեր կնքվեցին ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ ՀԿ-ի, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոնների կենտրոնի եւ Գավառի պոլիկլինիկայի միջեւ: Համաձայն պայմանագրերի` ֆրանսիական կողմը պարտավորվում է բարելավել բուժհիմնարկների ընդհանուր մակարդակը, կազմակերպել շենքային պայմանների բարելավում եւ բուժսարքավորումների վերազինում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий