ՀՀ Պետբյուջեի <<Կրթական օբյեկտների հիմնանորոգում>> ծախսային ծրագիրը Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար այս տարի հատկացրել է 34 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Բազալտշին>> արտադրական կոոպերատիվը:
Ինչպես հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը` դպրոցի հիմնանորոգման ծրագրի նախագծային արժեքը 480 միլիոն դրամ է: 2010 թվականին դպրոցի վերանորոգման համար հատկացվել է 20 միլիոն դրամ: ՙԿրթական օբյեկտների հիմնանորոգում՚ ծախսային ծրագրի շրջանակներում նախատեսված է դպրոցի շինարարության համար 2012 թվականին հատկացնել 20 միլիոն դրամ, 2013 թվականին` 70 միլիոն դրամ եւ 2014 թվականին` 100 միլիոն դրամ:
Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավար Լյովա Մարտիրոսյանի հավաստմամբ` կատարվել են դպրոցի այրված մասնաշենքի բետոնային ամրացման, կառույցի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ: Քանդվում են հին պատերն ու ամրանները, փոխարենը կառուցվում են նոր ու ամուր պատեր, ամրաններ, հենասյուներ: Կատարվում է շենքի հիմնական ամրացում: Ամրացումներն ու կառուցման աշխատանքներն արվում են մաս-մաս, որին հաջորդում է ամրացված ու նորակառույց հատվածի տանիքի փոխումը, ծածկի նորացումը: Եռահարկ շենքը ամրացվում է հիմքից, նախկին հարդածեփ պատերը քանդվել են, այժմ պատերը ներսից ամրացվում են ցանցերով: Տեղադրվել ու կառուցվել են նոր ու ամուր հենասյուներ, որոնց վրա էլ հենվում է կառույցի ծանրությունը: Նորոգվել է նաեւ դպրոցի սանհանգույցը, տեղադրվել են եվրոպական արտադրության նոր դռներ ու պատուհաններ: Ընդհանուր հաշվով ամրացվել, վերակառուցվել ու նորոգ տեսքի է բերվել 6 դասասենյակ, երեք միջանցք` 300 քառակուսի մետր մակերեսով: Կատարվել է դպրոցի հիմնանորոգման աշխատանքների 45 տոկոսը, դպրոցի վերջնական բարեկարգումն ու հիմնանորոգումը ավարտին կհասցվի հաջորդ տարիներում: Իսկ այս տարվա աշխատանքների ավարտը նախատեսված է մինչեւ սեպտեմբերի 10-ը:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий