ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 17 февраля 2012 г.

ԵՐԱՆՈՍՈՒՄ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄՆ Է



 Երանոս գյուղն ունի 6000 բնակիչ`  2123 ծխով: Նախորդ տարում Երանոսի գյուղապետարանի կողմից կատարված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Երանոսում  կա 1300 գործող տնտեսություն, իսկ 300 տնտեսություն  մշտապես բացակայում է համայնքից: 2011 թվականին Երանոսում գրանցվել է 70 ծնունդ եւ 45 մահ:
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է, անասնապահությունը եւ արտագնա աշխատանքը: Գյուղում պահվում է 1500 խոշոր եղջերավոր անասուն, որի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 200-ով: Մի մասնավոր տնտեսություն ձեռք է բերել 500 գլուխ ոչխար` գյուղում զարկ տալով ոչխարաբուծությանը: Երանոսի 1300 հեկտար մշակելի տարածքներից մշակվում է 300 հեկտարը` մշակելի վարելահողերի 30 տոկոսը: 300 հա մշակվող հողերի 30 տոկոսի վրա ցանվում է կարտոֆիլ, իսկ մնացած տարածքը զբաղեցնում են հացահատիկի եւ բազմամյա կերաբույսերի մշակահողերը:
 Ինչպես հայտնեց Երանոսի համայնքապետ Գագիկ Խանսանամյանը` Երանոսը տարեկան բյուջեի կատարողականը միշտ հասցնում է 100 եւ ավել տոկոսի:  2011 թվականի ամփոփ տարում  էլ տեղական եկամուտների հավաքագրումն արվել է 105 տոկոսով: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Երանոսի համայնքապետարանը հասցրել է  համայնքի բյուջե մուտքագրել 4 միլիոն դրամ, որը կազմում է Երանոսի այս տարվա նախատեսված բյուջեի 25 տոկոսը:  4 միլիոն դրամը հավաքագրվել է գույքահարկի եւ տեղական տուրքերի հաշվին:
2010 թվականից մեկնարկել է Երանոսի մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը: Շենքի հիմնանորոգման  համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 43 միլիոն դրամ, տեղական բյուջեից` շուրջ 20 միլիոն դրամ: Մշակույթի տան հիմնանորոգման փուլային ծրագրում նախորդ տարի Երանոսի բյուջեից տրամադրվել է 8 միլիոն դրամ: Հիմնանորոգվել է ձեղնահարկը, ապահովվել է ջրահեռացման համակարգը, ամբողջությամբ փոփոխվել են երկհարկանի շենքի պատուհանները:
 Երեք տարի շարունակ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ամենամյա 20 միլիոն դրամ հատկացումներով իրականացվում են դպրոցի բարեկարգման փուլային աշխատանքները: Դպրոցում կատարվել է ներքին հարդարում, եվրոպական արտադրության պատուհանների տեղադրում եւ այլն:
 Գյուղում գործում է նորակառույց բուժամբուլատորիան` ամբուլատորիայի վարիչ Վարդգես Չոլոյանի ղեկավարությամբ: Այստեղ բուժման կամ հետազոտության են գալիս նաեւ մեր մարզի ամենատարբեր բնակավայրերի բազմաթիվ մարդիկ:
Երանոսում գործում է մանկապարտեզ, որը նախատեսված է 90 երեխայի համար, ուր սակայն հաճախում են 120 երեխա: Մանկապարտեզը աշխատում է տարվա մեջ 10 ամիս` չգործելով միայն հունվար եւ փետրվար ամիսներին: Մանկապարտեզի բնականոն գործունեության համար նախորդ տարի համայնքապետարանը հատկացրել է 14 միլիոն դրամ: Մանկապարտեզի` 25 տարվա վաղեմության շենքն ունի լուրջ հիմնանորոգման կարիք: Համայնքային միջոցներով առայժմ կատարվել է ներքին հարդարում:
  Չնայած մշակույթի տան շենքի անմխիթար վիճակին, այնուամենայնիվ, մշակույթի տունն աշխատում է ակտիվ գրաֆիկով: Մշակույթի տանը գործում է կարատեի խմբակ` 40 սաներով, պարի խմբակ` 30 սաներով, երիտասարդների զբաղվածության կենտրոն, ուր երիտասարդներն իրենց ժամանցն են կազմակերպում շախմատ, նարդի եւ շաշկի խաղալով:
 Մշակույթի տանն է տեղակայված նաեւ գործող գրադարանը` շուրջ 20 հազար գրքերով:
  Համայնքի նախորդ տարվա բյուջեից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 4 միլիոն դրամ, որը հատկացվել է շուրջ 100 ընտանիքի:
 Երանոսում 2010 թ. ձեւավորվել է ՙԵրանոսի կոմունալ տնտեսություն՚ ՀՈԱԿ-ը, որի նպատակն է կազմակերպել համայնքի կանոնավոր աղբահանությունը, շուրջօրյա ջրամատակարարումը, ինչպես նաեւ վերացնել այն բոլոր խնդիրներն ու վթարները, որոնք կարող են ծագել ջրամատակարման եւ աղբահանության աշխատանքներում:
Կառույցի հետեւողական աշխատանքների արդյունքում շաբաթը երկու անգամ գյուղի վարչական տարածքում աղբահանություն է կատարվում: Նորաստեղծ  ՀՈԱԿ-ում տաս երանոսցի ապահովված են մշտական աշխատանքով: Կառույցի ֆինանսավորման համար համայնքի բյուջեից 2011 թվականին հատկացվել է 14 միլիոն դրամ:
Խմելու ջրատարի 30 կմ ներքին ցանցից շուրջ 40 տոկոսը վերանորոգվել է, ինչպես նաեւ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կազմակերպվել է  նոր թաղամասերի ջրագծերի անցկացում:
 Դեռեւս 2007 թվականից համայնքում անցկացվել է գիշերային լուսավորվածության ցանց 5 կիլոմետր երկարությամբ:
2011 թվականին Երանոսում տրվել է 8 անհատական ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ 3 շինարարական կատարողական ակտ:
Կազմվել է գյուղի գլխավոր հատակագիծը, որն այժմ ուղարկվել է փորձաքննության: Երանոսի գլխավոր հատակագծի համար տեղական բյուջեից հատկացվել է 8 միլիոն 700 հազար դրամ:
ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով  վերանորոգվել է 5 կմ երկարությամբ 3-րդ կարգի ոռոգման ջրանցք: Ջրանցքի գործարկումով ոռոգելի է դարձել 250 հա հողատարածք:
   Երանոսի համայնքապետ Գ. Խանսանամյանը գյուղի հիմնախնդիրների շարքում առաջնային է համարում  ճանապարհների վատթար վիճակը եւ ջրամատակարարման ապահովումը:
 Գյուղ մտնող կենտրոնական ճանապարհները, շուրջ 2.5 կմ երկարությամբ, ամբողջովին հիմնանորոգման կարիք ունեն:  Չնայած համայնքի միջոցներով համայնքապետարանն ամեն տարի կատարում է ճանապարհների հարթեցում ու փոսալցում, այնուամենայնիվ, այն խնդրի  վերջնական լուծում չի կարող լինել:
 Վատթար է նաեւ Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի վիճակը: Կառույցը շահագործման է հանձնվել 1980 թվականին, այնուհետեւ չի ենթարկվել ոչ մի բարեկարգման եւ հիմնանորոգման: Շենքը մասնակի վերանորոգվել է 2003-2004 թվականին: Գյուղապետը հույս ունի, որ դպրոցի հիմնահարցը կընդգրկվի ՀՀ պետբյուջեով իրականացվող բարեկարգումների ծրագրում:
 Չնայած որ Երանոսի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, այնուամենայնիվ Երանոսը չունի գյուղտեխնիկայի նորացված համալիր:
-Բավարարվում ենք եղած ու մաշված հին տեխնիկայով,- մեջբերում է գյուղապետը,- համայնքի միջոցները թույլ չեն տալիս` նոր գյուղտեխնիկա ձեռք բերել:
 Այս տարվա իրականացվելիք ծրագրերում նախատեսվում է պարսպապատել գյուղի գերեզմանոցը` շուրջ 3 կմ երկարությամբ: Ծրագիրը կկատարվի փուլային սկզբունքով:  Երանոսի նոր բաժանված տնամերձերը կապահովվեն կոմունիկացիաներով: Նախատեսվում է շահագործման հանձնել Երանոսի եկեղեցին, ուր օրեր առաջ տրվել է առաջին պատարագը` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդի:
 Կկազմակերպվի 4  տրանսֆորմատորային նոր ենթակայանների տեղադրում եւ գործարկում, որպեսզի գյուղում լիարժեք էլեկտրամատակարարում ապահովվի: Աշխատանքները կարվեն ՀՀ պետբյուջեի ֆինանսական հատկացումներով:
Գյուղատնտեսության զարգացման համար լուրջ խոչընդոտ է լճից դեպի գյուղ ջուր մղող պոմպակայանի անսարքությունը: Լիարժեք ջուր մղելու դեպքում պոմպակայանը կկարողանար ապահովել շուրջ 650 հա հողատարածքի ոռոգումը, բայց լճի մակարդակի բարձրացման հետեւանքով պոմպակայանի շենքը մնացել էր ջրի տակ: Պոմպակայանի մեխանիզմները բարձրացվել են շուրջ 1.5 մետրով եւ դժվարությամբ են աշխատում` ապահովելով կայանի ամբողջ հզորության 30 տոկոսը:
  Այս տարում ՀՀ պետբյուջեի 50 միլիոն դրամ հատկացումով կկատարվեն պոմպակայանի  բարձրացման աշխատանքներ: Սակայն Երանոսի պոմպակայանի գործարկումը ողջ հզորությամբ միշտ մնալու է օրախնդիր հարց, քանի դեռ ամբողջությամբ չի լուծվել նրա  վերջնական ապահովությունը ջրածածկման ենթակա գոտուց:
 Երանոսը մեր մարզի այն առաջնեկ գյուղերից է, որը միշտ իր զարգացումն ու կենսակերպը հիմնականում կապել է արտագնա աշխատանքի հետ: Անառարկելի է, որ Երանոսի զարգացումն ու շենացումն առաջին հերթին աղերսվել են հենց արտագնա աշխատանքի հետ: Սակայն այս դեպքում, թերեւս, այն է դրվատելին, որ պատվախնդիր երանոսցիներին միշտ էլ ձգել է իրենց հարազատ հողը, տունը, ընտանիքը, որոնց շենացման համար նրանք միշտ պրպտել ու ջանացել են: Եվ հիմա էլ նրանք, եկամտաբեր աշխատանք դրսերում փնտրելով հանդերձ, չպետք է մոռանան հայրենի եզերքը, իրենց գյուղը բարեկարգ ու հրապուրիչ դարձնելու հայրենանվեր գործը: Իսկ գյուղապետարանի առաջնահերթ խնդիրն է` Երանոսը դարձնել այնքան հրապուրիչ, այնքան բարեշեն ու ծաղկուն, որ մարդիկ կապվեն իրենց հող ու ջրին, հնամյա հայրենիքին, ավանդներին`միշտ շեն ու նորոգ պահելով  Հայաստանի ամուր համայնքներից մեկը` հանրահայտ Երանոսը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More