Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ քննարկվեց Գեղարքունիքի մարզի զինանշանի եւ հուշամեդալի էսքիզների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել էր չորս նկարիչների հեղինակած աշխատանքներ, որոնք եւ մանրակրկտորեն վերլուծվեցին քննարկման ընթացքում: Հանձնաժողովը հաղթող ճանաչեց գեղանկարիչ, Մարտունի քաղաքի բնակիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանի ներկայացրած էսքիզները, որոնք աչքի էին ընկնում առավել պարզ գծանկարչական լուծումներով ու հետաքրքիր մտահղացումներով:
Զինանշանի վրա պատկերված է Սեւանա լիճը եւ այն եզերող լեռնաշղթան՝ Սեւանի թերակղզու եւ Սեւանա լճի խորհրդանիշ հանդիսացող ճայի հետ միասին: Աջ եւ ձախ եզրերում պատկերված ցորենի հասկերը բնորոշում են մարզի երկրագործական նվաճումներն ու ձիրքերը, ներքեւի մասում պատկերված դասագիրքը՝ Գեղարքունիքի բնակչության ուսումնատենչությունը եւ գիտության ու կրթության բնագավառում արձանագրած հաջողությունները: Ավելի ներքեւ պատկերված Հայոց Եռագույնի հինգ ծալքերը խորհրդանշում են Գեղարքունիքի մարզի հինգ տարածաշրջանները: Զինանշանը լուսավորված է արեւի ճառագայթներով: Հուշամեդալի առաջին երեսին պատկերվում են Սեւանա լիճը եւ այն եզերող լեռնաշղթան՝ Սեւանի թերակղզու եւ ճայի հետ միասին, ցորենի հասկը, դասագիրքը եւ դափնեպսակը՝ որպես հաղթության եւ փառքի խորհրդանիշ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, մարզպետի հուշամեդալ մակագրությունները: Հուշամեդալի հաջորդ երեսին պատկերված է Գեղարքունքի մարզի քարտեզը՝ Գեղարքունքի մարզ եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, գրությամբ: Գեղարքունքի մարզպետ Նվեր Պողոսյանի որոշմամբ հաղթողին՝ Արամայիս Խլղաթյանին հատկացվել է հարյուր հազար դրամ առաջին կարգի մրցանակ, իսկ մյուս երեք մասնակիցներին՝ քսան հազարական դրամ խրախուսական մրցանակ:
0 comments:
Отправить комментарий