Ժայռապատկերային արվեստի փայլուն օրինակներ կան մեր հանրապետության լեռներում սփռված: Դրանք հարթ կամ հարթեցված քարաբեկորների ու ժայռերի մակերեսներին ստվերագծերով փորագրված պարզունակ, նաեւ բարդ խորհրդանշային պատկերներ են, որոնցում արտացոլված են հնամարդու կենսագործունեությունը, կենցաղը, նրա պատկերացումները բնության, բնական երեւույթների ու երկնային մարմինների մասին: Դրանցում կան նաեւ բուսական ու կենդանական աշխարհը արտացոլող պատկերներ:
Հանրապետության տարածքի մի շարք լեռներից՝ Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի, Արագածի /Արագածոտն/, հսկայական քանակի շուրջ 10 հազար ժայռապատկերներ են հայտնաբերել անվանի հնագետներ Հ.Ա. Մարտիրոսյանը Հ. Ռ. Իսրայելյանի հետ, Ս. Ա. Սարդարյանը, Գ. Հ. Կարախանյանը, Պ. Գ. Սաֆարյանը, իսկ Լոռու մարզի Նեղուց եւ Տավուշի մարզի Գոշավանք գյուղերի տարածքից ու այլ վայրերից՝ Վ. Վ. Ավետիսյանը:
Հարկ է նշել սակայն, որ ժայռապատկերային արվեստը դեռեւս ըստ ամենայնի ուսումնասիրված չէ: Հատկապես երկնային աղետի, երկնային մարմինների ու նրանց շարժումները խորհրդանշող պատկերների, դրանց հորինման ստույգ ժամանակների եւ գիտության սաղմերը բացահայտելուն շատ հարցերի ուսումնասիրությունները դեռ մնում են բաց: Թեեւ առանձին ժայռապատկերներում ակնհայտորեն կան գիտության սաղմերն արտացոլող մեր նախնիների ստեղծագործական հանճարի բացահայտման փորձեր:
Ցայտուն օրինակ կարող են հանդիսանալ Սիսիանի Զորաքարեր հուշարձանահամալիրում հայտնաբերված երկնային մարմինների շարժումների ուսումնասիրման գործիքները, որը բացահայտել է անվանի աստրոֆիզիկ, ակադեմիկոս Պարիս Հերունին: Դրանք նա անվանել է աստղադիտակներ, իսկ Զորաքարերի 7.5 հազար տարվա հնության հուշահամալիրը՝ աստղադիտարան՝ Քարահունջ անունով: Դա, ըստ Պ. Հերունու, աշխարհի ամենահին աստղադիտարանն է եւ Ստոուհենջից /Անգլիա/ հին է 4000 տարով:
Այլ հարցերի մեջ չծավալվելով՝ անդրադառնանք Վարդենիսի լեռների Աստղադիտարանին, որի վերաբերյալ, սկսած 1980-ական թվականներից, մեր կողմից մի շարք հաղորդումներ են եղել հեռուստատեսությամբ եւ մամուլում:
Իր հորինվածքային մանրամասնություններով եւ այնտեղ եղած տիեզերագիտական պատկերներով խիստ ուշագրավ են կենդանակերպի համաստեղությունները եւ երկնային այլ լուսատուներ խորհրդանշող ժայռապատկերների խմբերը: Դրանք գտնվում են Վարդենիսի լեռների արեւմտյան վերջավորության լեռնաբազուկներից մեկի վրա, որը Սեւ սար անունն է կրում եւ հայտնի է ՙԱստղադիտարան՚ խորհրդավոր անունով:
Աստղադիտարանի արեւելակողմյան ձորակում նկատելի են կլոր եւ քառանկյուն հատակագծերով բնակարանների /կացարանների/ փլվածքներ եւ դրանց շրջափակող պարիսպների մնացորդներ: Այն, հավանաբար, աստղագուշակների բնակատեղին է:
Աստղադիտարան կոչվող այս վայրի երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները դրոշմված են երկու մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արեւի ժամացույցն է, իսկ դրա շուրջբոլորը զետեղված են կենդանակերպի համաստեղությունների եւ երկնային այլ մարմինների խորհրդանշանային պատկերներ:
Հետաքրքրականն այն է, որ նշված պատկերներից ոչ հեռու, տարբեր ուղղությունների վրա կան նույն հավաքական պատկերների առանձին նմուշներ, որոնք ըստ էության ցույց են տալիս համաստեղությունների ուղղությունները:
Աստղադիտարան կոչվող այս վայրը, կարելի է ասել, եղել է գիտական կենտրոն: Այն գտնվում է Սպիտակագետի /Ագրիճա/ կամ Թմբուկայրի /Նաղարախան/ սարահարթի արեւելյան ծայրամասում, որի արեւմտյան վերջավորությունում՝ մեր կողմից անվանված Աղավնասարի վրա /հանքային ջրից ոչ հեռու/ կան մարդկանց եւ աղավնու, ձկների հսկա քանդակներ:
Ուշագրավ ընդհանրություններ են նկատվում հորինվածքային ժայռապատկերախմբերի եւ հայկական հնագույն տոմարի միջեւ:
Դեռեւս 19-րդ դարում եվրոպացի նշանավոր աստղագետներ Օլկոտը եւ Մաունդերն այն հիմնավոր եւ ընդունելի կարծիքն էին հայտնել, որ կենդանակերպի տասներկու համաստեղության ընկալումը եւ անվանումները կարող էին տալ միայն այն մարդիկ, ովքեր ապրել են 36-42 աստիճանների միջեւ, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում: Եվ, քանի որ կենդանակերպի համաստեղություններով է պայմանավորված արեգակնային տարին, 12 ամիսների բաժանելը կարծես թե նույն մարդկանց գաղափարն է:
Ահա այս առանձնահատկությամբ կարող ենք ասել, որ Աստղադիտարանի ժայռապատկերներ կերտողները եւ հայկական տոմար ստեղծողները նույն մարդիկ են: Որովհետեւ հայկական հնագույն տոմարում եւս տարին բաժանված է 12 ամիսների, 30-ական օրերով եւ 5 օր ունեցող մեկ ամիս, որը կոչվում է հավելյաց ամիս:
Երկրորդ ընդհանրությունը ժամերի բաժանումն է:
Արեգակնային ժամացույցի վրա օրը բաժանված է 12 մասի, որը նշում է ցերեկվա եւ գիշերվա ժամերը: Այսինքն՝ օրը ունեցել է 24 ժամ: Եվ, իրոք, 24 ժամ է օրը նաեւ ըստ հայկական հնագույն տոմարի , որոնք ունեն իրենց հայկական անվանումները:
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Վարդենիսի աստղադիտարան- ժայռապատկերում նշված են նաեւ տարվա չորս եղանակները, անգամ՝ րոպեները:
Ժամանակագրորեն եւս աստղադիտարանի ժայռապատկերները համաձայնում են հին հայկական տոմարին: Դատելով շրջակա ժայռապատկերներից եւ բնակատեղիի հնագիտական նյութերի մնացորդներից, դրանք վերաբերվում են մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին, որում դրվում է հայկական տոմարի ստեղծումը: Ըստ գրավոր աղբյուրների՝ հայկական տոմարը կապված է Հայկ նահապետի անվան հետ եւ սկիզբը համարվում է այն պահը, երբ Հայկյան նետից սպանվեց բռնակալ Բելը:
Ղեւոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվումներով այդ պահը մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ն է, այսինքն 3-րդ հազարամյակի /մ.թ.ա./ երկրորդ կեսի սկիզբը:
Վարշամ Ավետյան
հնագետ, պրոֆեսոր
0 comments:
Отправить комментарий