Հայտնի բարերար Հայրապետ Խաչատրյանը եղել է Նոր Բայազետի խոշոր վաճառական եւ հասարակական գործիչ: Նրան կարճահասակության պատճառով կոչել են ՙԿոլոտ՚: Հայրապետ Խաչատրյանը ապրել է 19-րդ դարի վերջերին եւ մեր դարի սկզբներին: Մասնակցել է Նոր Բայազետ քաղաքի վերաշինմանը: Նրա կառուցած շենքերն այսօր էլ ժողովրդի հիշողության մեջ կոչվում են իր անունով՝ Կոլոտի դպրոց, Կոլոտի հիվանդանոց, Կոլոտի ջրմուղ...

Բարերարը մահացել է 1915- թվականին, Նոր Բայազետում: Թաղվել է հայրենի քաղաքի գերեզմանատանը: Նրա տապանաքարը, տարիներ շարունակ մոռացության ու անտարբերության մատնված, քայքայվել էր, պատվել մամուռով, իսկ գրերն անընթեռնելի էին դարձել: Բարեբախտաբար, դեռ անաղուհաց մեր ժամանակներում գտնվեց մեկը, ով անտարբեր չանցավ անվանի բարերարի խամրած ու մոռացված գերեզմանաքարի կողքով: Այդ մարդը նորատուսցի քանդակագործ, մանկավարժ Ռաֆիկ Ասոյանն է: Նա հեռվից նկատեց կանաչով պատված ու մամռակալած գերեզմանաքարը: Մոտեցավ, ձեռքով մաքրեց այն խոտերից: Միաժամանակ տեսավ, որ այդ քարի կողքին կա նաեւ մեկ այլ գերեզմանաքար: Մաքրեց եւ այդ քարը ու պարզեց, որ երկրորդ քարը Կոլոտի կնոջ շիրմաքարն է: Ասոյանն արդեն գիտեր իր անելիքը: Նա հստակ որոշեց, որ վաղը եւեթ անցնելու է գործի:
Վարպետ Ռաֆիկն անշահախնդրորեն, հոգու եւ սրտի թելադրանքով, պարտքի գիտակցումով գործի դրեց իր ամենակարող ձեռքերն ու գործիքները՝ անվանի մարդու եւ իր կնոջ անունները նորից դարերի եւ սերունդների հիշատակությանը պահ տալու համար: Եվ հիմա արդեն Կոլոտ ու իր կնոջ շիրմաքարերը մաքրված են խոտերից ու մամուռներից, անընթեռնելի գրերը՝ վերականգնված: Երախտապարտ ժողովրդին մնում է գալ ու խնկարկել անուն ու պատիվ թողած մարդու հիշատակին, համարելով, որ ինքն է Կոլոտի գործի կրողն ու շարունակողը, նրա անունը հավերժացնողը: Հետո ինչ, որ դաժան ճակատագրի բերումով Կոլոտի սերունդն անդարձ հեռացավ Գավառից:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий