ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 5 сентября 2011 г.

ՄԵԾ ՄԱՍՐԻԿ. ՀՈՂԸ ՋՐՈՎ Է ԴԱՌՆՈՒՄ ԾԱՂԿՈՒՆ


 Բարեբեր դաշտեր ու հողեր շատ ունի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը, որոնց կողքերով  քչքչում ու հոսում են գետեր եւ առուներ: Դրանք դարերի ընթացքում հնարավորինս ծառայել են գյուղի բնակիչներին` շեն պահելով հայոց աշխարհի մի անկյունը: Սակայն եղել են եւ ժամանակներ, երբ ավերող թշնամիներն ու ձեռքերը քանդել են առուներն ու աղբյուրները, մարդկանց զրկել հանապազօրյա հացից ու ջրից: Բայց նրանց հեռանալուց հետո կրկին հայ շինականը ձեռքն է առել բահն ու մուրճը, փորել նոր առուներ, կառուցել նոր աղբյուրներ ու ջուր բերել գյուղ, որ հողն առատ ջրով ծաղկուն դառնա: 
 Մեր կյանքում էլ եղավ մի շրջան, երբ մեր շատ բնակավայրերում ու Մեծ Մասրիկում քանդվեցին ու թալանվեցին հազարավոր հեկտարների հասնող բերրի հողատարածքների վրա ձգվող ոռոգման համակարգեր, դժվարացավ ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի մատակարարումը զանազան պատճառներով: Տարիներ, անգամ տասնամյակներ մեզ անհրաժեշտ եղան` եղածը մասամբ կամ ամբողջությամբ վերականգնելու կամ ջրամատակարարման նոր համակարգեր կառուցելու համար: 
 Մեծ Մասրիկում վերջին տարներին թափ առած եւ շարունակվող ջրաշինարարությունն ուղղակիորեն բարի նախանձ ու խանդավառություն է առաջացնում: Տարեցտարի եւ փուլառփուլ այստեղ բարելավվում են ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման բոլոր հարցերը համայնքի ղեկավարի, աշխատակազմի եւ ավագանու հետեւողական ջանքերի շնորհիվ:  Կենսական կարեւոր նշանակության ծրագրերի իրականացման մեջ նրանք նախապատվությունը տվել են ջրամատակարարման ուղղությանը եւ կարճ ժամանակի ընթացքում հասել նկատելի հաջողությունների: Բավական է նշել, որ գյուղի 15 կիլոմետր խմելու ջրատարի ընդհանուր ներքին ցանցից տեղական բյուջեի կամ այլ դոնորների կողմից կատարված ներդրումների հաշվին վերջին երեք տարիների ընթացքում արդեն նորոգվել է 12.5 կիլոմետրը, եւ այժմ ձեռնարկվում են նոր քայլեր` ներքին ցանցի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտելու համար: Իսկ այս օրերին  Մեծ Մասրիկում ավարտին են մոտենում երրորդ կարգի ոռոգման ջրանցքի կառուցման աշխատանքները: Ինչպես  տեղեկացրեց Մեծ Մասրիկի գյուղապետ Միշա Խլոյանը` <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի շրջանակներում կառուցվող ջրանցքի երկարությունը կազմում է 1280 մետր եւ 40 լիտր վայրկյան հզորություն: Այն սկիզբ է առնում Մասրիկ գետից եւ տարածվում գյուղի թաղամասերով` ոռոգելի դարձնելով ինչպես տնամերձ հողամասերը, այնպես էլ սեփականաշնորհված վարելահողերը: Այս ծրագրից օգտվելու հնարավորություն է ստանում Մեծ Մասրիկի ավելի քան 100 հողատեր ընտանիք: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտ ամսից եւ ավարտին կհասցվեն օգոստոսի 15-ին: Շինարարական աշխատանքներում ներգրավվել են մեծ մասրիկցի երեք վարպետներ եւ ինը բանվորներ: Վարպետների օրավարձը կազմել է ութ, բանվորներին` չորս հազար դրամ: Ծրագրի իրականացման համար ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի գրասենյակի կողմից ներդրվել է 18, Մեծ Մասրիկի գյուղապետարանի կողմից` 3 միլիոն դրամ: 
Մեծ Մասրիկում արդեն մեկնարկել է ջրաշինարարական մեկ այլ ծրագիր. կառուցվում է Շատջրեք-Մասրիկ 2 կիլոմետր երկարության խմելու ջրի ջրատարը պոլիէթիլենային 160 միլիմետրանոց խողովակներով: Նոր ջրատարը միանալու է երկու տարի առաջ մեկ այլ ծրագրով կառուցված Շատջրեք-Մեծ Մասրիկ խմելու ջրատարի 7 կիլոմետր երկարության խողովակաշարին, որով եւ գյուղի խմելու ջրի պաշարները համալրվելու են եւս 20 լիտր վայրկյան հզորությամբ: Ջրատարի վրա կառուցվելու է նաեւ ջրընդունիչ կայան: Ծրագրի արժեքը կազմում է 23 միլիոն 200 հազար դրամ, որից 22 միլիոնը ներդնում է ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության Վարդենիսի գրասենյակը, 1 միլիոն 200 հազարը` Մեծ Մասրիկի գյուղապետարանը: Ծրագրի  ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 15-ին:Ջրատարի կառուցման արդյունքում գյուղում բացվել է ժամանակավոր 10 աշխատատեղ: Գյուղապետարանի ենթակայությամբ ստեղծվել է համապատասխան ձեռնարկություն, որը զբաղվում է խմելու ջրի համակարգի մատակարարման, սպասարկման եւ շահագործման խնդիրներով: Այսօրվա դրությամբ ջրաչափիչներից արդեն օգտվում է 320 ընտանիք, որոնց այս տարվա ընթացքում միանալու են մնացած 350 ընտանիքները: Արվում է հնարավորը, որպեսզի գյուղի բոլոր ընտանիքները շուրջօրյա եւ անխափան ու որակյալ ջրամատակարարում ունենան: Մեկ շնչի հաշվով անվճար կմատակարարվի մինչեւ 250 լիտր ջուր: Իսկ ավել ծախսված ջրի դիմաց կատարվող գանձումներն ուղղվելու են համակարգի պահպանմանը եւ շահագործմանը: 
Ջրաշինարարական աշխատանքներին զուգահեռ` Մեծ Մասրիկում հիմնանորոգվում են նախակրթարանը եւ տարրական դպրոցի շենքը: Նախակրթարանը, որը բացվելու է գյուղի տարրական դպրոցի շենքի մի հատվածում, նորոգվում եւ կահավորվում է ՀՀ կրթության նախարարության եւ Մեծ Մասրիկի գյուղապետարանի համատեղ ներդրմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17.5 հազար ԱՄՆ դոլար: Նախակրթարանը լրիվ նորոգ եւ կահավորված վիճակում շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերի 15-ին, ուր կհաճախեն 5-6 տարեկան 80 երեխա: Իսկ գյուղի տարրական դպրոցի հիմնանորոգումն ընթանում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 7 միլիոն դրամի հաշվին: Հիմնանորոգումը նախատեսված է ավարտել նոր ուսումնական տարվա սկզբին:
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գյուղում սկսվել եւ արագ թափով ընթանում են բերքահավաքի աշխատանքները: Եղած գյուղտեխնիկական միջոցները, որ ժամանակին լավ են պահպանվել այստեղ, բավարար են ոչ միայն մեծ մասրիկցի երկրագործներին, այլ նաեւ շրջակա համայնքների բնակիչներին օժանդակելու համար: Համայնքի ղեկավարի հավաստմամբ` այս տարի Մեծ Մասրիկում կատարված 1700 հեկտար հացահատիկի արտերից կհավաքվի մինչեւ 3500 տոննա հացահատիկ, մինչեւ 4000 տոննա անասնակեր: Սպասվում է նաեւ բանջարբոստանային մշակաբույսերի` կարտոֆիլի եւ կաղամբի լավ բերք, քանի որ դրանք ոռոգվել են ժամանակին: Խոշոր եղջերավորների գլխաքանակն այս տարի ավելացել է 80-ով: Գյուղում օրական արտադրվում է 6-7 տոննա կաթ, որը տեղում մթերվում է 110-120 դրամով: Ստեղծվում են բոլոր հիմքերն ու պայմանները, որպեսզի երկրագործական եւ անասնապահական  հիանալի ռեսուրսներ եւ ավանդներ ունեցող գյուղում մարդիկ գյուղատնտեսությամբ զարգանալու եւ բարեկեցության հասնելու հնարավորություններ ունենան, կապվեն իրենց հող ու ջրին` բախտ ու բարեկեցություն չփնտրելով օտար եզերքներում: Միշա Խլոյանի հավաստմամբ` իրենց գյուղից բնակչության արտահոսք գրեթե չկա, մարդիկ հիմնականում աշխատում են կամ իրենց տնտեսություններում կամ զբաղված են հանրային ծառայության  ու սպասարկման տարբեր ոլորտներում: ԽՍՀՄ տարիներին էլ Մեծ Մասրիկում չեն եղել արտադրական ձեռնարկություններ, արտագնա աշխատանքի մեկնողների նկատելի քանակություն, եւ արտադրության գլխավոր միջոցը եղել է հողը, որին այսօր պետք է ավելի ստեղծագործաբար, հավատով ու եռանդով մոտենալ: Դրա համար տեղական իշխանությանը մնում է կյանքի կոչել կենսական նշանակության այնպիսի ծրագրեր, որոնք Մեծ Մասրիկը դարձնեն ավելի հրապուրիչ, ավելի ձգող, ավելի ծաղկուն ու գեղեցիկ` իր զարգացած ենթակառուցվածքներով: 
 Մեծ Մասրիկի գյուղապետարանի ծրագրերում արդեն նախանշված են հերթական անելիքները` գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակում, Մեծ Մասրիկի ջրանցքի 5 կիլոմետր երկարության ցանցի վերակառուցում, միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան եւ գյուղապետարանի շենքերի, ինպես նաեւ 12.8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում: Այս ծրագրերի իրականացման համար լուրջ միջոցներ ու տարիներ են հարկավոր, սակայն համայնքի ղեկավարը վստահաբար ասում է, որ լավ եւ նպատակամղված աշխատանքի դեպքում Մեծ Մասրիկը կարող է դառնալ մեր մարզի ծաղկուն ու շեն համայնքներից մեկը: Սպասելիքները մեծ են հատկապես ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրից՚, որով նախատեսվում է ջրարբիացնել գյուղի արոտները եւ խոտհարքերը, հիմնանորոգել դաշտամիջյան ճանապարհները, էլեկտրաֆիկացնել յայլաղատեղերը, ստեղծել կաթի մթերման եւ վերամշակման կետեր, որով եւ զարկ կտրվի  անասնապահության զարգացմանը:
 Մեծ Մասրիկում այս տարի անհատ ձեռներեցների կողմից ներդրվել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչի շրջանակներում բացվել է գազալիցքավորման կայան եւ սննդի սպասարկման կետեր, ուր եւ ստեղծվել է մոտ 15 հիմնական աշխատատեղ: 
 Վերջերս <<Ա. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Գեղարքունիքի մասնաճյուղի>> կողմից անցկացված ՏԻՄ  գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ Մեծ Մասրիկի գյուղապետարանում գործավարությունն իրականացվում է համակարգված, փաստաթղթաշրջանառությունը կանոնավոր է, ավագանու անդամների հետ առկա է համագործակցված աշխատանք, ժամանակին փորձաքննության են ուղարկվում ընդունված նորմատիվ իրավական ակտերը, համայնքապետարանն աշխատում է հրապարակային եւ թափանցիկ:
  Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում այստեղ ծնվել է 22 երեխա: Համայնքի ղեկավարի կողմից բնակչությանը տրվել է ճարտարապետահատակագծային երեք առաջադրանք:    
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More