ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 10 августа 2011 г.

ՍԱՐՈՒԽԱՆԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ 55 ՏԱՐԵԿԱՆ է


 Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գտնվում է գյուղի գլխավոր  ճանապարհի եզրին, Սրբահան թաղամասի կենտրոնում: 
 2010-2011 ուսումնական տարին հոբելյանական է  Արցախյան ազատամարտում զոհված Մանվել Խոստեղյանի անունը կրող Սարուխանի  թիվ 2 միջնակարգ դպրոցի համար, քանի որ  լրանում է կրթօջախի հիմնադրման 55 տարին: 
 1950-60-ական թվականները բնորոշ էին մեր կյանքում տեղի ունեցող խաղաղ ու ստեղծագործ աշխատանքներով: Նույնը վերաբերում է մշակութային եւ կրթական օջախների զարգացմանը: Սարուխանը, որը հանրապետության խոշոր գյուղերից էր, այն ժամանակ ուներ մեկ միջնակարգ դպրոց` շուրջ 1450 աշակերտներով: Դպրոցում պարապմունքները տարվում էին երկհերթ համակարգով, որը չէր բավարարում սովորողների թվաքանակի շեշտակի ավելացման      պայմաններում: Գյուղի Սրբահան թաղամասի երեխաների համար մեծ դժվարություն էր ներկայացնում 2- 2.5  կմ հեռավորությամբ գտնվող  դպրոց հաճախելը: Հրատապ խնդիր էր դարձել երկրորդ դպրոցի հիմնադրումը գյուղում, որին եւ  ձեռնամուխ եղավ կրթության մեծ երախտավոր, այն ժամանակ դեռեւս միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատող Հրանտ Հակոբյանը: Եվ ահա ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության 1956 թ. հուլիսի 27-ի N 319 որոշմամբ գյուղի Սրբահան թաղամասում թույլատրվեց բացել յոթնամյա դպրոց: Դպրոցի կազմավորման աշխատանքները կատարվեցին  շատ արագ: Նույն տարվա օգոստոսի 30-ին նշանակվեցին դպրոցի ղեկավարներն ու ուսուցիչները, եւ այդ օրվանից սկսվեց դպրոցի կենսագրությունը: Նոր դպրոցի տնօրեն  նշանակվեց  վաստակավոր ուսուցիչ Կարո Մանուկյանը: Նորաստեղծ դպրոցի 301 աշակերտները ընդգրկվեցին 10 դասարաններում: Դպրոցն ուներ 14 ուսուցիչ, որոնցից երկուսը` բարձրագույն կրթությամբ: Պարապմունքները կազմակերպվում էին միջնակարգ դպրոցի 4 դասասենյակներում (5-7-րդ դաս.) եւ անհատական 4 բնակարաններում (1-4-րդ դաս.): Նորանշանակ տնօրենը ուսուցիչների հետ միասին գյուղի կազմակերպությունների ու շրջժողկրթության բաժնի օգնությամբ կարողացավ երկու օրում կատարել նախապատրաստական շատ աշխատանքներ: Ամենից առաջ հաշվառվեցին Սրբահան թաղամասում ապրող դպրոցահասակ երեխաները, ապա կատարվեց աշակերտների խմբավորում: Կատարվեց դասաբաշխում, ծրագրերի պլանավորում, դասամատյանների կազմում, դասասենյակների կահավորում: Միջնակարգ դպրոցի տրամադրած սեղան-նստարաններն ու մյուս գույքը, ուսումնական պիտույքները տեղափոխվեց Սրբահան թաղամաս` նույն օրը վարձած դասասենյակներ:
 Սեպտեմբերի 1-ին սկսվեցին դպրոցական պարապմունքները: 5-7-րդ դասարանների դասերը տարվեց միջնակարգ դպրոցի շենքում,  իսկ մնացած 7 դասարանները տեղափոխվեցին թաղամասի տարբեր կետերում վարձված սենյակներում, որոնք փոքր էին ու անհարմար: Եղան նաեւ ուրիշ շատ դժվարություններ, որոնք հաղթահարվեցին դպրոցի կոլեկտիվի միասնական աշխատանքով:
 Յոթնամյա, ապա ութնամյա դպրոցն այս վիճակով, իհարկե որոշ փոփոխություններով, աշխատեց նաեւ հաջորդ չորս տարիներին:
 Չնայած անբավարար պայմաններին եւ դժվարություններին՝  նոր դպրոցը կարողացավ Սրբահանում մեծ չափով կրճատել դասերից ուշացող ու բացակայող աշակերտների թիվը, պակասեցին մաղումները, որոշ չափով բարձրացավ ուսման որակը եւ կրճատվեց երկտարեցիների  թիվը: 
 1958 թվականի սեպտեմբերին  ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք ՙԿյանքի հետ դպրոցի կապը ամրապնդելու եւ երկրում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման՚ վերաբերյալ: Այդ օրենքը հաստատեց ժողովրդական կրթության զարգացման նոր հիմունքներ եւ ուղիներ:
  1959 թ. սահմանվեց պարտադիր ութնամյա ուսուցում, իսկ լրիվ միջնակարգ դպրոցում ուսման տեւողությունը  դարձավ 11 տարի:
 Դպրոցի մասին նոր օրենքի ընդունումից հետո Սարուխանի դպրոցներում շարունակվեց աշխատանքը տեխնիկական  կրթության զարգացման ուղղությամբ: Ձեռք բերվեցին արհեստանոցների նոր սարքավորումներ:
  1958 թ. Կամոյի շրջխորհուրդը միջոցներ է հատկացնում նորասեղծ դպրոցի շենքի կառուցման համար, որն ավարտվում է 1960 թվականին: Սրբահան թաղամասում կառուցված դպրոցի տուֆակերտ երկհարկանի շենքը համարվում էր տիպային, որը տաքացվում էր կենտրոնական ջեռուցմամբ, ուներ կաթսայատուն, ընդարձակ դասասենյակներ,  մարզադահլիճ, ակտիվի դահլիճ, արհեստանոց, գրադարան, լաբորատորիաներ եւ այլն: Այն հիանալի հարմարություններ ունեցող առաջին շենքն էր Կամոյի շրջանում:
 Շենքի ներսում կատարվեց որոշ փոփոխություններ, որով դասասենյակների թիվը 10-ից հասցվեց 17-ի, եւ հնարավոր եղավ  անցնել միահերթ պարապմունքների: Դահլիճում կառուցվեց  բեմահարթակ: Գյուղի մասշտաբով շատ միջոցառումներ նույնպես անցկացվում են այս դահլիճում: 
 Չնայած դպրոցի բակ-հրապարակը փոքր էր, բայց այն լավ ձեւավորվեց ու կահավորվեց մարմնամարզական սարքերով, իսկ եզրերը պատվեցին ծառերով ու ծաղիկներով:
 1961-1962 ուսումնական տարում դպրոցի 16 դասարաններում սովորել են շուրջ 450 աշակերտ, որոնց կրթության եւ դաստիարակության հարցերով զբաղվել են 21 ուսուցիչ:

 Հասմիկ Գրիգորյան
/ շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More