Գեղարքունիքի մարզի համայնքներում ամփոփվել են անասնագլխաքանակի հաշվառման 2011 թվականի ընդհանուր եւ նախնական արդյունքները: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` այս տարվա հունվարի մեկի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 100 հազար 4 հարյուր խոշոր եղջերավոր, որից 52 հազարը` կովեր, 91 հազար 7 հարյուր ոչխար եւ այծ, 8 հազար գլուխ խոզ եւ 256 հազար թեւ թռչուն: Նախորդ տարվա համեմատ խոշորի գլխաքանակն ավելացել է 4520, ոչխարների եւ այծերի գլխաքանակը` 878 գլխով, ընտանի թռչունների քանակը` 37 հազար թեւով: 129 գլխով ավելացել է նաեւ կովերի քանակը: Իսկ ահա անկում է արձանագրել խոզաբուծությունը` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ պակասելով 541 գլխով: Առավել նկատելի անասնագլխաքանակ, խոշորի եւ մանրի առումով, պահվում է Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային համայնքներում, Սեւանի տարածքի գյուղերում եւ Վարդենիկում ու Մեծ Մասրիկում: Ինչպես մարզի ղեկավարությունը, այնպես էլ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունը քանիցս հորդորել են համայնքների ղեկավարներին` ասնագլխաքանակի հաշվառումն առանց թաքցնելու ներկայացնելու համար, քանի որ անասնաբուժական միջոցառումների կազմակերպումը հիմնականում իրականացվում է պետպատվերի շրջանակներում` ներկայացված անասնագլխաքանակին համապատասխան պատվաստանյութեր անասնաբույժներին տրամադրելով:
0 comments:
Отправить комментарий