ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ` ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Մարգարիտ տատն արդեն բոլորել է իր կյանքի 94 տարին: Աչքերի լույսը գրեթե խամրել է, դեմքն ու մարմինը` փոքրացել-ցամաքել, ձեռք ու ոտքից ընկել, սակայն դեռ տոկում է կյանքի եւ ճակատագրի անհասկանալի ակնթարթներում, փորձում կառչել իր կորած տարիներին, կորած զավակների հոգիներին, կորած ամուսնու պատկերին, մեկ անգամ էլ վերադառնալ դեպի երիտասարդություն ու ընտանեկան երանավետ անդորր, երբ ինքն իր ամուսնու եւ զավակների հետ Ներքին Գետաշենի իրենց հողաշեն տանը խաղաղ աշխատանքով մի կտոր հաց էր ստեղծում, տունուտեղ դնում: Անցել են սակայն անգութ հողմերի պես այդ դժոխային ժամանակները` թողնելով ավեր ու տառապանք ոչ միայն մեր երկրի շեներով մեկ, այլ նաեւ բազմաչարչար այս կնոջ հոգու մի անկյունում: Տեսնես քանի~ անգամ ու քանի~ հոգու Մարգարիտ տատը մղկտոցով պատմած կլինի իր ու սիրասուն զավակների աքսորի եղերական պատմությունը, որը մինչ հիմա, սկսած հեռավոր 1942 թվականից, դեռ չի տրվել թղթին… Պատմել է Մարգարիտ Քեֆոյանը` 1917 թվականին Ներքին Գետաշենում ծնված ու հասակ առած, բռնադատման գեհենի միջով անցած Մարգարիտը եւ ծովացրել իր արցունքները: Այդ պատմությունը լսելուց հետո ամեն բանական մարդ մեկ անգամ եւս պետք է իր հոգու խորքում մեկ անգամ էլ փորձի քննել Մոր առեղծվածային կերպարը, նրա տիեզերական հոգին, տոկուն սիրտը եւ սարսռա այն մտքից, որ մայրական վիշտը ոչ թաղվում է, ոչ` մոռացվում, ոչ` սպիանում… Այն միշտ մրմռում է բաց վերքի պես, ցավ տալիս տարիների հեռուներից, դառնում տխուր ասք ու վեպ` բանավոր, թե գրավոր:
1941 թվականի հուլիսին շատ երիտասարդ այրերի հետ Սովետական բանակ է մեկնում նաեւ Մարգարիտ Քեֆոյանի ամուսին Տիգրան Բարսեղյանը` տանը թողնելով իր երիտասարդ  կնոջն ու երեք մանկահասակ որդիներին` Սերյոժային, Գուրգենին եւ նորածին Խորենին: Ամուսիններ ու աշխատող ձեռքեր կորցրած շատ կանանց պես Մարգարիտն էլ ուսերին է առնում զավակներին պահելու եւ կերակրելու տառապալից, ոչ հասարակ ու սովորական հոգսը: Սակայն այդ տառապալից աշխատանքը եւ հոգսաշատ ժամանակը շատ շուտով երանություն են դառնում մարդկային մտքով ու ձեռքով հորինված այն գազանաբարո եւ եղերական ճամփորդության դեմ, որի անունը սոցիալիստական գաղափարախոսության մեջ եւ ԽՍՀՄ ղեկավարության գաղափարաբանության մեջ ընդամենը կոչվում էր ԱՔՍՈՐ, որով դատապարտում էին սոցիալիզմին թշնամի կամ ոչ հավատարիմ տարրերին…
-Ընձի կանչին մեր գեղի գրասենյակ,- հիշում է Մարգարիտը,-1942 թվականի սեպտեմբերի 26-ի օրն էր: Տենամ, ընձի հըմալ ա կիչկեն, ինչօր հըմընի դուշման էղիմ: Միլիցաներու խեդ ընձի տարան: Ըսին, օր քու ամուսին դավաճան ա, մատնիչ ա, քու ճժեր վերցա, հետդ հաց էլ վերցա, ջուլ էլ վերցա, հմալ տեղ պըդի քեզի տանենք, օր էլ էս աշխար յետ գալ չեղի: Իրեք միլիցա ընձի բերին տուն, վեշ-մեշ կապեցի, ձուկ, հաց, պանիր առա, Խորենին առա գիրկս, լացի ու հելա ավտոն: Ինչօր էդ անտեր աշխար իմ մատղաշ ճժերուն թշնամի էղեր: Իմ իրեք տարեկան Գուրգեն ինչ անուշ ու նխշուն տղա էր: Տեսավ, օր ձենով լացի, իմ արցունքներ օր տեսավ, ըսեց.
-Մամա ջան, մի լաց, էլ ես պապայի տեղաշորի մեջ չիշիկ չենեմ:
Մի քանի օր Մարգարիտին ու նրա անմեղ մանուկներին, իբրեւ դավաճանի կնոջ ու զավակների, պահում են Երեւանի բանտում: Երբ նրան տանում են քննության, նրա մեջ հույս է արթնանում, թե գուցե կպարզվի թյուրիմացությունը, եւ իրեն ու զավակներին կազատեն այդ ամոթալի բանտարկությունից, ցրտից, քաղցից, տառապանքից ու անորոշ վիճակից: Քննիչի հարցերը, սակայն, լինում են շատ չոր ու կարճ, որից հետո Մարգարիտն իր մի քանի բախտակից կանանց ու երեխաների հետ տեղափոխվում է Բաքվի բանտ: Նա արդեն կորցնում է օրերի հաշիվն այնքան, որ այդպես էլ չի կարողանում հիշել, թե քանի օր կամ շաբաթ ու ամիս է մնացել Բաքվի բանտում: Իսկ ահա քաղցը, քաղցած երեխաների լացը, տանջանքն ու ստորացումները ժամանակների հեռվից էլ չի մոռացել: Թուրք բանտապետի դաժան հայացքը, ժամապահների անմարդկային վերաբերմունքը, ֆիզիկական ծանր աշխատանքի պարտադրանքը կատարվել է այն դեպքում, երբ տառապյալ մայրը պիտի հոգալ կարողանար նաեւ իր երեք մանուկներին, որից մեկը` դեռ գրկի մեջ: Ապա Մարգարիտին ու իր բախտակիցներին տանում են Բաքվի նավահանգիստ ու բարձրացնում նավ.
-Մեզի տարան-տարան, հանեցին նավի ջանդակներու մեջ: Հիրար վրա մեռելներ լցուկ ին, աստղերուն թիվ ու հաշիվ կար, էդ մեռուկներուն թիվ ու հաշիվ չկար: Նավն օր հասավ ծովու մեջ, էդ ջանդկներ վերցեցին ու լցին ծովու մեջ: Հետո նավի մեջ աքսորական մէ կնկա ճիժ, հիվանդ էր կամ անոթի, մեռավ: Էդ տիրաթաղուկ սալդաթ վերցեց էդ էրեխին ու թալեց ծով: Խեղճ մերն օր էդ զուլում տեսավ, չդիմացավ, հինքն էլ ճչաց ու իրեն թալեց ծովու ջրերու մեջ: Ալիքն ինչօր բացվեր ու էդ շիվար կնկան առներ մեջ:
Մեկ էլ Մարգարիտն հիշում է, որ նավը հասել է մի քաղաք, որի անունը չի մտաբերում: Հավանաբար, դա եղած կլինի Աստրախանը: Այդտեղից էլ գնացքը ուղղություն է վերցնում դեպի հիմնական աքսորավայր, որը հիմա էլ, յոթ տասնամյակ անց, անգիր հիշում է բազմաչարչար Մարգարիտը` Ռուսաստանի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, Տոմսկի օբլաստ, Ասինսկիյ  ռայոն, սելօ Բուրժինո, Իժինեւսկիյ սելսավետ: Ասես մի լեռնացած ցավ է դուրս ժայթքում խորշոմած կնոջ կրծքից, երբ այնքան վարժ ու անգիր, միանգամից ու հառաչանքով նա արտասանում է իր աքսորավայրի հասցեն: Իսկ մինչեւ աքսորավայր հասնելը նա տեսել է աշխարհիս ամենաչտեսնված ու չլսված դժոխքը, որից հետո կարելի էր եւ ընդմիշտ փակել աչքերը` արեւի եւ այս աշխարհի վրա ապրող մարդկանց երեսն առհասարակ չտեսնելու համար: Անկասկած է, որ Մարգարիտը, աքսորի ճանապարհին կորցնելով մանկահասակ Խորենին ու Գուրգենին, շարունակել է ապրել ու շնչել, քանի դեռ կենում ու շնչում է իր կողքին ավագ որդին` Սերյոժան: Նրա անունը Մարգարիտն արտաբերեց Ռազմիկ, ապա հասկացրեց, որ դա եղել է Սերյոժայի իսկական անունը: Աքսորավայրում ռուսները փոխել են նրա անունը` Սերյոժա կամ Սերգեյ կանչելով:
-Պոյեզ գնաց ու շատ գնաց,- հոգոց հանելով պատմեց Մարգարիտը,-  իմ աքսորի յոթ տարին ինչօր յոթ ժամվա պես գնաց, բայց էդ անտեր պոյեզ ինչօր յոթսուն տարի էրթեր: Հաց չկար, ճժեր անոթի ին: Իմ ջոջ տղեն յեքա տղա էր, մե վեց տարեկան, պոյեզի մեջ ուրին կթալեր դես ու դեն, հաց կճարեր, դիմացավ ցրտին ու անոթության: Իմ Գուրգեն ՙմամա հաց՚ ըսելով մեռավ: Գիշեր էր: Գուրգեն օր գլոխ դրեց փեշիս ու թուլցավ, ես ճչացի: Էդ տիրախորուկ գազան սալդաթներ էկան, ձեռիս միջից էրէխեն առան, ես էլ մտածի, թե կարողա էրեխին կտանեն, օր հաց տան, փրկեն, կարողա հլա չմեռե, սաղ ա: Բայց մեկ էլ վագոնի լուսամուտ բացեցին ու Գուրգենին թալեցին դուս: Մութն ինչօր վիշապի նման իմ անմեղ էրէխին առներ ուր բերան ու կուլ տեր: Իմա՞լ իմ սիրտ չպայթավ, քա՞ր էր, ի՞նչ էր: Քար էր, բա ի՞նչ էր, բա օր քար չէղէր, էդ գազանության կդիմանե՞ր: Ուշքս գնաց: Օր խելքի էկա, իմ Խորենի ճվոց հասավ ընձի: Գրկեցի, գլոխն ու ջան տաք էր: Իմ ջոջ տղեն էլ դես ու դեն կֆռֆռեր:  Ծիծ դրի տղի բերան, բայց ի՞նչ կար մեջ, օր տղեն կշտաներ: Հաց ու ջուր տվող էլ չկար: Ինչօր դուշման, դուշմնի ճիժ էղին էդ անտեր սալդաթներ:
Լուսու դեմ ձեռ տվի Խորենի հերեսին, տեսա` պաղ ա: Հասկցա, օր Խորենն էլ ա հոգին տվե: Լեզուս դրեցի ատամներուս տակ, օր չճչամ, օր էդ գազաններ էս տղին էլ լուսամուտից դուս չթալեն: Օր էդ գազաններ կմոտենին մեզի, ես ծիծ կդնի Խորենի բերան, օր իբր թե տղեն կենդանի ա, մեռուկ չէ, օր գազաններ կերթին, տղին կառնի դոշիս… Երկու սուտկա ըսեմ, թե իրեք, վերջը ցերեկով էդ անտեր պոյեզ մի տեղ կայնավ: Ամայի, անմարդաբնակ դաշտ էր: Սալդաթին ցույց տվի իմ մեռուկ ճիժ ու մե ձեւի հասկցուցի, օր թույլ տա` թաղեմ: Գնացքից իջա, քանի մետր էն յան էս իմ անիծուկ մատներով հող փորեցի, իմ լուսու պես ճիժ դրի օտար հող ու հելա գնացք սալդաթի հրացանի տակ, օր իմ վերջին տղին գոնե տիրաձեն հանեմ:
Աքսորավայրում Մարգարիտից խլում են նրա ավագ որդուն եւ հանձնում մանկատուն, իսկ նրան տեղափոխում  բանտ: Մեկ տարի հետո Մարգարիտը դուրս է գալիս բանտից եւ բնակություն է հաստատում իր մատնանշած հասցեում` Բուրժինո գյուղում: Աշխատում է որպես կոլտնտեսության բանվոր, ապա` դպրոցի հավաքարար: Եվ, քանի որ ժամանակին տիրապետել է գրբացության գաղտնիքներին, աքսորավայրում զբաղվել է գրբացությամբ` գրավելով տեղի մարդկանց եւ ղեկավարների ուշադրությունը: Ժամանակի ընթացքում կարողանում է հասկանալ ու քիչ-միչ խոսել նաեւ ռուսերեն: Իր վաստակած   փողը հավաքում է Մարգարիտը, տալիս իր ծանոթին, որ մանկատնից նա հանի ու իր խնամքին բերի Սերյոժային: Գործը հաջողությամբ է պսակվում, ու Սերյոժան հաճախում է տեղի դպրոց: Նրան շատ են սիրում տեղի մարդիկ, քանի որ երեխան ցույց է տալիս աչքաբացություն, ուշիմություն ու խելացիություն, կապվում տեղի երեխաների ու տարեց մարդկանց հետ: Ու աննկատ գլորվում են տարիները:
1949 թվականին Մարգարիտն ու իր որդին հրաշքով ազատվում են գերության ճիրաններից: Մի երջանիկ պատահականությամբ պարզվում է, որ Տիգրան Բարսեղյանը ոչ թե անցել է գերմանացիների կողմը եւ գործակցել թշնամուն, այլ ընդամենը գերվել է եւ հայտնվել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում, ուր երկու տարի տառապելուց հետո մահացել է տուբերկուլյոզ հիվանդությամբ, 1944 թվականին, երբ արդեն աքսորի մահասարսուռ ճանապարհին զոհվել էին իր մանկահասակ որդիները, իսկ հրաշքով ողջ մնացած կինը եւ մի որդին գերության մեջ ապրում էին` հացին ու հայրենի տանը կարոտ: Համացանցում ռազմագերիների մասին տեղադրված էջերց մեկում կան համապատասխան տվյալներ նաեւ ռազմագերի, գերմանական ճամբարում տուբերկուլյոզ հիվանդության հետեւանքով մահացած դժբախտ հայորդու մասին: Այդպես էլ մութ է մնում այն, թե հատկապես ով է պարզել թյուրիմացությունը եւ տառապյալ կնոջն ու իր որդուն հայրենիք վերադարձնելու մեջ շահագրգռված եղել: Բայց աքսորավայր է հասել համապատասխան գրությունը ներման մասին, եւ Մարգարիտ Քեֆոյանը որդու հետ բռնել է տունդարձի ճամփան: Հեռավոր Բուրժինոյում փորձել են համոզել Մարգարիտին, որ մնա իրենց մոտ, այնտեղ իրեն տունուտեղ ստեղծի եւ չմտածի Հայաստան վերադառնալու մասին:
-Իմ քաղցր հող ու ջուր ընձի հա կկանչեր ու կկանչեր,- հոգու ողջ սիրով ասաց բազմաչարչար կինը,- օր դրախտ լե խոստանին, պըտի տուն դառնի, իմ ճժերու օրորոցի մոտ, օր քաղցրից լե քաղցր էր: Ինչ էնեմ, օր գազաններ իմ անմեղ ձագեր ճամփին հոշոտին, կերան…Մարդ կար, շատ բարի էր, բայց շատ մարդիկ գազանից լե գազան ին, օր իմ հոգին քրքրին, կերան… յես քա՞ր ի, լաո, օր դիմացա… Տո, քար ի, բա, ի՞նչ ի…
Մարգարիտի ճանապարհածախսը հոգացել են, նրան արժանավայել ճանապարհել տուն: Սակայն այս անգամ էլ հայրենիքում նրան դիմավորել է անտերությունը, այրի ու տնանկ կնոջ ճակատագիրը: Նա այս անգամ ՙաքսորվել՚ է յայլաղ` կոլտնտեսության ոչխար կթելու գործով: Այդ օրվանից մինչեւ 1989 թվականը, 40 երկար ու ձիգ տարի, նա ոչխար կթելով տունուտեղ է դրել: Միակ հարազատը, որին տարիների հեռվից հիմա շնորհակալ է, նա համարում է իր քրոջ մարդ Գարսեւանին, ով կոպեկ-կոպեկ հավաքել է Մարգարիտի աշխատավարձը եւ նրա ու որդի Սերյոժայի համար տուն կառուցել տվել: Հայրենի հողում տառապյալ կնոջը մի այլ արհավիրք ու ցավ է բաժին ընկել. դաշտային աշխատանքների ժամանակ կոմբայնի տակ ճզմվելով մահացել է նրա եղբայր Խաչատուրը:
Իսկ այժմ Մարգարիտին շրջապատում են իր վեց թոռները, թոռների տասնչորս երեխաները եւ թոռների վեց թոռները, որոնց անունները Մեծ Տատն անգիր ու վարժ հիշում է: Իսկ նրանցից շատերն անգիր վեպի պես գիտեն իրենց տատի քաշած դժոխային օրերի հետ կապված զանազան պատմությունները, որի համար էլ առանձնակի սիրով ու ջերմությամբ շարունակում են շրջապատել նրան, խնամել ու գուրգուրել: Պաշտամունքի հասնող այդ սերն էլ հուշում է, որ Մայրությունը կարող է հաղթահարել ամեն մի արհավիրք ու ցավ, ինչ ուժ ու սոսկում էլ որ այն ունենա, որտեղ եւ երբ էլ որ այն լինի` Դեր-Զորում, թե Սիբիրի անվերջանալի ճանապարհներին:
 Մեր հանդիպման եւ զրույցը գրառելու պահին այս անմարդկային աքսորի մյուս ականատես ու վկա Սերյոժան գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում` արտագնա աշխատանքում: Հուսանք, որ մի օր կկայանա մեր հանդիպումը նաեւ նրա հետ, որի ընթացքում էլ ավելի կամբողջանա բռնության եւ աքսորի ճանապարհի զարհուրելի, բայց ամբողջական պատկերը, որի միջով անցել են ոչ միայն մեր այրերը, այլ նաեւ մայրերն ու կանայք, աշխարհին անմեղ աչքերով նայող երեխաները: Իսկ այդ պատմությունը, որքան էլ դաժան, մեկ է, հնչվելու է դեռ, անկախ ժամանակների հեռվից, տարիների մշուշներից… Ինչքան որ անմահ է Մոր սիրտը, այդքան էլ անվերջանալի է Մոր ցավը…
Խոսրով Խլղաթյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More