ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԳԱՎԱՌԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 57 ՏԱՐԵԿԱՆ Է


  Մեր դպրոցը, որը կրում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը, հիմնադրվել է Նոր Բայազետի (այժմ`Գավառ) մանկավարժական ուսումնարանի հիման վրա 1954 թվականին եւ կոչվել N4 ութամյա: 1969 թվականից դպրոցը դարձավ միջնակարգ: Դպրոցը շատ կարճ ժամանակամիջոցում հմուտ մանկավարժների աշխատանքի շնորհիվ դարձավ հենակետային, առաջավոր փորձի դպրոց, որտեղ ուսումնասիրվում էր փորձառու ուսուցիչների փորձը, դասալսումների էին գալիս Սեւանի, Հրազդանի, Մարտունու, Վարդենիսի ուսուցիչները:

 Դպրոցի տարեգրության մեջ պահպանվել են տնօրեններ Սերյոժա Դանագուլյանի, Սուրեն Անտոնյանի եւ Արամայիս Ղազանչյանի անունները:
 1976 թվականին դպրոցի 10 ուսուցիչների` տեխնիկական միջոցների գործածմամբ դասավանդման փորձը ներկայացվել է Մոսկվայում` ԺՏՆՑ-ում եւ  արժանացել արծաթե մեդալի: Ուսուցիչները ստացել են պատվոգրեր, իսկ դպրոցի տնօրեն  Էմմա Գրիգորյանը, ի գնահատումն իր աշխատանքային վաստակի, ուսուցիչների միութենական  համագումարի պատգամավոր է ընտրվել: Դպրոցը նախատեսված է 1000-1200  աշակերտի համար: Յուրաքանչյուր տարի դպրոցն ավարտել են 70-80 աշակերտ, որոնցից 5-8-ը եղել են մեդալակիրներ: 
Դպրոցի շրջանավարտների շարքերում կան բժշկագիտության դոկտորներ, դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, բժիշկներ ու ճանաչված մանկավարժներ, անվանի մարդիկ, որոնք իրենց լուման են ներդրել մեր պետականության կերտման գործում: Անկախության առաջին իսկ օրերից դպրոցի մանկավարժական կոլեկտիվը տնօրեն Նորիկ Դաբաղյանի, ապա  Մելանիա Հովակիմյանի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել դպրոցին ներկայացվող պահանջներին համապատասխան կրթօջախը նորացնելու, զարգացնելու, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործընթացն իրականացնելու դժվարին գործին: Դպրոցի ուսուցիչներն ակտիվորեն մասնակցում են ամենատարբեր մրցույթների, սեմինարների, գիտաժողովների, որոնց  արդյունքում դպրոցում ներդրվում են նոր մեթոդներ, ամրապնդվում է դպրոց-համայնք կապը: Դպրոցում հաճախ են կազմակերպվում հետաքրքիր միջոցառումներ, որոնցում ընդգրկվում են ոչ  միայն աշակերտներ, այլեւ ուսուցիչներ, ծնողներ, համայնքի ներկայացուցիչներ, հանգամանք, որի  շնորհիվ սերտանում ու ջերմանում են ծնող-ուսուցիչ-աշակերտ եւ դպրոց-համայնք կապերը:
 Կրթօջախը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Այսպես  օրինակ, 2004 թվականի նոյեմբերին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողական  խորհրդի ներկայացուցիչները մասնակցեցին ՀԵՆԿ-ի կազմակերպած ՙԱկտիվ դպրոցի մոդել՚  թեմայով սեմինարին: Դպրոցի ուսուցիչներն ակտիվորեն մասնակցում են հասարակական  կյանքին: Նրանցից շատերը ՀԿ նախագահ, անդամներ ու ներկայացուցիչներ են տարածաշրջանում: Աշակերտությունը եւ ուսուցիչները անհրաժեշտության դեպքում օգտվում են  այդ կազմակերպությունների գրադարաններց:       
Դպրոցի լավագույն աշակերտներն ակտիվորեն մասնակցում են ԿԳՆ կողմից կազմակերպվող  առարկայական օլիմպիադաներին, բազմաբնույթ մրցույթներին: Նրանցից ոմանք օլիմպիադաների  հանրապետական փուլերում արժանացել են երկրորդ, երրորդ կարգի դիպլոմների, պատվոգրերի: Այդ աշակերտներից են Անի եւ Վահագն Ռափյանները, Սուրեն Խաչիկյանը, ովքեր իրենց ուսումն  այժմ գերազանցությամբ շարունակում են Երեւանի բժշկական, Երեւանի Պետական, Գավառի  Պետական համալսարաններում: Դպրոցի տնօրեն Մելանյա Հովակիմյանը եւ հայոց լեզվի ու  գրականության ուսուցչուհի Գոհար Աքելյանը Հայ Առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ կողմից  կազմակերպած մրցույթներում հաղթող են ճանաչվել եւ արժանացել դիպլոմների ու դրամական  պարգեւների: Դպրոցի փոխտնօրեն Գայանե Խանամիրյանն արժանացել է ՀՀ կառավարության եւ  Ազգային ժողովի պատվոգրերի: Վերջին երեք տարիներին դպրոցը IREX-ի ՄԴՈՒՎԾ ծրագրով  ուսուցիչների վերապատրաստման կենտրոն է հանդիսացել:  Կրթօջախն ունի հարուստ  գրադարան, որը համալրվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (Գավառի  մասնաճյուղի նախագահը դպրոցի փոխտնօրեն Ա. Մանուկյանն է) եւ IREX-ի տրամադրած  իրավական եւ ուսումնամեթոդական գրականությամբ: 
 Դպրոցն ունի լավ վերանորոգված մարզադահլիճ, որը նպաստում է ֆիզկուլտուրայի  արդյունավետ դասավանդմանն ու բազմաբնույթ մարզային միջոցառումների ու մրցույթների  անցկացմանը: Այսօր դպրոցական կյանքի ամենալուսավոր կետը Բանավեճի ակումբի (ղեկավար`  պատմության եւ իրավունքի ուսուցչուհի Լ. Խզմալյան) ակտիվ աշխատանքն է, որը աշակերտներին  տալիս է իրավական եւ բազմաբնույթ գիտելիքներ, ինչպես նաեւ բանավեճի մշակույթի, քաղաքացիական հասարակության ակտիվ քաղաքացիների ձեւավորման համար անհրաժեշտ  գիտելիքներ եւ հմտություններ: 
Դպրոցն ունի նաեւ ստեղծագործող աշակերտներ, ովքեր մասնակցել են քաղաքային, մարզային, հանրապետական մրցույթների` գրավելով մրցանակային տեղեր: Այդ աշակերտներից են Աննա  Մկրտչյանը, Սեդա Աֆրիկյանը, Լուսինե Բադալյանը, Ռիմա Հասասյանը: Իսկ Նինել Խաչատրյանն էլ  արժանացել է ՀՀ վարչապետի կողմից սահմանված հատուկ մրցանակին: 2010թ. մարտին դպրոցը  ՙԿրթություն հանուն կայուն զարգացման հիմնադրամի՚ դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացրեց ՙՀասարակայնորեն ակտիվ դպրոց՚ ծրագիրը: Ծրագիրն էլ ավելի  ամրապնդեց դպրոց-համայնք կապը: Իրականացվեց ՙՕգնություն դպրոցական գրադարանին՚ բարեգործական ակցիան, որի արդյունքում դպրոցի գրադարանը համալրվեց համայնքի բնակիչների նվիրաբերած գրքերով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More