Հսկայական նյութեր են ստեղծվել Խորհրդային Միությունում ապրող ժողովուրդների բռնադատումների ու աքսորների սարսափներն ու դաժանությունները կրած մարդկանց մասին, որոնք հրատարակվել են մամուլում կամ առանձին գրքերով: Սակայն այս պատմությունը, որը գրառել եմ ընդամենը վերջերս, մեկ անգամ եւս համոզում է, թե ինչքան անմարդկային համակարգ ու դարաշրջան է եղել զորանոցային սոցիալիզմը, ինչ ահարկու եւ անսիրտ են եղել բռնադատումների հեղինակներն ու իրագործողները, թե ինչ տառապանքներ են կրել բռնադատված ընտանիքները` սկսած տարեցներից եւ մանուկներով վերջացրած: Այս պատմությունը եւս մեկ անգամ սերունդներին հնարավորություն է տալիս` թափանցել բռնադատումների պատմության մութ ու անհայտ ծալքերն ու խորքերը, հասկանալ պետական մակարդակով կազմակերպված բռնության հակամարդկային ողջ էությունը եւ նրա թողած ահասարսուռ հետքերը:
Մեր ակնարկի հերոսը` Ժորես Հակոբյանը, ում ժորիկ են կոչում, լույս աշխարհ է եկել 1938 թվականին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, կոլտնտեսական Լեւոն Հակոբյանի ընտանիքում: Իր սերնդակից շատ այրերի պես Լեւոնին էլ բաժին է ընկել տաժանելի ճակատագիր, տառապանքի ու մաքառման գնով կյանքի դժվարությունները հաղթահարելու անվերջանալի կյանք ու ժամանակ, պատերազմի դաշտ, զրկանքներ ու աքսոր: Նա կրել է Մեծ հայրենականի, ապա` գերմանական գերության բոլոր սարսափները: Երբ ազատագրվել ու տուն է վերադարձել, առել է իր երկու մանկահասակ զավակների` Ժորիկի ու Ալբերտի եւ կնոջ` Ոսկեհատի, մոր` Փիրուզի, եղբոր եւ այլ հարազատների կարոտը ու անցել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի հայրենի գյուղի կոլտնտեսությունում: 1949 թվականի սկզբին լույս աշխարհ է եկել նրա երրորդ զավակը` Նինան: Իսկ նույն տարվա հուլիսին այս բազմաչարչար ընտանիքի գլխին պայթել է հերթական աղետը` բռնադատում ընտանյոք: Այդ սեւ օրվա ակնթարթները մանրամասն հիշում է Ժորիկը, ով այդ ժամանակ եղել է ընդամենը 11 տարեկան:
ՙ -Ամռան տաք լուսադեմ էր,- հիշում է Ժորիկը: Մենք դեռ քնից չէինք զարթնել: Հանկարծ քնի մեջ ես լսեցի մեր դռան զարկերը: Ինչ-որ մարդիկ պահանջում էին` բացել դուռը: Երբ հայրս բացեց դուռը, ներս լցվեցին մի խումբ մարդիկ`ռուսազգի զինվորականների հետ, ովքեր զինված էին ավտոմատներով: Մեզ հրամայեցին` հավաքել մեր ունեցած-չունեցածը, անասունները թողնել տեղում եւ անխոս բարձրանալ զինվորական ավտոմեքենայի թափք: Կարճ ժամանակի ընթացքում հայրս եւ մայրս կապեցին մեր տեղաշորերն ու աման-չամանը, բարձեցին բեռնատարի մեջ: Ինձ, Ալբերտին ու վեց ամսական Նինային էլ վերցրին հետները` բեռնատարի թափքում: Մենք, ամեն ինչից անտեղյակ, ուրախացել էինք ներքուստ, որ ավտոմեքենայով տեղ ենք գնում: Մեզ Սելիմի ճանապարհով տարան Եղեգնաձոր, հետո` Արարատի երկաթգծի կայարան: Այնտեղից մեզ գնացք նստեցրին եւ տարան Թբիլիսի-Բաքու ուղղությամբ: Մեզ տանում էին ապրանքատար վագոններով: Մեզ հետ այդ օրը Հայաստանից աքսորվում էր 15 ընտանիք: Ճանապարհին մեզ մսի պահածոներ եւ հաց էին տալիս: Գնացքը կանգառներ անում էր քաղաքներից դուրս: Ես ու Ալբերտը մեզ հասակակից մյուս երեխաների հետ խաղում էինք, վազում, թռվռում, առանց իմանալու, թե ինչ հոգեվիճակ են ապրում մեր տարաբախտ ծնողները, թե մեզ մեր հարազատ տուն ու դռնից քանի հազար կիլոմետրեր հեռու են տանելու: Օրերով ընթացող ճանապարհին երեւում էին Ռուսաստանի անծայրածիր հարթավայրերն ու անտառները, քաղաքներն ու գյուղերը: Սակայն մեջս առավել տպավորված են մնում լայնահուն Վոլգան եւ Ստալինգրադ քաղաքը, որի շրջակայքում ջարդուփշուր եղած տանկերի ու ինքնաթիռների հսկայական կույտեր կային դեռ: Մենք քսան օր միայն ճանապարհ գնացինք: Ի վերջո հասանք Ալթայի երկրամաս, Սլավգորոդ քաղաք: Այստեղ մեզ իջեցրին գնացքից: Քիչ անց եկան մեզ տեղափոխող ձիասայլերը: Նիժնի Միխայլովկայի կոլխոզի նախագահը ներկայացրեց պահանջվող ընտանիքների քանակը, եւ մեր ընտանիքին այլոց հետ բաժին ընկավ այդ կոլխոզը, ուր եւ տեղափոխվեցինք ու հաստատվեցինք մենք: Այդ կոլխոզն ուներ հազիվ 20-30 տուն: Շրջակայքը բացառապես զուրկ էր անտառից, ծառից ու թփից: Անծայրածիր տափաստանում երբ խփում էր քամին, օրորվող խոտն ալիքվում էր օվկիանոսի ջրերի պես: Առաջին տարին ու առաջին ձմեռը մեզ համար շատ էր դժվար: Վառելիքի ու սննդի պակաս ունեինք: Մեզ տվել էին կավաշեն մի տուն, որն ուներ ընդամենը մեկ սենյակ եւ մեկ նախասրահ: Այդտեղ պիտի անցնեին մեր ընտանիքի աքսորի տարիները: Հայրս երկրորդ տարում անասուն առավ, խոզ էլ էր պահում, ցորեն սկսեցինք ցանել: Ես էլ էի աշխատում մերոնց հետ, ձի էի պահում, լայնարձակ տափաստանում հաճախ սլանում ձիով: Մեր աքսորի երկրորդ տարում ես դպրոց գնացի: Գետաշենում ես ավարտել էի չորրորդ դասարանը, իսկ Ալթայում ստիպված առաջին դասարան գնացի:
Մեզ արգելվում էր մեր բնակավայրից հեռու տեղ գնալ: Յուրաքանչյուր տաս կամ տասնհինգ օրը մեկ չեկիստները գալիս, ստուգում էին աքսորականներին: Իսկ երեխաներից ում տասնվեց տարին լրանում էր, նրանից ստորագրություն էին վերցնում բնակավայրից չհեռանալու կամ բացակայելու մասին:
Ես մի դպրոցական ընկեր ունեի` Լյոնյա անունով, ում հետ շատ էի մտերմացել: Մեկ տարվա ընթացքում արդեն վարժ խոսում էի ռուսերեն: Այսպես ամեն օր լայնարձակ տափաստանում ձիերով պտտվում էինք ես ու իմ դասընկեր Լյոնյան, խաղում, միասին հաց ուտում: Մեզ երբեմն ընկերակցում էր եւ մեր համագյուղացի Խաչոյի տղա Ավետիքը, ով նույնպես իր ընտանիքի հետ հայտնվել էր մեր աքսորավայրում: Ես ու Ավետիքը տարեկիցներ էինք: Մենք հաճախ էինք հիշում մեր սարերն ու աղբյուրները, մեր դասարանցիներին, մեր հորեղբայրներին, պապ ու տատերին, հարեւաններին, մեր հողն ու ջուրը, մեր ամառներն ու ձմեռները: Ու հանկարծ մեր մեջ միտք ծնվեց` փախչել աքսորից, գնալ Ներքին Գետաշեն, առնել կարոտներս ու նորից վերադառնալ մեր ծնողների մոտ: Իմ ու Ավետիքի ցանկությունն այնքան ուժեղ էր, որ նույնիսկ որոշել էինք ոտքով փախչել: Անցնում էին օրերը, իսկ մենք ծրագրում ու միմյանց հույս էինք տալիս. այսօր հարմար չեղավ, էգուց կփախչենք: Բայց մի անակնկալ դիպված արագացրեց իմ փախուստը` առանց Ավետիքի ընկերակցության: Առիթը եղավ հորս հիվանդությունը: Նա պառկած էր հիվանդանոցում, ուստի ինձ կանչեցին կոլխոզի գրասենյակից, որ աշխատավարձը ստանամ եւ տանեմ տուն: Ես արդեն այդ ժամանակ 16 տարեկան էի. բոլորել էր հինգ տարին, ինչ ապրում էինք Նիժնի Միխայլովկայում: Ստացա հորս աշխատավարձը` 70 ռուբլին ու կայծակնային արագությամբ միտք անցավ գլխովս` փախչել: Դիմեցի Լյոնյայի օգնությանը: Նրա ուղեկցությամբ հասա մինչեւ երկաթգծի կայարան: Լյոնյան կարողացավ Խարկով մեկնող գնացքի տոմս գնել: Նա ինձ ուղեկցեց գնացք եւ խոստացավ, որ ոչ ոք, անգամ մեր տնեցիները չեն իմանա իմ փախուստի մասին: Ես գնացքի ուղեկցորդներին ներկայացա որպես ուկրաինացի ու խարկովցի, որպեսզի տպավորություն չառաջանա, թե աքսորական եմ, հայ եմ ու փախուստի դիմած մարդ: Ինձ մոտ այդ ժամանակ մեկ փաստատուղթ կար` իմ փոքր եղբայր Ալբերտի ծննդյան վկայականը: Գնացքը շարժվեց` իմ հետեւում անդարձ թողնելով անծայրածիր Սիբիրի հեռաստանները, Նիժնի Միխայլովկան եւ նրա մարդկանց, իմ դասընկերներին ու խաղընկերներին: Տխրություն էր պատել ինձ, որ մայրս պիտի անհանգստանա, վշտանա իմ կորստյան համար, հիվանդանոցում պառկած հայրս սարսափելի ապրումների մեջ պիտի ընկնի, սակայն առավել անհամբեր սպասում էի այն պահին, երբ վերջապես կհասնեմ Ներքին Գետաշեն: Ես այն ժամանակ ի՞նչ իմանայի, որ Ներքին Գետաշենը հազարավոր կիլոմետրեր հեռու է իմ փախուստի վայրից… Հետո էլ կարոտն այնքան էր ինձ խեղդում, որ ուզում էի ժամեր, անգամ վայրկյաններ առաջ հասնել մեր տուն, մեր հող ու ջուր, նստել մեր տան թոնրի տաք շրթին, տատիս եփած ճաշն ուտել: Գիտեի, թե ուր որ է կհասնեմ տուն: Բայց գնացքը գնու~մ, գնու~մ էր օրերով ու տեղ չէր հասնում: Վերջապես փետրվարյան մի ցուրտ օր գնացքը կանգ առավ Խարկովի կայարանում: Երբ գնացքից ցած իջա, արդեն սպառել էի մոտիս 70 ռուբլին ամբողջությամբ: Հասկացա, որ ոչ գնալու տեղ ունեմ, ոչ` մնալու, ոչ` հացի փող… Միակ անելիքս, որ կարող էի անել` Խարկովի կայարանի մերձակայքում թափառելն էր: Այսպես տեւեց երեք օր: Գիշերները քնում էի` կայարանի շենքի նստարաններին նստած, ցերեկները աննպատակ պտտվում էի` քաղցած ու ծարավ: Մտնում էի հացի խանութներ ու սպասում: Մարդիկ կային, որ հացն ամբողջությամբ չէին առնում, այլ կեսը դանակով կտրել էին տալիս: Կտրված հացի փշուրները կտրելուց թափվում էին վաճառասեղանին: Ես արագ հավաքում էի այդ փշուրները եւ ագահաբար լցնում բերանս: Մի անգամ էլ, օգտվելով հացավաճառի զբաղվածությունից, մի հաց թռցրի ու վայրկենապես դուրս փախա խանութից:
Երրորդ օրը կայարանում հայերեն խոսակցություն լսեցի: Մի փողկապավոր ու կոկիկ հագնված մարդ, ում անունն այդպես էլ չհարցրի ու չիմացա, եւ ով երեւի ինձ հանդիպած մարդկանցից ամենամեծատառով մարդն էր, հայերեն էր խոսում իրեն ճանապարհող մեկ ուրիշ մարդու հետ: Ես հարազատի պես մոտեցա նրան ու տվեցի այն նույն հարցը, ինչը Հայաստանից դուրս տալիս են իրար բոլոր հայերը, երբ պատահաբար հանդիպում ու միմյանց ընկալում են հարազատաբար` Հա՞յ ես: Նա իմ հարցին ոչ միայն դրականորեն պատասխանեց, այլ սկսեց հետաքրքրվել ինձնով` ուշադիր զննելով իմ տարօրինակ հագուստն ու արտասովոր, որբի տպավորություն թողնող տեսքը:
Եվ, քանի որ նրանից վախ չունեի, մանրամասնորեն պատմեցի իմ ով լինելը, այս վիճակում հայտնվելու պատճառները, իմ բուռն ցանկությունը շտապ Ներքին Գետաշեն հասնելու մասին: Նա ինձ լսեց ամենայն ուշադրությամբ, հետո սրբեց արցունքոտ աչքերը, շոյեց գլուխս ու ասաց` արի ինձ հետ: Ասես երկնքից առաքված հրեշտակը ինձ կերակրեց ճաշարանում ու Խարկով-Թբիլիսի մեկնող գնացքի տոմս առավ` ինձ իր հետ տանելով Թբիլիսի: Ամբողջ ճանապարհին նա ինձ տիրություն ու ընկերություն արեց, կերակրեց, զբաղեցրեց, մինչեւ որ հասանք Թբիլիսի: Բարության այդ մարմնացումը ինձ նստեցրեց Թբիլիսի-Երեւան գնացք` վճարելով նաեւ գնացքի տոմսի արժեքը: Մի քիչ էլ փող տվեց հետագա ճանապարհածախսի համար. երեւի իր մոտ մնացած վերջին կոպեկները:
Լուսադեմին հասա Երեւան: Կայարանից դուրս ոչ տեղ եմ ճանաչում, ոչ` մարդ: Վախենում եմ մի բանից. գուցե ինձ ճանաչեն ու նորից Սիբիր տանեն: Երեւանում մենք բարեկամներ ունեինք, բայց մի կողմից նրանց տունը լավ չէի ճանաչում, մյուս կողմից էլ մտածում էի, թե գուցե նրանց տուն գնալով ինձ կմատնեմ: Նստեցի մի պատահական տրամվայ: Էս ծայրից գնում եմ էն ծայր, էն ծայրից գալիս էս ծայր: Վերջապես մի կանգառում որոշեցի իջնել: Մի կանգնած բեռնատար մեքենա տեսա, որի թափք էին բարձրանում խումբ-խումբ տղամարդիկ: Հեռվից մի ուրիշ տղամարդ վարորդից հարցրեց, թե ու՞ր է գնում այդ մեքենան: Երբ վարորդից լսեցի Մարտունի բառը, ուրախությունից քիչ մնաց գլուխս կորցնեմ: Վազեցի ու ինձ մեկ ցատկով գցեցի մեքենայի թափքը: Օրն արեւոտ էր, սակայն բուքն ու սառնամանիքը անարգել շոշափում-սառեցնում էին ոտքերս, դեմքս, ականջներս: Սակայն ցուրտն այդքան չէի զգում, քանի որ հոգիս տաքանում էր այն մտքից, որ քիչ անց մեր տանն եմ լինելու:
Վերջապես հասանք Հայրավանքի մոտ: Այսօրվա ճանապարհը դեռ չկար, հին ճանապարհն էր: Մեքենան հանկարծ շրջվեց: Մենք շուռ եկանք կողքի, բայց չվնասվեցինք, քանի որ մեքենան արագ ընթացքով չէր գնում եւ ընդամենը կողքի շուռ եկավ ձյան կույտերի վրա: Նրանում գտնվող տասնյակ տղամարդիկ իրենց ձեռքերի ուժով ուղղեցին-կանգնեցրին մեքենան: Արդեն մթնում էր: Վարորդը որոշեց հավաքել փողերը, նոր ընկնել ճանապարհ: Երբ մոտեցավ ինձ, ես նրան ասացի, որ փող չունեմ: Վարորդը զայրացավ եւ պահանջեց` չբարձրանալ այլեւս մեքենայի թափք: Ես նրան պարզեցի մոտս գտնվող միակ փաստաթուղթը` Ալբերտի ծննդականը եւ խոստացա, որ տուն հասնելուն պես կտամ նրա փողը: Բայց նա իմ ձեռքից չվերցրեց ծննդականը եւ մնաց անդրդվելի` ինձ արգելելով մեքենա նստել: Տարեց մի քանի ուղեւոր բարկացան վարորդի վրա, թե ինչ խղճով է նա երեխային այս ձմռան գիշերով թողնում ճանապարհի մեջտեղը գայլերին բաժին: Վերջապես այդ վատհոգի վարորդը տեղի տվեց, ու ես նորից բարձրացա մեքենայի թափք: Այն հասավ Քյավառ ու կանգ առավ եկեղեցու մոտ: Էլ առաջ գնալ չկարողացավ: Բուքը փակել էր ճանապարհները: Ամեն մեկն իջավ ու գնաց իրեն ծանոթ -բարեկամների տները: Ես դարձյալ մնացի մենակ ու անօգնական: Քայլեցի դեպի բաղնիքի փողոցը: Արդեն մութ-մութ էր: Սաստիկ մրսում էի: Բախեցի մի պատահական դուռ: Բախտս այնքանով բերեց, որ տանտերերը կարծեցին, թե իրենց հովիվ տղան է գոմերից տուն վերադարձել ու դուռը բացեցին իմ առջեւ: Ես տանտիրոջն ասացի, որ մարտունեցի եմ, մնալու տեղ չունեմ, ինձ թող գիշերելու տեղ տա, մինչեւ լույսը բացվի: Լավ է, որ մարդ ու կին խղճով էին, ընդառաջեցին: Թոնրի կողքին նրանք տեղաշոր գցեցին, ու ես տաք-տաք քուն մտա: Նոր էի շուլալվել տաք տեղաշորի մեջ, երբ ականջիս հասավ տանտիկնոջ ձայնը: Նա ամուսնուն պատվիրում էր աչքը վրաս պահել, որ հանկարծ ճարպիկ գողերից չլինեմ ու բան-ման տնից թռցնեմ:
Առավոտյան նորից եկա եկեղեցու մոտ, որ մեքենայով գնամ Մարտունի: Ասացին, որ ճանապարհները դեռ չեն բացել, կշարժվենք բացվելուն պես, երբ բուքն էլ դադարի: Սակայն ոչ բուքը դադարեց, ոչ էլ ճանապարհները բացվեցին: Նորից վերադարձա նույն տունը եւ մեկ գիշեր մնալու իրավունք էլ խնդրեցի: Երեւի տեսան, որ կասկածելի երեխա չեմ, դարձյալ ընդառաջեցին:
Հաջորդ կեսօրին վերջապես ավտոմեքենան շարժվեց Մարտունի: Բուքը փոքր ինչ դադարել էր, ճանապարհները բացել էին: Բայց այդ օրն էլ մեզ բախտ չվիճակվեց տեղ հասնել: Մեքենան հազիվ հասավ Քյավառի եւ Մարտունու սահմանաբաժանը` Բաշքյանդի սրբի մոտ ու թաղվեց-մնաց բքերի մեջ: Մի խումբ մարդկանցով, ոտքով ճեղքելով բուքն ու սառնամանիքը, մեզ մի կերպ գցեցինք Կարմիրգյուղի գոմեր` հովիվների կացարանները: Լուսաբացին էլ հնարավոր չեղավ մեքենայով ճանապարհ ընկնել, քանի որ բուքը թեեւ դադարել էր, բայց դեռ ճանապարհները մեքենաների համար մնում էին անանցանելի: Երբ մի քանի ժամ էլ անհույս սպասեցի, որոշեցի ոտքով ու միայնակ ճանապարհ ընկնել: Օրն արեւոտ էր: Վազում էի ու քայլում, քայլում էի ու վազում, մինչեւ որ հասա Երանոս: Ձիասահնակով մարդիկ Երանոսից գնում էին Լիճք: Տեսան, որ մենակ ու անօգնական երեխա եմ, հարցրին ով լինելս եւ ուր գնալս: Իրենց կողքին ինձ տեղ արեցին, ու մեկ թե երկու ժամ անց հասանք Լիճք: Այնտեղից նրանք ինձ ցույց տվեցին մեր գյուղ գնացող ճանապարհը, որը պետք է անցնեի ոտքով: Արդեն շատ մոտ էի մեր գյուղին, իմ երազի իրականացմանը: Հավաքեցի վերջին ուժերս ու վազեցի մեր գյուղի ուղղությամբ: Հսկայական չափով ու դարս-դարս կուտակված ձյունն ու ձմռան ցուրտը չէին կարող արգելք լինել, քանի որ շատ մոտիկից երեւացող մեր գյուղը, մեր տան ճամփան ինձ սրտատրոփ կանչում էին: Անգամ չզգացի, թե ինչ արագությամբ հաղթահարեցի մի քանի կիլոմետր ձնառատ ճանապարհը: Հինգ տարվա բացակայության ընթացքում շատ բան գյուղում չէր փոխվել: Բայց մեր տան հետ փոփոխություն եղել էր: Մեր հողաշեն տանը կից իմ հորեղբայր, այն ժամանակ Յանըղի կոլխոզի դիրեկտոր Ավագ Ավետիսյանը նոր սենյակներ էր կառուցել` ապակեպատ պատշգամբով: Ես երբ հասա մեր տանը, որոշեցի բարձրանալ գետնից քիչ բարձր գտնվող տանիք ու, ճանապարհս հնարավորինս կարճելու մտքով, ցած իջնել հացատան դռան կողմից տեղադրված սանդուղքով: Սակայն սանդուղքին մոտ կապված գամփռ շունը սպառնալից կտրեց ընթացքս ու թափս` ինձ ստիպելով նորից տանիք բարձրանալ: Պատշգամբի թափանցիկ ապակիների միջից հանկարծ տեսա, որ Փիրուզ տատս կանգնել է հայելու առաջ եւ ատամներն է լվանում: Նա էլ ինձ հայելու մեջ տեսավ ու շտապ դուրս եկավ բակ.
-Տղա, դու վո՞ն իս, վի՞ր տղեն իս, օր էկե, հելել էս մեր տանիք: Գողությու՞ն ա կուզիս էնիս:
-Արի, ձեր շանն էն յան տար, ըսիմ, թե յէս վիր տղեն իմ:
Տատս շանը մի կողմ տարավ, ու ես կանգնեցի նրա առաջ: Հուզմունքից դողում եմ: Իսկ նա սպասում է, որ ես ասեմ իմ ով լինելը: Հինգ տարում փոխվել եմ, մեծացել: Տատս մոռացել է իմ դեմքը, չի էլ պատկերացնում, թե դա ես կարող եմ լինել:
-Փիրուզ տատի, -ասում եմ սառած ու լացակումած,-ախր ես քո Հակոբի տղա ժորիկն եմ:
Տատս էլի չի հավատում իր աչքերին, տեսածին ու ինձ եւ ձայն է տալիս հորեղբորս կնոջը` իր հարս Նազիկին.
-Ախչի Նազի՜կ, հլա մի արի, էս տղեն ի՞նչ ա կխոսա, ի՞նչ ժորիկի անուն ա կիտա:
Հորեղբորս կինը միանգամից ճանաչեց ինձ` առանց կասկածի: Ես վերջապես հայտնվեցի իմ հարազատների գրկի ու համբույրների մեջ: Հորեղբայր Ավագն այդ ժամանակ գտնվում էր Յանըղի կոլխոզում: Մերոնք ինձ թաքցրին տանը եւ տուն կանչեցին հորեղբորս: Նա էլ ինձ ճանաչեց առանց կասկածի, հուզվեց, գրկեց գլուխս ու լաց եղավ: Ապա ուշադիր լսեց իմ փախուստի ողջ պատմությունը: Հորս ու մորս տառապանքներն արագ ցրելու նպատակով նա անմիջապես հեռագիր էր տվել Նիժնի Միխայլովկա հետեւյալ բովանդակությամբ. ՙՎալերիկը լավ է, տեղ է հասել՚: Վալերիկը հորեղբայր Ավագի մեծ տղան էր: Հորեղբայրս իմ փոխարեն նրա անունն էր գրել հեռագրում, որ մի կողմից հայրս հասկանար, որ ես տուն եմ հասել անփորձանք, մյուս կողմից էլ չեկան գլխի չընկներ, որ ես Ալթայից փախած ու Ներքին Գետաշեն հասած կլինեմ:
Հորեղբայրս ինձ թաքցրեց տանը: Միայն գիշերներն էի մեկ-մեկ դուրս գալիս, մերոնց օգնելու համար աղբյուրը ջրի գնում, զբոսնում, թարմանում իմ հորեղբոր տղաների հետ: Մեր թաղեցի մի շուն ու շան տղա, որի անունը տալն էլ ափսոս է, ինձ պատահաբար տեսել, ճանաչել էր, գուցե մերոնցից հարցուփորձով ճշտել եղելությունը եւ անմիջապես հայտնել էր իրավապահ մարմիններին: Ու մի օր էլ անակնկալ իմ հետեւից եկան Մարտունու միլիցիայի աշխատողները` ինձ տանելով բաժին: Միլպետը հորեղբորս ասաց, որ ինձ պետք է հետ ուղարկեն Ալթայի երկրամաս` ծնողներիս մոտ: Ես այդ մտքից սարսափեցի: Բայց միլպետը ավելացրեց, որ ինքը իմ փախուստի մասին զեկուցել է Հայաստանի Ներքին գործերի մինիստրին, որի մոտ էլ պիտի հարցաքննության տանեն ինձ: Հորեղբայր Ավագն ինձ տարավ Հայաստանի Ներքին գործերի մինիստրի մոտ: Դա արդեն 1954 թվականի ամռանն էր: Հորեղբորս մի ծանոթ գնդապետ էլ կար, ով ուղեկցեց ինձ եւ պիտի մինիստրի մոտ բարեխոսեր ինձ համար, որ մեղմ պատիժ տային ինձ` նման հանդուգն արարքի համար: Մինիստրը սկզբից ընդունեց միայն ինձ: Հորեղբայրս ու նրան ծանոթ գնդապետը սպասեցին ընդունարանում:
-Ինչու՞ ես փախել, ինչպե՞ս ես փախել, ո՞վ է քեզ օգնել,- մանրամասն հարցնում էր նա:
-Չեմ փախել,-պատասխանեցի,- մեր գյուղին, մերոնց շատ էի կարոտել, ասացի` գնամ, մի քիչ ման գամ ու էլի վերադառնամ: Իմ փախուստի մասին ծնողներս էլ չգիտեն, ինձ ոչ-ոք չի օգնել:
Մինիստրը հուզվեց իմ խոսքերից: Ապա հարցրեց, թե ես իրո՞ք կուզեի նորից Սիբիր գնալ: Երբ ես լուռ, կիսավախվորած, գլխի բացասական շարժումով տվեցի պատասխանս, մինիստրը ներս հրավիրեց հորեղբորս ու գնդապետին՚:
Ամբողջ ընթացքում իր ոդիսականը պատմող ժորիկը հանկարծ միանգամից հուզվեց ու չկարողացավ զսպել այն` արդեն խոսքը շարունակելով արցունքների միջից` չփորձելով թաքցնել ոչ հուզմունքը, ոչ էլ արցունքները:
-Ա՜յ, էստեղ պիտի պարտադիր լամ, չըկըրնամ, օր չիլամ,- արցունքների միջից շարունակեց Ժորիկը.
ՙԵրբ հորեղբայրս ու գնդապետը ներս մտան, մինիստրը հորեղբորս միանգամից ու վճռական ասաց այն, ինչը մինչ հիմա զրնգում է իմ ականջներում.
-Այս երեխային վերցրու եւ անմիջապես տուն տար: Ի՞նչ մեղավոր է երեխան, ի՞նչ մեղավոր են նրա ծնողները: Տար տուն ու ապահով պահիր, խնամիր, դաստիարակիր, էլ մի թաքցրու եւ ոչ ոքից նրա համար մի վախեցիր: Ծնողներին էլ նրա իսկական տեղն ասա՚:
Այդ պահին ես ինձ զգացի ամենաերջանիկ երեխան, որ էլ Սիբիրի հեռավոր ճամփաները չեմ բռնելու եւ ապրելու եմ մեր գյուղում, իմ մանկության օրրանում ու մանկական անարատ եզերքում:
Իսկ մերոնք աքսորից վերադարձան Ստալինի մահից երկու տարի հետո միայն: Իրար լացով ու արցունքով դիմավորեցինք: Տառապյալ հայրս շուտ հեռացավ կյանքից` 1969 թվականին, 55 տարեկան հասակում: Մայրս երկար ապրեց` կյանքին հրաժեշտ տալով ծեր տարիքում, 1998 թվականին… Ես հետո ցավով իմացա, որ իմ ընկեր Լյոնյան խեղդվել է գետում լողալիս՚:
Հետո Ժորիկն ամուսնանում ու բնավորվում է հայրենի գյուղում` ստեղծելով օրինակելի ընտանիք: Նա գյուղի հայտնի կինոմեխանիկն էր, ասել է թե այն ժամանակվա կարեւոր ու պահանջվող մարդկանցից մեկը: Ավտովարորդ է աշխատել նաեւ Մարտունու բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունում: Իր արդար քրտինքով դաստիարակել ու կյանք է ճանապարհել երկու դուստր եւ երեք որդի: Նրա որդիներից մեկը` Վախթանգ Հակոբյանը փառքով է պսակել իր անունը Արցախյան ազատամարտում: Նորաստեղծ Հայոց բանակի տանկիստը մարտերով անցել է փառքի ու սխրանքի երկար ճամփաներ, ունեցել իր արժանի ներդրումը մեր հաղթանակներում ու ողջ-առողջ տուն վերադարձել: Վախթանգի մարտական կենսագրության մասին կպատմենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում:
Խոսրով Խլղաթյան
0 comments:
Отправить комментарий