Եկուր, որդեակ, հայրենի տուն շենցուր… Դանիել վարուժան
Մանկության իմ օրերի հիշողության մեջ աներեւակայորեն վառ է մնացել ամռան իրիկուններից մեկը Ձորում՝ Մարտունի քաղաքի յայլաղում, երբ տագնապով համակված մարդկանց երկար թափորը վազում էր դեպի բարձրաբերձ լեռան ստորոտ, ուր անօգնական ու աղեկտուր բառաչում էր լուսահոգի Պետրոսի կամ հանրաճանաչ Թաթոյ Պոդոյի մոխրագույն, ջախջախված կովը, որ անզգուշորեն սայթաքել ու հսկայական թեքությունից գլորվել էր մինչեւ գետաբերան: Պետրոսի կին Թագուհին, մեր սիրված Թաքուն տատը, վազում էր ծնկները ծեծելով ու դեմքը ճանկռոտելով, բարձրագոչ լացով: Տեղ հասնելով՝ նա գրկեց իր սիրած Նախշուն կովի գլուխը, սեղմեց կրծքին, շոյեց վիզն ու մարմինը, աղաչեց, որ վեր կենա: Նախշուն կովը վերջալույսի մարմրող շողերի տակ անօգնական նայում էր իր տիրուհու աչքերին, ու անասնական աչքերից հորդ-հորդ հոսում էր արցունքը: Յայլաղի կանայք միալար ու բարձրաձայն լալիս էին, իսկ տեղ հասած տղամարդիկ կայացրին վերջնական վճիռը՝ մորթել ջախջախված Նախշունին, քանի որ նա անհուսալի ջարդվածքներ էր ստացել ու գուցե ապրում էր իր վերջին րոպեները: Դաժան էր վճիռը, բայց այլ ելք չկար, եւ Նախշունի վզին ցոլաց մեծ, սուր դանակը: Հետո քերթեցին մոխրագույն մաշկը, սկսեցին անդամահատել Նախշունի մարմինը: Երբ ճեղքեցին կուրծքը, կաթը հորդ աղբյուրի պես հոսեց անչափ ճերմակ գույնով, գույն, որն ավելի բաց էր երեւում վրա իջած թանձր մթի մեջ: Թագուհու լացի ձայնը գիշերվա անթափանց խավարում հնչում էր ավելի բարձր՝ իմ ականջներում խլացնելով անգամ դեռ չցամաքած գետի միալար խշշոցը: Տարիներ հետո, հիշելով ու վերաիմաստավորելով կատարվածը, պիտի հասկանայի, որ բազմաչարչար գեղջկուհու աչքերի առաջ թափվում-կորչում էր իր միակ ապրուստը, որ ամեն իրիկուն կթվում ու դատարկվում էր ցինկե դույլերի մեջ, դառնում պանիր ու կարագ, չորթան ու մածուն, սեր, յուղ ու ժաժիկ: Իսկ այդ տխուր իրիկունն արդեն նման չէր նախորդ երջանիկ իրիկուններին, քանի որ Նախշունի կաթը ոչ թե դույլի մեջ էր հոսում, այլ՝ քարերի ու կանաչների … Ու հոսում էր վերջին անգամ: Հետո ես իմ ապրած կյանքում մայրական շատ ողբերի ականատես եղա, ծանրագույն մարդկային վշտալից ապրումների, բայց Թագուհու ողբի ելեւեջներն առավել տպավորված մնացին իմ հուշերում ու ապրումներում՝ այդքան հոգեցունց, այդքան սրտառուչ: Դեպքից օրեր անց էլ Թագուհին տխուր տրամադրության մեջ էր. նրա դեմքից ասես չքացել էին ծիծաղն ու ժպիտը: Թեեւ տատս ու մյուս կանայք սիրտ էին տալիս նրան, նույնիսկ նախատում, որ չարժե մի անասունի համար այդքան տխրություն ապրել, բայց իրենց հոգու խորքում եւս ընդգծվում էր այն, որ իրենք էլ նույն ծանրագույն զգացումը կապրեին Թագուհու փոխարեն, քանի որ կովերը մեր տատերի համար սիրելի ու գնահատելի էին ընտանիքի անդամի չափ:Եվ նրանց ցանկացած կորուստ ոչ միայն ափսոսանքով, այլ լացով էր ուղեկցվում:
Հապա բազմաչարչար մեր պապերի թափած անդադրում քրտինքը, որ հոսում էր առավոտից մինչեւ մայրամուտ, ուշ գիշերներին, լուսնկա ժամերին, լեռներում ու ձորերում, արտերում ու խոտհարքերում, բոստաններում ու գոմերում, կալերում ու արհեստանոցներում: Աղքատ ու ժուժկալ նրանց կյանքի միակ բովանդակությունն ու ձգտումը գյուղաշխարհն էր՝ բռնկված մի հզոր, աներեւակայելի արարչագործությամբ: Նրանից դուրս կյանքը նրանց համար կամ հեքիաթ էր, կամ՝ անճանաչելի, անքննելի մի աշխարհ: Նրանցից կարելի էր սովորել հողի մշակության ու անասնապահության վրա դողալը, ձեռքերով քարից հաց քամելն ու հողը մաղելը: Նրանք մի ուրիշ սիրով ոչ միայն սիրում էին հայրենի եզերքը, այլ նաեւ ձեւ ու բովանդակություն էին հաղորդում նրա ամեն մի թիզ տարածքին: Տավարն հանդ քշելը, հողը փորելն ու ցանելը, ջրելն ու բերք մշակելը, հնձելն ու կալսելը նրանք անհուն չարչարանքով, բայց հզորագույն մի սիրով էին անում: Այսպես՝ ժառանգից ժառանգ, պապից թոռ, դարից դար: Ծույլ մարդիկ հատուկենտ էին նրանց շարքերում, որոնք դառնում էին ծաղրանքի ու պախարակման առարկա: Նրանք հայրենի հանդերը սրբում էին բերքից թիզ առ թիզ, ճանաչում յուրաքանչյուր քար, թուփ, առու, լեռնային արոտներ ձգվող կածաններ: Եվ ինչու՞ եմ անցյալի ժամանակով խոսում. քանի որ մեր աչքերի առաջ զարգացող աշխարհը հանկարծակի պոկում-տանում է հովվերգական մեր աշխարհի չքնաղությունն ու դարերով արմատավորված արաչագործությամբ լի բարքերը, հողագործության եւ անասնապահության մեծ մշակույթները: Աննկատ մեր հողն ամայանում է հնձվորից, հերկվորից, անասնապահից, հովվից, գառնարածից, նախրից ու հոտից:
Այսօրվա մեր սերնդին բոլորովին այլ աշխարհ է ձգում, այլ զբաղմունք ու հետաքրքրություն: Բարեկեցիկ կյանք ստեղծելու ձգտումը տասնյակ հազարավոր այրերի է տանում դեպի արտագնա աշխատանք, դեպի օտար եզերքներ, դեպի անհայտություն ու օտարացում: Իսկ մեր միակ հայրենիքում չհերկված, չհձված, չջրված տարածքներն ավելանում են տարեցտարի: Ավագ սերնդից ո՞վ կարող է հիշել, որ իր գյուղի արտը մի տարի թեկուզ անմշակ մնար, խոտածածկույթը՝ չհնձված: Հողը փորում էին ինչով պատահեր, խոտը տեղափոխում ձիով, գրաստով, սայլով, շալակով՝ տուն բերելով վերջին շյուղը: Մեղք էր համարվում կամ անպատվություն մի խուրձ խոտ, մի բուռ գարի արտում թողնելը: Երբ անասնակերը չէր բավարարում, մարդիկ լեռնային թեքություններից հնձում ու ցած էին իջեցնում անգամ ծաղկած փշերի անհամար բույլերը, որ երկար ու դաժան ձմռանը կերակրել կարողանան ու արոտ դուրս բերեն իրենց անասուններ: Ամռան գիշերները մարդիկ լուսացնում էին կամ խոտի դեզերի տակ հակ կապելով, կամ բոստան ու արտ ջրելով, կամ բերք ու բարիք դաշտից կրելով: Ուզում եմ երանությամբ կրկին տեսնել այն օրերի սերն ու եռանդը, աշխատասիրությունն ու եռուզեռը, որն, ավաղ, դանդաղորեն չքանում է մեր տեսադաշտից: Կա՞ հստակ վիճակագրություն այն ամսին, թե քանի հազար հեկտար արտ է մնացել անմշակ՝ պատվելով փուշ ու տատասկով: Կա՞ հստակ վիճակագրություն այն մասին, թե վերջին տարիներին քանի հազար հեկտար խոտհարք չի հնձվում… Իսկ աշնանամուտին մարդկային ձեռքերը կրակի են մատնում չորացած խոտը՝ բաղկացած բազմերանգ ծաղիկներից, սննդարար բուսական համակեցություններից: Հազարավոր հեկտարների վրա էլ չի լսվում տրակտորների ու կոմբայնների հռնդյուն, մեքենաների աղմուկ, հովվի կանչ, գառների մայուն, գերանդու զնգոց ու շաչյյուն: Ինչպե՞ս մոռանալ հնձվորների կազմած երկար շարքերը, հնձի գնացող մարդկանցով լի բեռնատարների թափքերը, որոնց կողքին շարված էին գերանդիների անտառները: Գերանդին մի ուրիշ անուշ երգ էր արձակում մեր դաշտերով մեկ, գյուղերում հռչակված գերանդվորներն անմիջապես կանգնում էին կանաչի գլխին՝ հենց նա սկսում էր հասունանալ, հենց դաշտից լսվում էր մորեխների ճռվողյունը: Հիմա միայն ցավով կարելի է տեսնել երբեմնի գերանդվորներից ամայացած դաշտերը: Մուրճի եւ զնդանի ձայնն էլ է գրեթե մոռացվել: Մարդիկ արդեն օգուտ ու վնաս հաշվել գիտեն, եւ արդյունքում անտերության են մատնում հայրենի եզերքը՝ գերադասելով վաստակ որոնել առավել շահավետ ու բարձր վարձատրվող երկրներում: Փոխվում են կյանքի եւ նոր սերնդի պահանջները, եւ հիմա մեր նորելուկ սերնդին համարյա աննշան բան է կապում մեր լեռնաշխարհի հողագործության եւ անասնապահության մեծ մշակույթներին: Եվ եթե դեռ պահպանվում են դրանց որոշակի դրսեւորումներ, ապա դա միայն այն բանի շնորհիվ, որ մեր գյուղերում դեռ կենում են բահի ու գերանդու, հողի ու արտի սիրահար մարդիկ:
Հատուկենտ ընտանիքների կարելի է հաշվել, որ անասնապահությունն ու երկրագործությունը կարողանում են դիտարկել ու օգտագործել որպես բարեկեցության միջոց: Մնացած դեպքերում մարդիկ դրանցով զբաղվում են՝ իրենց օրվա հացը ապահովելու համար: Անգամ այն դեպքում, երբ վերջին տարիներին բարձրանում են մսամթերքների, կաթնամթերքների, հացահատիկի եւ բանջարբոստանային մշակաբույսերի գները, դարձյալ երկիր կերակրելու առաքելություն ունեցող գյուղացին քիչ է շահագրգռված գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու եւ բարձրացնելու մեջ:
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի /
0 comments:
Отправить комментарий