ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 14 марта 2012 г.

ՊԱՇԱՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՓՐԿԱՐԱՐ ՈԳԻՆ


 /ՆՎԵՐ ԿՌՆԱՏՅԱՆ/
Մհեր /Նվեր/ Կռնատյանը ծնվել է 1941 թվականին, Գավառ քաղաքում: Ավարտելով միջնակարգ դպրոցը` անմիջապես աշխատանքի է ներգրավվել քաղաքի շինարարական կազմակերպություններում: 1962-1965 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: Ծառայությանը զուգընթաց սովորել ու ավարտել է կուսակցական միամյա դպրոցը: Հետագա տարիներին ավարտել է Գավառի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումը, Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, Ուլյանովսկի թռիչքային նախապատրաստության բարձրագույն դպրոցը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ անցնել Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայում:
Ստացած գիտելիքները  ներդրել է ՙԿամո-կաբել՚ գործարանում, որպես մեխանիկ, ՙԿամո-Թունելում՚` հերթափոխի պետ: Նա համընդհանուր ճանաչման ու հարգանքի արժանացավ հատկապես Գավառի օդանավակայանում աշխատելիս` սկզբում որպես ռադիոօպերատոր, իսկ 1970 թվականից` օդանավակայանի պետ:
Մհեր Խաչատուրի Կռնատյանը զինվորական կոչումով կապիտան էր, Գավառի ավիացիոն պարետատան հրամանատարը: Նրա քաղաքացիական ակտիվ կեցվածքը, աշխատանքային վաստակը աննկատ չեն անցել: Պարգեւատրվել է ՙԱշխատանքի վետերան՚ շքանշանով, ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի ՙԱերոֆլոտի գերազանցիկ՚ կրծքանշանով, բազմաթիվ պատվոգրերով, 2000 թվականին ընտրվել է Գավառի քաղաքային համայնքի ավագանու անդամ:
Հայրենի երկինքը, որպես մնայուն էջ, անաղարտ է պահում-պահպանում այդ մեծ սրտի տեր մարդու անմնացորդ նվիրումը Ղարաբաղյան շարժման գործին: Նրա ղեկավարությամբ Գավառի օդանավակայանը կենաց-մահու այդ շրջանում դարձել էր Արցախի միակ օդային դարպասը: Գավառ-Արցախ օդային կամուրջը փրկության դուռ էր, կյանքի ճանապարհ` Պաշարվածների համար, եւ Կռնատյանի անունը հնչում էր ամենուր` Հայաստանով ու Արցախով մեկ: Նա իր անձնական մասնակցությամբ մեծ նպաստ բերեց Գետաշեն, Ազատ, Կամո գյուղերի ու Մարտակերտի շրջանների պաշտպանությանը, Կիրովաբադի հայ բնակչության արտագաղթի ապահովմանը:
 Անձնական կյանքում Նվեր Կռնատյանը հոգատար ընկեր էր, ընտանիքի սիրառատ հայր, լավ ամուսին: Նա մեզանից հեռացավ 2002 թվականի մարտի 26-ին:

 '''
1989 թվականի  մայիսին Գավառի օդնավակայանում ի հայտ եկան առաջին ուղղաթիռները, նրանց հետո` Մոսկվայից ուղարկված ներքին զորքերի 15 հոգանոց ջոկատը, որի հրամանատարը Անատոլի Պլետնիկովն էր: Վրա էին հասել ճակատագրական այն օրերը, երբ պաշարման մեջ էին հայտնվել Լեռնային Ղարաբաղն ու Շահումյանի շրջանը, Խանլարի շրջանի հայաբնակ գյուղերը: Կենաց-մահու կռիվ էր արդեն գնում յուրաքանչյուր թիզ հողի, տան ու բնակավայրի համար:
 Այն ճակատագրական օրերին փակ էին Մայր Հայաստանից Արցախ տանող բոլոր ցամաքային ճանապարհները: Միակ հույսի կամուրջը մնում էր օդայինը, որով եւ կազմակերպվում էր անհույս պաշարված հայերին օդի ու ջրի նման անհրաժեշտ, կենսական օգնությունը: Մի կողմից հարկավոր էր զենք ու զորք հասցնել ադրբեջանական ելուզակային կազմավորումների դեմ կռվի ելած հայ տղամարդկանց, մյուս կողմից` Հայաստան տեղափոխել ռազմաճակատի առաջին գծում հայտնված կանանց ու երեխաներին, բռնի տեղահանված ու անպաշտպան հայ բնակչությանը: Եվ այդ հույսի ու փրկության կամուրջը 1989 թվականի մայիսից մինչեւ 1992 թվականի մայիսի 18-ը,  Լաչինի միջանցքի ճեղքումը, հանդիսացավ Գավառի օդանավակայանը, որտեղ բոլոր փրկարար ու հերոսական գործողությունները կազմակերպում ու ղեկավարում էր Նվեր Կռնատյանը: Սկզբում ուղղաթիռները վարում էին հայ հերոս օդաչուները, որոնց միջոցով Արցախի բնակավայրեր զենք, զինամթերք, սնունդ ու կամավորներ տեղափոխելը խնդիր չի հարուցել: Սակայն շատ շուտով հայ օդաչուներին փոխարինեցին ռուսները, ովքեր փորձեցին խոչընդոտներ ստեղծել զենքի եւ կամավորների տեղափոխման հարցերում: Սակայն Նվեր Կռնատյանը նրանց ու պետանվտանգության աշխատակիցների հետ կարողանում էր լեզու գտնել, չեղած տեղից ելքեր գտնել, հնարամտությամբ կամ անձնական հմայքով, համոզելով, թե մարդկային վերաբերմունքով կազմակերպել բեռների, զենքերի եւ կամավորների փոխադրումը Արցախ: Հիշում է Նվեր Կռնատյանի դուստր Նունեն, ով այդ հերոսական օրերի ու տարիների ընթացքում միշտ եղել է հոր կողքին, եղել նրա գործերի, հայրենանվիրության ու անձնվիրության վկան, ծառայակիցը, ապավենը. ՙՌուս տղաները շատ լավ էլ գիտեին, թե ալյուրի պարկերում ինչ զենքեր էին տեղափոխվում Արցախ, Շահումյան ու Գետաշեն: Գիտեին, բայց աչք էին փակում: Պետանվտանգության մարմիններն էլ, հայեր, թե ռուսներ, խուզարկում էին բոլոր կասկածելի տեղերը, ցույց տալիս, թե իրավիճակը վերահսկում են, սակայն ներքուստ շատերը մեր ազատագրական պայքարի հետ էին: Պետանվտանգության մի ռուս գնդապետ կար, որին հայրիկս չէր վստահում, միշտ զգուշանում էր նրանից: Մնացածների հետ նա կարողանում էր լեզու գտնել: Մի օր պիտի ուղղաթիռով հրանոթ տեղափոխվեր մարտական գործողությունների վայր: Ռուս գնդապետն ամեն կերպ չէր թուլացնում զգոնությունը: Մեկ անզգույշ քայլը կարող էր ճակատագրական ավարտ ունենալ շատերի համար: Հայրիկս նրա համար հյուրասիրություն կազմակերպեց: Խմեց ու խմեցրեց գնդապետին, որ բթացնի նրա զգոնությունը: Ժամեր տեւեց այդ գինարբուքը: Կեսգիշերին մոտ, երբ այլ բեռների հետ պիտի ուղղաթիռ հանեին նաեւ հրանոթը, հազիվ ոտքերի վրա կանգնող գնդապետի ուշադրությունից, այնուամենայնիվ, չվրիպեց հրանոթի փողը, որը տղաները մեծ դժվարությամբ մտցնում էին ուղղաթիռ.
-Այդ ինչ խողովակ է,- հարցրեց նա:
-Կոյուղու խողովակ է,- ակնթարթորեն պատասխանը գտավ հայրիկս՚:
 Այդ հերոսական ու ճակատագրական երեք տարիների ընթացքում Արցախ մեկնած բոլոր հայ կամավորները մարտական գործողությունների վայր են հասել Գավառի օդանավակայանից: Օրեր են եղել, երբ թռիչքները չեն հաջողվել: Այդ ընթացքում Կռնատյանը հոգացել է նաեւ նրանց սննդի ու հյուրընկալության խնդիրները: 
-Մեր տունը վերածվել էր շտաբի ու զենքի պահեստի, ազգահավաքության վայրի ու հյուրընկալ տան,- շարունակում է Նունեն,- երբեմն էլ խուզարկվող բնակարանի: Ինչ հերոսներ են եկել մեր քաղաք ու այստեղից գնացել հերոսացման կամ նահատակման: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը մեր տան մեջ աղոթք է կարդացել, մեզ վառել հզոր հայրենասիրությամբ: Մեր տանը հաճախակի հյուրընկալվել է Արցախի հերոս Շահեն Մեղրյանը: Սփյուռքահայ տղաներն են մեր տանը հյուրասիրվել ու մեկնել մարտադաշտ: Նրանց մասին ոչ ոք չգիտեր: Թռիչքից առաջ նրանք թաքնվում էին օդանավակայանին մոտիկ բլրակի հետեւում: Հայրիկս ինձ ձեռքով էր նշան անում, ես` նրանց, որից հետո նրանք, առանց ակնթարթ կորցնելու, բարձրանում էին ուղղաթիռ, ուր արդեն տեղավորված էին նախօրոք լինում նրանց զենքերը: Պապիկին չեմ կարող մոռանալ: Կիպրոսից էր: Ծնողներին խաբել էր, թե գնում է Երեւան սովորելու, բայց անդամագրվել էր դաշնակցական ջոկատին: Թռիչքի նախորդ օրը նրա ձեռքի վրա չիբան էր եղել, ամբողջ ձեռքն ու դաստակն ուռել էին: Մայրս մեր այգուց եզան լեզու քաղեց, դրեց Պապիկի վերքին, կապեց, եւ նա քուն մտավ: Առավոտյան արդեն բացվել էր վերքը, ցավը` մեղմել:
-Դուք գիտեք,- ասում էր Պապիկը,- մեզ մոտ այս վերքը լավացնելու համար բժիշկներն ինչքան փող կուզեին: Գնաց Պապիկն էլ հազարավոր այն այրերի պես, որ արյամբ նվաճեցին մեր հայրենիքը: Ու չիմացա` ինչ եղավ նրա ճակատագիրը: 
Բռնագաղթված հայ ընտանիքների մասին էլ էր հոգ տանում, որպեսզի նրանք չմնան անօգնական ու անօթեւան, զգան իրենք իրենց հայրենիքում ու հարազատների մեջ: Սակայն այս մեկ վերհուշը մի անկրկնելի եւ անմոռանալի դրվագ է այն հերոսական օրերի մասին, թե մեր ժողովուրդը հոգու ինչպիսի արիությամբ է մաքառել չար ճակատագրի եւ անողոք հողմերի դեմ:
-Մի օր հայրս զանգեց եւ ասաց. ՙՆունե, պատրաստվիր, մայր ես դառնալու: Հիմա քեզ մի տղա երեխա կբերեն՚:
Բերեցին: Մի քառասուն օրական տղա երեխա էր: Թռիչքից քիչ առաջ մի կին, Շահումյանում, թե՞ Գետաշենում, հասցնում է օդաչուի խցիկ նետել բարուրված երեխային եւ անհետանալ: Օդաչուն կապվել է հորս հետ ու հարցրել, թե ինչպես պիտի վարվի ինքը: Հայրս ասել է` երեխային բեր: Այդ երեխան չուներ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ: Աննման գեղեցկություն ուներ: Սկսեցի մայրությունս: Անունն Էրիկ դրեցի: Կապվեց ինձ նա հոգով ու սրտով, ես` նրան: Անցավ մի քանի ամիս: Մի օր էլ, կեսգիշերին, մեր տան դուռը բախեցին մի ծեր մարդ ու մի ջահել կին: Երբ այդ մարդը կռացավ` հորս ոտքը համբուրելու, ես անմիջապես հասկացա, որ եկել են Էրիկի հետեւից: Երբ ասացի, որ Էրիկին չեմ տա, ջահել կինը մի աղեկտուր ճիչ արձակեց ու նետվեց դեպի երեխան: Հայրս ինձ սաստեց: Հետո երեխային գրկած խեղճ մայրը պատմեց դաժան եղելությունը: Պարզվեց, որ նրա ամուսինը գերվել էր թուրքերի կողմից եւ անհետ կորել: Կինը նորածին երեխային փորձել է թողնել սկեսրայրի մոտ, եւ գնալ ամուսնուն փնտրելու, իսկ վերջինս մերժել է: Հուսահատ կինը դիմել է վերջին ճիգերին. Երեխայի բարուրը թողել է Հայաստան եկող ուղղաթիռում, կարծելով, որ նա ապահով ձեռքերում կլինի, եթե ինքը չվերադառնա ամուսնուն որոնելու ծանրագույն առաքելությունից: Հայաստանից գնացած մարտիկները պատմել են Նվեր Կռնատյանի մարդկային բարձր շնորհների մասին, նա էլ մտածել է, որ իր զոհվելու դեպքում երեխան առանց ծնող չի մնա: Հերոսական ջանքերի գնով կինը կարողացել է փրկագնել ու վերադարձնել իր ամուսնուն, ապա եկել է երեխայի հետեւից: Այդ կնոջ հերոսական արարքը մեզ ցնցեց մինչեւ հոգու խորքը: Երեխայի անունը նրանք Նվեր կնքեցին, հայրս էլ դարձավ կնքահայրը:
 Այդ նվիրական մարդու տոկուն կամքն ու հայրենասիրությունը, անձնազոհությունն ու քաջությունը մեկ անգամ չէ, որ ծառայել են հանուր հայության ու Արցախ աշխարհի փրկության շահերին: Նրան ճանաչում ու գնահատում են բոլոր այն մարտիկներն ու բռնագաղթի ենթարկված մեր հայրենակիցները, ովքեր նրա հետ շփվելու բախտ են ունեցել: Նրան ճանաչել ու գնահատել են ամենուր, որտեղ նա թողել է օգնության ձեռք, մարդկային շնորհներ ու առաքինություն, բարի ու անգնահատելի անուն: Այսօր նա մեր կողքին չէ, բայց միշտ մեր սրտերում է` իր անզուգական կերպարով, արժանապատիվ կեցվածքով ու հայրենապաշտ գործերով:
 Ոչինչ, որ մինչ այժմ կառավարական պարգեւները շրջանցել են նրան: Կարեւորն այն  մեծագործություններն են, որ իրականացվել են Նվեր Կռնատյանի ձեռքերով: Եվ, թեկուզ ուշացած, ժամանակի հետ դեռ կգան այդ կոչումները: Որովհետեւ Նվերն ու նրա նմանները բացեցին հայ ժողովրդի փրկության ու լինելության ճանապարհները:
-Ուրիշ այլ իղձ ու ցանկություն չունեմ,- ասում է հոր հպարտությունը, անունն ու կարոտն իր մեջ կրող Նունեն,- միայն կուզեմ, որ դեպի Գավառի օդանավակայան տանող ճանապարհը, որն այդ հայրենասեր մարդու կյանքի եւ նպատակի փողոցն էր, կոչվի Նվեր Կռնատյանի անունով: Նա դրան լիովին արժանի է…
Նվեր Կռնատյանը, պարզվում է, ունեցել է նաեւ քնարական հոգի եւ բանաստեղծելու ձիրք: Խմբագրությանը տրամադրված այս մեկ հատիկ բանաստեղծությունը, որ գրված է նրա ձեռքով, պատկերացում է տալիս մեզ այդ մեծ հոգու տեր մարդու մարդկային անկշռելի արժանիքների մասին: Ընթերցողներին ներկայացնելով բանաստեղծությունն ամբողջությամբ, հավելում ենք, որ Նվեր Կռնատյանն էլ կրել է որբի տխուր ճակատագիրը, ում հայրը տուն չի դարձել Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերից: Իր չորս զավակների կողքին նա պահել, խնամել, դաստիարակել ու կյանք է ճանապարհել իր քրոջ որբացած հինգ զավակներին եւ եղբոր որդուն: Այս փետրվարի քսանհինգին նա կդառնար 71 տարեկան, բայց արդեն քայլում է հավերժության ճամփաներում:
Խոսրով Խլղաթյան
Վանիկ Օհանյան
Գեղարքունիքի մարզի Ազատամարտի վետերանների միության նախագահ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More