Ամեն մի թանգարան, անկախ նրա կառուցվածքից /պրոֆիլից/
բնական նյութերի և մարդու կերտած արժեքների գիտականորեն համակարգված հավաքածու է,
որն ունի գիտական, գիտատեսական և ճանաչողական բացառիկ նշանակություն:
Գավառի պետական համալսարանում շուտով կբացվի բազմակառուցվածքային
/բազմապրոֆիլ/ թանգարան` մի քանի բաժիններով` հնագիտական, պատմական, ազգագրական, ռազմա-հայրենասիրական:
Թանգարանը խնդիր ունի նաև առարկայական ձևով ցուցադրելու
համալսարանի հիմնադրման օրվանից, նրա ոչ դյուրին պատմությունը, նրա հիմնադիր ռեկտոր
Հրանտ Հակոբյանի գործադրած ջանքերը, յուրաքանչյուր շրջադարձային փուլերում ունեցած
ձեռքբերումները և ընդհանրապես կրթության բնագավառում` հատկապես Գեղարքունիքի մարզում
նրա կատարած անգնահատելի դերի և ավանդի մասին:
Բոլոր նախադրյալները կան, որպեսզի նորաստեղծ թանգարանը`
իր տեսակի ու դերի առումով Հանրապետության կրթական համակարգում դառնա եզակի և օրինակելի
թանգարան:
Արդեն ձեռք են բերվել շուրջ մեկուկես հազարի հասնող
հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստագիտական արժեքավոր նյութեր ու վավերագրական փաստաթղթեր:
Դրանք շուրջ հինգ տասնյակ տարիների ընթացքում` պեղումներով, նվիրատվությամբ, անձնական
միջոցներով գնելով, ձեռք է բերել համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանը և սիրահոժար,
անվարձահատույց նվիրել համալսարանին, որով էլ հիմնադրվում է թանգարանը:
Ավարտված են նախապատրաստական աշխատանքները: Համալսարանի
ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ջանքերով հատկացվել է թանգարանի պահանջներին համապատասխան
շենքային հարմարություն, ձեռք է բերվել այդ նպատակին ծառայող անհրաժեշտ կահույք,
օժանդակ միջոցներ, որով հնարավոր եղավ հավաքված նյութերի նախնական դասավորմանը:
Արդեն իսկ ցուցադրման են դասավորվել եզակի նմուշներ,
որոնք իրենցից գիտական մեծ արժեք են ներկայացնում և կարող են պատիվ բերել ցանկացած
կառուցվածքի ամենանշանավոր թանգարաններին անգամ:
Դրանց շարքին են դասվում շուրջ 40-50 միլիոն տարվա հնության ծովային խխունջների
խեցիները, որոնք հայտնաբերվել են Եղեգնաձորի քարհանքերի ստորին շերտից և լավագույն
վկայություն են անհիշելի ժամանակներում մեր հանրապետության տարածքում ծով լինելու
իրողության:
Հավաքածուներում կան մաքուր ցորենի հինգ հազար տարվա
հնության նմուշներ, որոնք հայտնաբերվել են Լոռու մարզի Լորուտ և Արարատի մարզի Նոր
Կյանք գյուղերի վաղ բրոնզեդարյան հուշարձաններից:
Բազմաթիվ առանձնատիպեր կան խեցեղեն արտադրանքի /կավակերտվածքների/
նմուշների մեջ, որոնք վերաբերում են հնագիտական տարբեր դարաշրջանների /մ.թ.ա. 3-1 հազարամյակներ/,
նաև երկու տասնյակից ավելի մարդկային կմախքների և գանգերի մնացորդներ, որոնցով կարելի
է ուսումնասիրել Հայկական լեռնաշխարհում
ապրած մարդկանց մարդաբանական տիպերը:
Մեծ արժեք են ներկայացնում բրոնզե աշխատանքային գործիքների,
զենքերի, զարդերի, ծիսական նպատակների համար պատրաստված կենդանակերպ և մարդակերպ
պատկերազարդերով բրոնզե գոտիները, ինչպես նաև հին մետաղադրամները:
Որպես թանգարանային մասունքներ, թանգարանի ցուցանմուշների
շարքը կհամալրեն Համշենահայերից ձեռք բերված կենցաղային իրերը:
Թանգարանի ստեղծումը չափազանց բարդ, դժվարին, տքնաջան
աշխատանք պահանջող գործ է, սակայն պատվաբեր, քանզի թանգարանային նյութերը վաղ անցյալի
խոսուն վկաներ են, հավերժ մնայուն և ժառանգություն ապագա սերունդներին: Դրանք ոչ միայն
կնպաստեն տեսական գիտելիքների առարկայական ամրապնդմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը,
այլև կորստից կփրկվեն և հավերժ կպահպանվեն
ժողովրդի անցյալ ժամանակներում ստեղծած և որպես թանկարժեք մասունք դարձած գանձերը:
Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ նոր բացվող այս
թանգարանը, հարստացվելու է նորանոր նյութերով: Համոզված ենք որ կարճ ժամանակամիջոցում
համալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ անձնակազմը, ուսանողությունը,
նրանց ծնողներն ու մարզի բնակիչները , թանգարանային արժեք ներկայացնող նյութեր` հին
իրեր, առարկաներ, նկարներ, աշխատանքային գործիքներ, զենքեր, ծիսական առարկաներ կնվիրաբերեն
թանգարանին` համապատասխան ձևակերպումներով և շնորհակալագրերի արժանանալով:
Թանգարանի հիմնադիր` Վ.Վ. Ավետյան
0 comments:
Отправить комментарий