Արդեն քսան օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում են անասնակերի կուտակման եւ հացահատիկային եւ բանջարբոստանային մշակաբույսերի ոռոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը՝ հուլիսի առաջին 20 օրերի դրությամբ հնձվել է մոտ 5 հազար հեկտար բազմամյա խոտաբույսերի ցանքեր: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը, համաձայն նույն կենտրոնի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների, կազմել է 35-40 ցենտներ:
Վերջին երկու օրերի ընթացքում խոտհունձն արդեն տեղափոխվել է դեպի բարձրադիր գոտիների բնական խոտհարքներ, ուր դարձյալ անասնակերի առատ պաշար կա, քանի որ հեկտարի միջին բերքատվությունն այստեղ կազմում է 20-25 ցենտներ: Անասունների ձմեռացման համար բավարար անասնակեր, դեռ մի բան էլ ավելին, տնտեսությունները կկուտակեն, սակայն, ինչպես ցույց է տալիս բերքահավաքի ընթացքը, այս տարվա առատ խոտածածկույթի որոշ մասը, որը գտնվում է ավելի բարձրադիր գոտիներում եւ հեռագնա վայրերում, չի հնձվելու եւ հավաքվելու մի շարք պատճառներով, մասնավորապես աշխատուժի պակասի, ինչպես նաեւ վառելանյութի եւ գյուղտեխնիկական միջոցների մատուցած ծառայությունների բարձր գների պատճառով: Անասնակերի կուտակման աշխատանքները մարզում կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջին տասնօրյակ:Հուլիսի առաջին երկու տասնօրյակում Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում ընթանում են նաեւ հացահատիկային եւ բանջարբոստանային մշակաբույսերի ոռոգման աշխատանքները: Հացահատիկի ցանքերը ոռոգվել են երկու, կարտոֆիլի ցանքերը՝ մեկ անգամ: Հուլիսին տեղացած անձրեւները, կարելի է ասել, դրական նշանակություն ունեցան մշակաբույսերի աճի եւ զարգացման համար: Արդեն կարելի է համոզված ասել, որ այս տեղումները, մանավանդ վերջին օրերի ընթացքում, կանխեցին երաշտի հետագա ընթացքը եւ նրա առաջացրած բացասական հետեւանքները հատկապես անջրդի ցանքատարածություններում, արոտներում ու խոտհարքերում:
Մարզի համայնքներում ու յայլաղատեղերում անասունների շրջանում համաճարակային հիվանդությունների բռնկման դեպքեր չեն արձանագրվել, իսկ Վահանում եւ Գետիկում բռնկված դեպքերը կանխվել են ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:
Խոսրով Խլղաթյան
0 comments:
Отправить комментарий