/սկիզբը՝ նախորդ համարներում/
Երեկոյանում էր. ավտոբուսները շտապում էին: Տավրոսյան լեռնաշղթայի Նեմրութ սարի ստորոտ հասնելու համար դեռ պետք է կտրեինք - անցնեինք Եփրատ գետը... Արդեն թանձր խավար էր, երբ հանգրվանեցինք բացօթյա մի տաղավարում եւ նստեցինք թեյելու... Զով գիշեր էր, թեյն անուշաբույր էր, մոտերքից հսկայածավալ ջրի հեւք էր լսվում... Եփրատն էր... Մենք դրախտագետի ափին էինք...
Քիչ անց, երբ լաստանավով ընթանում էինք գետն ի վեր` դեպի մյուս ափ, փորձում էինք Եփրատից ինչ-որ ազդակներ ստանալ, բայց գիշերային մռայլ խոհերը պատել էին նրան, եւ նա հաղորդակցվում էր հավերժական ուղեկցի` լուսնի հետ` նրա աղոտ լույսի տակ ալյակ առ ալյակ իր միակ ընթերցողին ներկայացնելով բյուրավոր մորմոքները... Գետի մյուս ափից մեր ավտոբուսները, որ լաստանավի վրա հասցրել էին մի թեթեւ շունչ քաշել, կրկին ճեղքեցին համատարած խավարը, սուրացին դեպի Նեմրութի ստորոտ... Այստեղ մի պարզունակ իջեւանատուն կար, որտեղ չհասցրինք անգամ նիրհել... Դեռ լույսը չբացված` սկսվեց մեր վերելքը դեպի Նեմրութի գագաթ... Վաղորդյան աղջամուղջին իծաշարուկ ելնում էինք վեր. առջեւից պատանեկան թեթեւությամբ ընթանում էր Ոսկան Կարսեցին, նրան հետեւում էր Ամբիկ Ղարիբյանը` շատ կարեւոր պարունակությամբ իր ուսապարկով, որ որեւէ մեկիս չէր վստահում, այնուհետեւ Համլետ Հարությունյանն էր` իր կատակներով զվարթացող մարդկանց խմբով, ապա` մյուսներս, եւ այդպես մի հայակազմ շղթա ձգվում էր լեռնագագաթ` այնտեղ արեւագալը դիմավորելու... Նեմրութի գագաթն արդեն բազմամարդ էր. զանազան ազգերի մարդիկ այդ ե՞րբ էին հասել այստեղ... Մութը փախուստի մեջ էր... Թեթեւ մշուշում ամենուր լեռնազանգվածներ ու բլրաշարքեր էին ուրվագծվում. լեռների ծով էր... Հայացքներս դեպի Արեւելք` սպասում էինք... Ծիրանազգեստ հորիզոնում առանձնանում էր գոգավոր մի լեռնակատար... Ու հանկարծ... ու հանկարծ այդ գոգավորությունը հրավառվեց, հորդեց Լույսը, շառագունեց Արեւելքը, լուսավառվեց Տիեզերքը... Գոգավորության միջից փառահեղ հանդիսավորությամբ սկսեց բարձրանալ հուր Արեգակը... Ալինա Ղարիբյանը խորհրդավոր ձայնով ու երկյուղած շշնջաց.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
ԵՒ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ...
Ալինան այլեւս ՙՎահագնի ծննդի՚ իր մեկնաբանությունն ուներ` իր աչքով տեսած... Հետեւից լսվող հիացական բացականչությունները մեզ ստիպեցին շրջվել... Արեւի առաջին շողերը դիպել էին լեռնակատարի իշխող բլրի վրա կողք կողքի շարված իրենց գահերին բազմած աստվածների արձանախմբին... Մենք այլ իրականության մեջ էինք` ժամանակից ու տարածությունից դուրս... Մեր հեռավոր նախնիները այդ ի~նչ անարատ, համընդգրկուն ու հզոր աշխարհընկալում են ունեցել, այդ որքա~ն ներդաշնակ են եղել Բնությանն ու Տիեզերքին, այդ որքա~ն գեղագետ ու փիլիսոփա են եղել... Բայց թերեւս նախնական իմաստնությունն ավազի պես հոսել ու հոսում է ցած, եւ գնալով տրված Ժամանակը սպառվում է... Եվ աստվածների գլուխները իրենց ուսերի վրա չէին, այլ բլրի ստորոտում, եւ մենք, որ հասակով այդ գլուխներին հավասար էինք, հանդգնեցինք նկարվել նրանց հետ... Հոգեւոր վերելքի պահին հայերս սիրում ենք բաժակ բարձրացնել... Մեր բարի եւ իմաստուն հայրիկը` Ամբիկ Ղարիբյանը, բացեց ուսապարկը... Այլազգիների հիացական հայացքների տակ ճապոնացին իրենցերեն (իրենց լեզվով) կենաց ասաց ու ըմբոշխնեց հայկական կոնյակը... Նեմրութի գագաթից իջանք թեւեր առած... Վայրէջքի ճանապարհին մի կրպակ կար, որտեղ տարատեսակ հուշանվերներ, արձանիկներ, արձանախմբի վերաբերյալ գրքեր էին վաճառվում, նաեւ` մի սնամեջ քար, որի միակ արժանիքը Նեմրութի լանջից բերված լինելն էր... Իսկ կրպակի կողքին զբոսաշրջիկների հետ նկարվելու պատրաստ էին ջորին ու ավանակը` ի շահ իրենց տերերի... Հասանք Եփրատի ափ. լայնահուն ու հզոր գետը այս անգամ մեզ սիրալիր դիմավորեց, նաեւ թույլ տվեց իր տաք ջրերում լողալ... Գետի բարձր տրամադրությո՞ւնը փոխանցվեց գյուղապետ Կորյունին, որը հայտնաբերեց, որ Եփրատի ջուրը արցունքահամ չէ... Լաստանավը մեզ վերադարձրեց մյուս ափ, եւ Եփրատը գոհ էր, որ կարողացավ մեզ ժպիտով հրաժեշտ տալ...
Վիկտոր Կատվալյան
/շարունակելի/
0 comments:
Отправить комментарий