Մայիսի 28-ին Գավառի մանկատուն էին այցելել գերմանական <<Զեփելին>> կազմակերպության ներկայացուցիչները` կազմակերպության երեւանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Հայկո Անդրեաս Կրայսելի գլխավորությամբ:
<<Զեփելինի>> գրասենյակի եւ կադրերի ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը <<Գեղամա աշխարհի>>թղթակցին հայտնեց այցելության նպատակների մասին: Ըստ Է. Հովհաննիսյանի` իրենց կազմակերպությունը իրականացնում է տարաբնույթ ձեռնարկներ, միաժամանակ կատարելով ներդրումներ այն ոլորտներում, որտեղ իրենց օգնության կարիքը կա:
Այս անգամ հերթը Գավառի մանկատանն էր, որտեղ էլ <<Զեփելինը>> իրագործել է երկփուլանոց ծրագիր: Ծրագրի մի մասով Գավառի մանկատանը կառուցվել է առանձին լոգարան` 8 առանձին լողախցիկներով: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մանկատան այգում տեղադրվել են նոր կառուսելներ, եւ ամբողջությամբ մշակվել է այգու տարածքի գազոնային ծածկույթը:
<<Զեփելինը>> կազմակերպության ներկայացուցիչները ոչ միայն շրջեցին այգում` արձանագրելով իրենց բարեգործության արդյունքները, այլեւ ծառատունկ իրականացրին:
Այնուհետեւ հյուրերը մանկատան աշխատակազմի եւ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան մասնաշենքերում, եղան ննջասենյակներում, ճաշարանում, խաղասենյակներում, արհեստանոցներում եւ նորակառույց լողասենյակում:
Այնուհետեւ մանկատան սաները օրվա հյուրերի համար հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ` ներկայացնելով երգ ու պար, ասմունք եւ բեմադրություն:
<<Զեփելինի>> Հայաստանի գրասենյակի տնօրեն Հայկո Անդրեաս Կրայսելը տեղեկացրեց, որ գերմանական կազմակերպությունը ստեղծել է 1909 թ., Գերմանիայում` հիմնադրելով դիրիժաբլների առաջին գործարանը: Կազմակերպությունը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը` արտադրելով տարատեսակ տեխնիկա: Արտադրությանը զուգահեռ ընկերությունը կատարում է ներդրումներ տարբեր ոլորտներում: Ըստ Հայկո Անդրեաս Կրայսելի` կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2005 թվականին:
Միջոցառման ավարտին գերմանական կազմակերպության ներկայացուցիչները մանկատան բոլոր սաներին հանձնեցին նվերներ: Բարեգործները մանուկների համար բերել էին նաեւ տորթ, թութակներ եւ խամյակներ` մանուկների մեջ սերն ու հոգատարությունը խորացնելու նպատակով:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий