ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 декабря 2011 г.

ՀԵՌԱՎՈՐ ԴԱՐԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԸ, ՊԵՂՈՂԸ, ՎԵՐԾԱՆՈՂԸ

/ՎԱՐՇԱՄ ԱՎԵՏՅԱՆ/
/մաս 2/

 -Պարոն Ավետյան, երբվանի՞ց սկսեցիք զբաղվել հնագիտական ուսումնասիրություններով:
-Հնագիտական պեղումներ սկսել եմ կատարել 1958 թվականից: Ընդգրկվել եմ մեծ հնագետ Հարություն Մնացականյանի արշավախմբում: Հարկ է նշել, որ նա եղել է ժամանակի խոշոր ուսումնասիրողներից մեկը, իր գործին նվիրված ղեկավար: Արշավախումբն ուներ 150-200 անդամ, որի կազմում ընդգրկված էին նաեւ տեղացի երեխաներ, ովքեր աշխատում էին իրենց ընտանիքների կարիքների համար` վաստակելով որոշակի գումար: 
 Եղել եմ արշավախմբի պետի տեղակալ, իսկ ջոկի հրամանատարը այդ ժամանակ Գեդեոն Միքայելյանն էր: Մեր արշավախումբը Հարություն Մնացականյանի գլխավորությամբ պեղումներ է կատարել 20 տարի շարունակ, իսկ նրա մահից հետո ղեկավարի բարդ ու պատասխանատու գործը ես եմ ստանձնել: 
-Թվով քանի՞ հնագիտական հուշարձան եք հայտնաբերել:
-Հայտնաբերել եմ 89 հնագիտական հուշարձան, որոնց մեծ մասը ֆիքսված են, բայց ուսումնասիրված չեն:
-Մեր մարզի ո՞ր համայնքներում եք պեղումներ կատարել:
-Պեղումներ ենք կատարել Լճաշենում,  Նորաշենում, Չկալովկայում, Երանոսում, որտեղից հայտնաբերվեց մի ամբողջ դամբարանադաշտ` 200 դամբարանով, որոնք վերաբերվում են 3-րդ հազարամյակին եւ 9 դամբարան` միջին բրոնզե դարին: Կան նաեւ դամբարաններ, որոնք չեն ուսումնասիրվել: Պեղումներ ենք կատարել նաեւ Սեւանի շրջանում` Սեւան քաղաքում, Դդմաշենում, Զովաբերում,   Ծաղկունքում, Գեղամավանում, Գոմաձորում, Վարսերում, Ծովագյուղում, Ակունքում եւ այլն:
 -Դուք պեղումներ, հետազոտություններ եք կատարել նաեւ Հայաստանի տարբեր հատվածներում:  Խնդրում ենք ընդհանրացված  ներկայացնել Ձեր կատարած ուսումնասիրությունները:
-Պեղումներ եմ կատարել Թումանյանի շրջանի Շնողի տարածքում, Թեղուտ, Փիջուտ, Դուքանաձոր, Մեծ Ուռթատեղ, Բազի քիթ, Ղարաքոթուկ, Միրզաքար, Նիկոլի Ուրթատեղ, Սարիբեկի թալա, Աճառկուտ եւ այլ վայրերում: Դրանք մեծ մասամբ գտնվում են բարձրլեռնային շրջաններում: Քանի որ նախկինում կատարված պեղումները հիմնականում դաշտավայրերում էին կամ ցածրադիր վայրերում, բարձրլեռնային գոտիներում ձեւավորված մշակույթի մասին անբավարար պատկերացում կար Թռեղքից, Սեւանի ավազանից եւ հայտնի չէր, թե հիմնականում երկրագործ ցեղերից բացի, անասնապահ ցեղերը ի՞նչ մշակույթ են ունեցել եւ ինչ առնչություններ համաժամանակյա մյուս ցեղերի հետ: Նմանատիպ նյութեր բացվել են Ղարաքոթուկ վայրի բնակատեղիներից: Այնտեղ պեղվել են շուրջ 40 դամբարաններ, որտեղ հայտնաբերված նյութերը վերաբերում են միջին եւ ուշ բրոնզի դարերին, այսինքն, Ք. ա. 2-րդ հազարամյակից մինչեւ 1-ին հազարամյակի սկիզբը: Պեղումների ժամանակ պարզվել է, որ այնտեղ թաղումները կատարվել են դիակիզման ձեւով: Հայտնաբերվել են  գունազարդ եւ սեւ փայլաներկով, մասամբ նաեւ աղյուսագույն կավամաններ, որոնք առնչություն ունեն Ամարանիս Գորայի, Սաչխերոյի, Շուլավերի, մասամբ Թռեղքի միջին բրոնզեդարյան կավամաններին, իսկ մի մասը, որոնք աղյուսագույն են, զուտ տեղական արտադրանքի արգասիք են, դրանց հետ հայտնաբերվել են բրոնզե դաշույններ, նետասլաքի ծայրակալներ եւ պերճանքի առարկաներ: Այնպիսիք, ինչպիսիք գտնվել են համաժամանակյա մյուս հուշարձաններից: Հատկապես ուշագրավ են հրաբորբոքները եւ զոհարանները, որոնք ի տարբերություն մյուս հնավայրերից հայտնաբերածների, նոր տիպի են, զոհարանները` քառակուսաձեւ (սովորաբար հայտնաբերվել են եռանկյունաձեւ), հրաբորբոքները ունեն լայնացող մակերես: Մյուս վայրերից հայտնաբերվածները խողովակաձեւ են: Դրանով էլ Ղարաքոթուկի մշակույթը, ընդհանրություններ  ունենալով հանդերձ, ինքնատիպությամբ տարբերվում է մյուսներից: Այստեղ հայտնաբերվել են նաեւ քարերից պատրաստված գնդաձեւ գործիքներ 20-30 սմ տրամագծով, որոնց նշանակությունը դեռեւս  պարզված չէ: Այդ տիպի գործիքները կամ առարկաները նախկինում հայտնի են եղել որպես լախտեր, դրանք կապվել են կաշվե ժապավեններով եւ պտտեցնելով արձակել կամ կենդանիների, կամ մարդկանց վրա: Սրա նշանակությունը  դեռեւս հայտնի չէ: Ղարաքոթուկում առաջին անգամ հանդիպել է մի անսովոր թաղում, որտեղ դամբարան է դրվել միայն մարդու դաստակը, մյուս մասերը չկան: Եվ քանի որ այդ դամբարանադաշտում հիմնականում թաղումները կատարվել են դիակիզման ծեսով, նշված մարդու դաստակը, որի տարիքը մոտ 3800 է, մնացել է ամբողջությամբ, նույնիսկ` միսը վրան: Պարզվել է, որ այդ նույն դամբարանում մի բույսի տեսակ է եղել, որի արմատները սնվել են բակտերիաներով, ինչի շնորհիվ դաստակը չի քայքայվել եւ պահպանվել է նորմալ վիճակում: Դժբախտաբար, պեղողների անզգուշության պատճառով բույսի արմատները չեն պահպանվել: Մեծ Ուրթատեղ կոչվող սարում հայտնաբվերել է նաեւ մեկ ուրիշ հետաքրքիր երեւույթ, որը դարձյալ որեւէ հնավայրում չի նկատվել: Դամբարանաձեւ կառույցներից մեկում, որը նման էր կուրգանի եւ ուներ 22 մետր բուրգի տրամագիծ, բացվել են կավակերտ, տաշտականման, կլոր կառուցվածքով հարմարանքներ, որոնք ունեին 80 սմ տրամագիծ, 30-35 սմ խորություն, որոնցում կատարվել են դիակիզումներ: Այդ հարմարանքներում գտնվեցին մոխրի եւ մարդու մնացորդներ:  Մեծ Ուրթատեղից նույնպես հայտնաբերվեցին Ղարաքոթուկից հայտնաբերվածների  նման կավամաններ եւ այլ իրեր, որոնք բնորոշ են միջին բրոնզե դարին: Հատկապես դիակիզարանը վերաբերում է այդ ժամանակաշրջանին: Նիկոլի Ուրթատեղ եւ Սարիբեկի Թալա կոչվող վայրերում կատարած պեղումներից հայտնաբերվել են ուշ բրոնզե դարի նյութեր, որոնք նման են համաժամանակյա նյութերին, հատկապես Որնակից, Ակներից  հայտնաբերածներին: 
-Խնդրում ենք ներկայացնել մեր լեռնաշխարհի բնակչության արվեստն ու մշակույթը` ըստ ճյուղերի:
-Մեր բնակչության մշակույթի զարգացման հիմքը մետաղամշակությունն է: Մետաղագործության եւ վերջինիս մշակության հետ է կապված Սոդքի ոսկու հանքը, որը ամենահին հանքավայրն է եւ Ք. ա. 7-րդ հազարամյակում շահագործվել է բաց հանքահանմամբ` ցրոնների ջրալվացման միջոցով: Ստացված ոսկու նմուշներից գտնվել են Լճաշենից: Մեծամորի հնություններում նույնպես կա մեր Սոդքի ոսկին: Լճաշենում հայտնաբերվել են երկաթի մշակության երկու հալոցներ` Ք. ա. 18-րդ դարի, այսինքն մեզանից 3800 տարի առաջ: Դրանցից առաջինում ձուլել են նաեւ պղինձ, երկրորդում` միայն երկաթ: Պահպանվելով հազարամյակներ` վերջիններս Հայաստանի երրորդ Հանրապետության 90-ականների դժվարին տարիներին քանդվեցին ու անհետացան:
 Մեր ժողովրդի համար խեցեգործությունն ունեցել է պաշտամունքային նշանակություն: Սակայն ոչ միայն խեցեգործությունն է զարգացման բարձր մակարդակի հասել, այլ նաեւ` փայտամշակությունը, զինագործությունը, արձանագործությունը` կենդանակերպ, մարդակերպ: Այստեղից էլ հետեւում  է, որ տնտեսությունն իր ճյուղերով` անասնապահություն, երկրագործություն, ձկնորսություն եւ որսորդություն, գտնվել է բարձր մակարդակի վրա:
 Տարածաշրջանում բավականին զարգացած է եղել երկրագործությունը: Դրա վառ ապացույցն է Կիկլոպյան ամրոցի պահեստից հայտնաբերված ցորենի  մնացորդները: 
-Խնդրում ենք անդրադառնալ դրամագիտությանն ու Հայաստանում դրամական շրջանառության սկզբնավորմանը:
 -Մետաղե դրամների շրջանառությունը, որ ծայր է առել Հունաց աշխարհում Ք.ա. 8-7-րդ դարերի սահմանագլխին, բավականին ուշացումով շրջանառության մեջ դրվեց նաեւ Հայաստանում: Հայոց թագավորներ Երվանդ Սակավակյացը եւ նրա անմիջական հաջորդը` Տիգրան Երվանդունին, թեեւ դրամներ չեն հատել, սակայն երկրում շրջանառության մեջ են դրել Անտիկ աշխարհի դրամներից, որոնցից գտնվել են Հայաստանի տարածքում եւ դրանք վերաբերում են Ք.ա. 6-5-րդ դարերին: Հայտնաբերվածներն են` Աքեմենյան, Միլեթյան եւ Աթենական արծաթ դրամները: Վերջինս` Աթենականը, մեզ չի հասել, սակայն 1905 թվականին Ալեքսանդր Պախումովը Երեւանում անձամբ է տեսել այն եւ նկարագրել է, թե ինչ չափի, ինչ մեծության էր եւ ինչ պատկերաքանդակ ուներ: Մեր թվարկությունից առաջվա դրամները հայտնաբերվել են Արին-Բերդի պեղումների ժամանակ եւ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանի դրամագիտության բաժնում: 
 Դրամների արտաքին կողմի ուսումնասիրությունները, այսինքն դրամի պատկերը, ձեւը, դրամի վրայի էմբլեման եւ այլն, հնարավորություն են ընձեռում լուսաբանելու մի շարք կարեւոր հարցեր` կապված այս կամ այն պետության քաղաքական, մշակութային կյանքի, սոցիալ- տնտեսական հարաբերությունների, կրոնական պատկերացումների եւ ընդհանրապես գաղափարախոսության հետ: Դրանցով վերականգնվում է հին ժամանակների տնտեսական կյանքի մի շարք երեւույթներ: Պեղածո կամ պատահական գտնված առանձին դրամների եւ գանձերի տեղագրական ուսումնասիրություններով որոշվում է հնագույն շրջանի առեւտրի ուղղությունները, փոխանակության ձեւերը, փոխանակման չափերը եւ այլն: 
 Հայկական պետք է համարել բոլոր այն դրամները, որոնք կտրվել են Հայաստանի տարածքում կամ վերաբերում են Հայաստանին: Դրանց մի մասի վրա կան հայկական տառերով` գաղափարագրերով, ՙՀայաստան՚ վերտառությունը, իսկ մյուսների վրա` լատինական, հունական, արաբական, մոնղոլական գրերով: Հայաստան ասելով պետք է հասկանալ պատմական Հայաստանը` Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա: Հայաստանին վերաբերող դրամները կամ ոսկի են, կամ արծաթախառն ոսկի: Կան նաեւ արծաթապղնձե դրամներ: 
 Մինչեւ այժմ Հայաստանի վերաբերյալ թողարկված դրամները պայմանականորեն բաժանվում են մի քանի ժամանակաշրջանների. անտիկ եւ հելլենիստական կամ նախամեսրոպյան ժամանակաշրջանի դրամներ, որոնք վերաբերվում են Ք.ա. 519-414 թվականներին: Այդ դրամների մեջ մտնում են հայկական գրերի գյուտից առաջ հայոց հողում տպված դրամները:
 Այնուհետեւ հանդիպում են վաղ միջնադարյան` Մեսրոպայն /414-1187/, հռոմեական  /Ք.ա.183-69թթ/, պարսկական /273-627/, բյուզանդական /582-1341/, արաբական /661-932/, մոնղոլական /1220-1445/, փոքր իշխանությունների, սելջուկյան /11-14րդ դարեր/, ռուբինյան /1187-1489/, վրացական /1124 -1236/, օսմանյան /1512-1823/, խորհրդային ու նոր շրջանների դրամներ եւ այլն:
Այս մասին կարելի է շատ երկար խոսել, բայց այս դեպքում մանրամասնությունների վրա կանգ առնելը իմաստ չունի: Միայն հարկ եմ համարում նշել, որ Սեւանի ավազանից գտնվել է միայն մեկ դրամ` այն էլ առեւտրի հետեւանքով այստեղ բերված: 
-Կարող ե՞ք Ձեր հայտնաբերած նյութերից առանձնացնել մի քանի առավել հետաքրքիրները: 
-Գեղամա եւ Վարդենիսի լեռներում հայտնաբերվել են մարդ-աստծո եւ մոլորակների պատկերներ: Լճաշենում, որը, կարելի է ասել, մեր հնագիտական նյութերի ոսկյա գանձարաններից մեկն է, հայտնաբերվել է բրոնզե մի հետաքրքիր առարկա` արեւի, յոթ մոլորակների եւ նրանց դասվորության պատկերով: Առարկան 3500 տարվա պատմություն ունի եւ վերաբերվում է Ք.ա. երկրորդ հազարամյակի կեսերին: Այն պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:
 Լճաշենում հայտնաբերվել է նաեւ երաժշտական գործիքներից քնարը, որի տերը սովորական մարդ է եղել: Իր յուրահատկությամբ առանձնանում է նաեւ երեխայի դամբարանը, որի կմախքի գանգը ավելի մեծ է եղել, քան մարմինը, այսինքն երեխան հիվանդ է եղել: Նրա հետ հայտնաբերվել են խաղի համար դրված 54 ճան եւ օբսիդիանի անմշակ ծայրակալներ, որը երեւի արվել է երեխայի զբաղմունքն այն կյանքում շարունակելու նպատակով: Հետաքրքրական են նաեւ Ղափանի Վահանավանքի տարածքում հայտնաբերված կրկնակի թաղումները, երբ նույն գերեզմանում 100-200 տարի հետո կատարվել է մեկ ուրիշ թաղում: 
 Հայտնաբերված զենքերը, դաշույնները, սրերը, գուրզերը եւ վերջապես լճաշենյան սայլերը, որնցից ողջ Անդրկովկասում հայտնաբերվել են 20 հատ Լճաշենում, 1 հատ` Ներքին Գետաշենում եւ 2 հատ` Թռեղքում, իրենցից նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում:
Հասմիկ Գրիգորյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More