(սկիզբը՝ նախորդ համարներում)
Կոստան Զարյանին հաջողվել է կերտել հայ քնարերգության գլուխգործոցներից մեկը՝ միաձուլելով իրար հայկական գյուղի հովվերգական կյանքը, ֆիդայիների պայքարը, իղձերն ու ձգտումները, որոնց միջով էլ անցնում ու ավարտվում է Հովանի եւ Սանայի սիրո ողբերգական, բայց բացառիկ պատմությունը: Հավատարիմ մնալով<<Յիշատակների՚>> ոգուն, զրույցի քնարական ու էպիկական շնչին՝ Զարյանը գեղարվեստական կատարելության է հասցրել ֆիդայական կյանքի փոթորկուն դրվագներից մեկը: Սերը կյանքից է հզոր, կյանքը՝ սիրուց: Եվ նրանց մեջտեղում բռնկվում ու մարում է Մարդը՝ Սիրո եւ Կյանքի անհույս գերին: Զարյանը հոգու ահռելի խորությամբ եւ արվեստագետի ողջ ուժով է բացել <<Տատրագոմի հարսի>>զրույցի հոգեբանական հարուստ ծալքերը, վեր հանել Հովանի եւ նրա կնոջ վեհ ապրումները եւ կյանքի պարտադրած քմահաճույքներն ու դաժանությունները, անբացատրելի, ճակատագրական ընթացքները:
Վաղուց արդեն չկա Տատրագոմ գյուղը, ավելի ճիշտ՝ հայկական Տատրագոմը, ուր հազարամյակներ շարունակ ապրել եւ ստեղծագործել է հայ մարդը, հնչել է հայոց բառն ու բանը: Տատրագոմի ճակատագրին արժանացած հազարավոր գյուղեր էլ մահաբեր Մեծ Եղեռնի տարիներին ամայացան ու հայաթափվեցին՝ շատ դեպքերում առանց հիշատակ ու հուշարձան: Սակայն Ռուբենի ՙՅիշատակների՚ եւ Կոստան Զարյանի ՙՏատրագոմի հարսի՚ Տատրագոմն ունենալով գրական ու պատմական մի շքեղ հուշարձան՝ ներծծված համամարդկային անկրկնելի հնչեղությամբ:
Զարյանը քանդակել է անցած դարի արեւմտահայկական գյուղի պատկերների երկար շղթան, նրա կյանքի անկանգ սլացքում կատարվող յուրօրինակ իրադարձությունները: Պոեմը սկսվում է գյուղի հարսանիքով, այն լուսավոր ծեսով, որով սկսվում է տան եւ ընտանիքի միությունը, ծլարձակումը, հիմնումը: Թինդ է առել Տատրագոմի կյանքը Հովանի եւ Սանայի հարսանիքի ժամանակ: Եռում, հրճվում ու պարում է գյուղը՝ բերկրանքից եւ ուրախությունից խելքը կորցրած: Հովանն ու Սանան մտնում են երազային նոր աշխարհ, սիրո ու արարչագործ զորության աշխարհ.
-Սանան գնում է՝
փոքրիկ քայլերը ձյունին քսելով,
եւ կրծքին սեղմում հովի հառաչը:
Սանան գնում է ու ներաշխարհի երազանքների
լուսով քանդակված կածան է տեսնում,
Ուր բյուր ոգիներ, անհասկանալի,
Լեռան կողերին, թռչկոտող, ուրախ,
մի պար են պարում:
Սանան նայում է, ժպտում է երկար
Ու ձեռքը տանում ուժգին բաբախող իր փոքրիկ սրտին:
...Ի~նչ լավ է, եղբայր, Հայոց աշխարհի տոնը միամիտ:
...Ու ահա զվարթ, արախչին տնկած գլխի կատարին,
Թեւերը պարզած թիերի նման,
կուրծքը շարժելով,
պարում է նազով թագվոր Հովանը:
Թագավորին ու թագուհուն, հարսանքավոր բազմությանը չեն խանգարում ցուրտ, ձյունոտ գիշերն ու հայոց աշխարհի խստաշունչ բուք-բորանը: Գինին խառնվել է ուրախության կանչերի, բարձրագոչ աղմուկ-աղաղակի հետ: Սակայն այս անգամ էլ մարդու անդորրը, որախությունն ու վայելքը ոչ թե քամին ու բուքն են խանգարում, այլ՝ թուրքերը: Ձիավորի բերած բոթով էլ ավարտվում է հարսանեկան պատկերն ու գիշերը, գյուղի մարդկանց ուրախ ու գինովի տրամադրությունը.
ՙԽեր լինի, ախպե՜ր...
Այս անգամ խեր չէ, թուրքերը եկել,
հարեւան գյուղից աղջիկ են տանում, տավար ու նախիր.
դիրքեր բռնեցեք՚...
Հաջորդ գլխում կամ պատկերում արդեն Հովանը, Սանան եւ ողջ Տատրագոմը լցված են ծով արարչագործությամբ: Նրանք գործի են դրել իրենց մկանները, ջանքերը, ձեռքերն ու ոտքերը, լծկանները, գյուղգործիքները: Նրանց կամքի ու եռանդի առաջ մաքրվում է քարքարոտ արտը, հերկվում է հողը, նրա ծոց է մտնում առողջ սերմը, ծիլը դառնում է հաց ու աղուն: Հայն իր դյուցազնական ոգին պարպում է ոչ թե ավեր-թալանի, նախճիր-ոճիրների, այլ՝ հաց ու բարիք արարելու վրա: Եվ այստեղ նա պակաս զինավառ, պակաս խրոխտ զինվոր չէր, քան՝ մարտադաշտում կռվող զինվորը.
-Սեղմում է գլխին թաղիքը ուժով, քայլում է արագ
Հովանը ահա,
բոռում է, կանչում, շվվալով զարնում ձեռքի ճիպոտը
լեռներից ընկնող հորիզոնին վառ.
ուժ տալիս խոփին ամբողջ իր մարմնով,
որպեսզի ճեղքի երկիրը Հայոց՝
Դար դարի ետքից դուրս հանի պառկած շերտերերը համառ,
շերտերը ծալված
լուռ ոգիների խորհուրդների տակ...
Ոմանք հնձում են, ոմանք հեսանում կռացած գերանդին,
Ոմանք երգելով խուրձեր են կապում,
խոտը ոլորում, շալկում ծաղիկը
եւ դանդաղ քայլով բարձրանում լեռը՝
բուրումներ սփռում Տատրագոմի շուրջ:
Արարման այդ ակնթարթները սկսվում են ձնհալի հետ ու ավարտվում աշնանը՝ բերք ու բարիքի մեջ թաղելով Տատրագոմը, որն իրեն չի էլ կարող պատկերացնել առանց կովերի ու եզների բառաչի, գերանդու շառաչի, ցորենի հասկի, ծաղկած ու պտղած ծառերի, ժրաջան աշխատանքի, քրտնաշաղախ, հոգնաբեկ մկանների, խաղաղ ու լուսավոր եզերքի մասին երազն իր ձեռքերով իրականություն դարձնելու: Սակայն սեւ ամպերի ու վերահաս հողմերի պես մթնում է Տատրագոմի պայծառ հոգին, երբ բերք հավաքելու բերկրանքի մեջ եռացող ու պար եկող գյուղի գլխին կանգնում են մեր հողի ու արյան մյուս թշնամիները՝ զինավառ քրդերը: Մթնում է Հովանի երազուն, սիրով բռնուկուն հոգին, երբ գյուղի ծերերը խրատում են նրան՝ զուր տեղը ծռություն չանել եւ գյուղը կոտորածի չտալ, այլ ենթարկվել լուռումունջ ու համակերպվել իրականության հետ: Քուրդ զինյալները ողջ գիշեր ըմբոշխնում ու քեֆ են քաշում Տատրագոմում, որտեղից լուսադեմին տանում են սայլերին բարձած հարուստ ավարը: Հովանի հոգում եռում է անսանձ վրեժը: Նրա ձեռքն արդեն մաճի տեղ սուր է ուզում բռնել: Եվ այս վճիռը չի բեկանվում անգամ Սանայի անմեղ, հրեշտակային կերպարի ազդեցության տակ.
ՙՄինչեւ ե՞րբ պիտի ծռենք մեր վիզը տավարի նման...
Բա նամուս չունի՞նք... Բա մեր ծերերը ամոթ իսկ չունի՞ն...
Մինչեւ երբ պիտի...՚
Այդ հարցի պատասխանը չգտնող Հովանը զինվոր է գնում: Մանկամարդ Սանան դատապարտվում է մենակության: Ֆիդայի գնալու վճիռը Հովանի մոտ գալիս է ոչ այդքան հեշտորեն ու միանգամից: Նա այդ գիշեր երկար է նայում իր մանկամարդ կնոջ դեմքին, վարսերին, թարթիչներին, տառապում նրան լքելու մտքի ցավից, ելք որոնում, եւ այդ ելքի դուռը հանկարծ դառնում է միակը՝ ֆիդայության արհավիրքոտ ճանապապարհը: Հովանը ՙՏատրագոմի հարսը՚ ստեղծագործության մեջ երկու անգամ է ոռնում-կաղկանձում, երկու դեպքում էլ՝ անզորության ցավից: Առաջին դեքպում նրան կրծում է իր ընտանիքը լքելու, իր կերպն ու սերունդը չշարունակելու ցավը:
-Հովանը կանգնած իր շեմի առջեւ, վագրի աչքերով դիտեց լեռները եւ վճիռ առած ներս մտավ խրճիթ:
Տխուր ու լռիկ նայեց Սանային: Ուզեց բան ասել՝ կծեց շրթունքը:
-Գիշեր քուն չեղար... Հովա՜ն, բա՞ն մը կա...
-Ի՞նչ պիտի լինի...
Հետո թռավ դուրս
եւ վիրավորված որսի շան նման երկար կաղկանձեց: Խենթի պես շրջեց տների շուրջը, նայեց ամեն ինչ,
ժամ մտավ, կանչեց ծեր քահանային եւ խոնարհվելով
պատմեց մեղքերը եւ հաղորդ առավ.
-Սանան չմոռնաք... ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ:
հայդուկն իր կնոջ հոգալ չի կարող, թող ժողովուրդը հսկե, մտածե...
Ի~նչ դիպուկ է նկատել Զարյանը՝ ինձ համար ընդմիշտ աշխարհ վերջացավ... Այս խոսքը աշխարհից խռով գնացող մարդու խոսք է՝ որքան հուսահատ, այնքան էլ վճռական: Ավյունով, սիրով ու կյանքի կարոտով լի երիտասարդը ռանչպարությունից գնում է դեպի ֆիդայություն, այնտեղ, ուր, իրոք, վերջանում է հերկվորի, հնձվորի, հովվի, սիրո ու կարոտի աշխարհը եւ սկիզբ առնում անվերջ կռիվների, հետապնդումների, ժուժկալության ու տառապանքների աշխարհը, ֆիդայիների հերոսական ու ողբերգական աշխարհը, վրեժի եւ մահի աշխարհը:
Այդ աշխարհի կենդանի նկարագրությունը Կոստան Զարյանի մոտ անչափ հաջողված է՝ կառուցված Ռուբենի <<Յիշատակների>> նույնքան կենդանի, միշտ շնչող զրույցների ու կերպարների հենքի վրա: Պոեմի հաջորդ գլխում ընթերցողի առջեւ են կանգնում հայ ֆիդայիները՝ ոգեղեն, խրոխտ, առնական, ահարկու:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/
0 comments:
Отправить комментарий