/ՍԿԻԶԲԸ ԹԻՎ 10-ՈՒՄ/
Մոտավորապես 700 տարի առաջ Մուշի կողմերից Լալայան հինավուրց տոհմի մի շառավիղը, հարեւան ցեղերի հետ տհաճ հարաբերություններից ուժասպառ եղած, թողնում է հայրենի ոստանը ու արմատներ ձգում Արցախի հողում՝ Այրքաջ, իսկ 1920 թվականից՝ Էրքեջ վերանվանված գյուղում: Հավերժ թողնելով հող-հայրենին՝ նրանք կարողացան իրենց հետ բերել միայն իրենց խանդավառ հայրենասիրությունը, վաղեմի ավանդույթները եւ ազգային կրքոտ հպարտության պաշտամունքը: Նրանց նոր տոհմածառը նոր ճյուղեր տվեց, դարերի մեջ բազմացան նրանք, տարածվեցին, կրկին շատացան՝ միշտ մի ձեռքով գութան, մյուս ձեռքով սուր բռնած: Սակայն ոչ աղոթքը, ոչ տարածությունը եւ ոչ էլ ժամանակը չօգնեցին՝ ազատվելու հին թշնամու նոր խարդավանքներից:
Լալայան տոհմի ամենաերիտասարդ շառավիղներին էլ էր վիճակված նախնյաց ճակատագիրը՝ հող-հայրենին ու նախնյաց շիրիմները, աղոթատունն ու սեփական տունը ձգել հինավուրց թշնամու՝ ամեն ինչ ոչնչացնող մոլուցքին: Երբ պայթեց Արցախի ազատագրական պայքարը, առաջինը կրակի տակ հայտնվեցին Շահումյանի շրջանի հայկական գյուղերը, այդ թվում՝ Էրքեջ գյուղը: Այդ գյուղի մարդկանց էլ վիճակվեց անցնել արյան ու կրակների, ծանրագույն, դժոխային պատերազմի ճանապարհով: Պատերազմի բոցերի մեջ նետվեցին նաեւ Սամսոն Լալայանի գերդաստանի անդամները: Սամսոնը ծնվել է 1908 թվականին, ավարտել Շուշիի մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, պատմություն եւ աշխարհագրություն դասվանդել նախ Մանաշիդ, ապա՝ Էրքեջ գյուղերում: Սամսոնը մահացել է 1988 թվականի Սումգայիթյան ողբերգությունից օրեր անց եւ թաղված է հայր Ավագի եւ պապերի ու արյունակիցների կողքին՝ Էրքեջում: Սամսոնի կին Մարիամը, ծնված 1915 թվականին, Գանձակ քաղաքում, իր զավակների հետ կրեց պատերազմի ու գաղթի ողջ ծանրությունը եւ ի վերջո բնավորվեց իր որդի Սարգսի հետ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում՝ այստեղ էլ գտնելով հանգստյան իր վերջին հանգրվանը 1997 թվականին: Սամսոնի եւ Մարիամի ութ որդիները, թոռներն ու հարսները Արցախյան շարժման հենց առաջին օրերից կանգնեցին հայրենի եզերքի պաշտպանության դիրքերում: Նրանց առաջին զավակը Ներսիկն է՝ ծնված 1939թ, երկրորդը Մովսեսն է՝ ծնված 1941թ, երրորդը՝ Միքայելը` ծնված 1944թ, չորրորդը Մամիկոնն է՝ ծնված 1946թ., հինգերորդը Սենիկն է՝ ծնված 1949թ, վեցերորդը Սողոմոնն է՝ ծնված 1951թ, յոթերորդը Իվանն է /Վանիկ/՝ ծնված 1955թ. եւ ութերորդը Սարգիսն է՝ ծնված 1957թ.: Նրանց երկու քույրերը մահացել են վաղ տարիքում:
Արցախյան ազատամարտին մասնակցել են նաեւ Մանվել Ներսիկի Լալայանը՝ ծնված 1967թ, Էդվարդ Միքայելի Լալայանը՝ ծնված 1976թ, 2 անգամ վիրավորված, Հրայր Միքայելի Լալայանը՝ ծնված 1975թ, 1992-94թ. ռազմական գործողությունների ժամանակ մեկ աչքը ե՜ւ մեկ ձեռքը կորցրած: Արթուր Մովսեսի Լալայանը սպանվել է 1991թ-ին՝ Տաշքենդից Արցախ զենք բերելու ճանապարհին: Ազատամարտին մասնակցել են նաեւ Ներսիկի կին Նորան, Սարգսի կին Անթելան, Սողոմոնի կին Ջուլիետան: Մամիկոնի զույգ որդիները՝ Արցախյան շարժումից առաջ արդեն երեւանաբնակ Ժիրայրը եւ Նորայրը, նույնպես վերադարձել են Էրքեջ՝ պաշտպանելու իրենց գերդաստանի պատիվն ու կյանքը, հայրենի եզերքը, մայր լեզուն ու հավատը:
Սարգիս Լալայանը չբավարարվեց միայն Էրքեջի ինքնապաշտպանական մարտերով: Նա համառորեն գնաց մինչեւ վերջ, շատ քաջերի կողքին կրակեց վերջին փամփուշտը, կրակեց մինչեւ այն պահը, երբ արյունռուշտ ոսոխը վերջապես վեր բարձրացրեց ձեռքերը եւ ստորագրեց հրադադարի պայմանագիրը: Այսօր էլ նա, անցյալի ծանր հուշերն ու կորստյան ցավը սրտում, շարունակում է օրնիբուն կռիվ տալ իր նոր հայրենիքի՝ Ավազանի շենացման համար: Դպրոցի տնօրենն աշխատանքից դուրս զբաղվում է այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, հողագործությամբ ու անասնապահությամբ: Անցյալի ծանր հուշերի կծիկը նրա մոտ դժվարությամբ էր քանդվում: Նա խոսում էր մի տեսակ մտախոհ, հուզված, տխուր ու ցածրաձայն: Նրա խոսքերից ինձ մոտ այն տպավորությունն էր ստեղծվում, որ նախախնամությունը Արցախին նախասահմանել է մեծ սխրագործությունների կամ ծանր ձախորդությունների համար: Ու միշտ, անկախ ամեն ինչից, մեծ սխրագործության համար, թե ծանր ձախորդության պահին, համախմբման մի կոչը բավական է եղել, որ Արցախը մերկացնի իր սուրը, որ բոլոր հակասական կրքերը միաձուլվեն միասնության մեջ, որ անհատների ամբոխից նա վերածվի միասնական ամենակործան պոռթկումի: Այն ամենը, ինչ նպաստել է միավորմանը՝ հայրենասիրությունը, հավատը, ատելությունը դեպի թշնամին, անմիջապես ոգեշնչվել է համընդհանուր խանդավառությամբ: Այդպիսի մի համընդհանուր խանդավառությամբ էլ ձեւավորվեց Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատը, որի հերոսական կենսագրությունը դարձավ նաեւ այն բոլոր ազատամարտիկների կենսագրությունը, ովքեր բահ ու գրիչի փոխարեն ստիպված եղան զենք վերցնել: Ահա թե ինչ է վերհիշում մեր ակնարկի հերոսը՝ Ֆիդայի Սաքոն.
ՙԻհարկե, սկզբից Սումգայիթյան դեպքերը որ եղան, առաջին ջոկատը, որ երեւի թե ողջ Արցախյան տարածքում ստեղծվեց, դա մեր գյուղի ջոկատն էր, որը մեր գյուղի հին անունով էլ կոչեցինք՝ Այրքաջ: Եվ այդ ջոկատը հենց սկզբից գյուղի, նաեւ հարակից գյուղերի ինքնապաշտպանական գործերով էր զբաղված: Ջոկատը գլխավորում էր եղբայրս՝ Վանիկ Լալայանը: 1990 թվականին տեղի ունեցավ Մանաշիդի հերոսամարտը, որը շատ անսպասելի էր թե Շահումյանի եւ թե Ղարաբաղի համար: Ոչ ոք չէր սպասում, որ այդպիսի լայնածավալ հարձակում կկատարվի: Հարձակումը նրանց կողմից նպատակային էր© մտնել Մանաշիդ, Բուզլուխ, Էրքեջ եւ անցնել դեպի Շահումյան: 1990 թվականի հունվարի 12-ին ավարտվեց այդ հախուռն, բազմամբոխ հարձակումը, որը երկու-երեք օր տեւեց: Զենք չկար: Չհայտարարված պատերազմ էր, այն էլ այնպիսի պայմաններում, որ թուրքերը բացարձակապես պատրաստ էին եւ մի քանի հազարներով էին հարձակվել ընդամենը մի փոքրիկ հայկական գյուղի՝ Մանաշիդի ուղղությամբ, որին անմիջապես հասանք օգնության: Բուզլուղից, Էրքեջից եւ ամբողջ շրջանից կամավորները հասան մարտադաշտ: Մարդիկ գիտեին, թե ինչի համար են գնում: Նրանք գնում էին եղաններով, քլունգներով, լոմերով, ով հրացան ուներ՝ հրացաններով: Ով հրացան չուներ, վերցրել էր ձեռքի տակ ընկածը: Բարեբախտաբար, ունեինք մի ավտոմատ: Սողոմոնը՝ եղբայրս, բանակից զորացրվելու պահին մի ռուս սպայից ավտոմատ էր գնել ու հետը բերել դեռեւս 1971 թվականին: Ես էի ավտոմատը թաքցրել, ու ոչ ոք այդ մասին չգիտեր, անգամ՝ հայրս: 1990 թվականին եթե չլիներ այդ միակ ավտոմատը, չէր լինի նաեւ Շահումյանի բնակչությունը: Այդքան ահավոր վիճակ էր: Համարյա կես օրից ավելի մի ավտոմատով կարողացանք Մանաշիդի դիրքերը պահել, մինչեւ որ Ղարաբաղից եկավ մի ուղղաթիռ՝ ռուսական զինվորներով: Բարեբախտաբար, այս անգամ նրանք հայերի կողմից աշխատեցին, քանի որ նրանց ուղարկել էր Ղարաբաղի մարզկոմից մի շատ հայասեր մարդ, ում քույրը մեր Շահումյանում հարս էր: Նրանք եկան ու միացան եղբորս՝ Վանիկին: Այդ ժամանակ ավտոմատը Վանիկի մոտ էր: Նա Գերմանիայում էր ծառայել: Ընդհանրապես, մենք եղբայրներով բոլորս էլ բանակում տիրապետել ենք զենքին, եղել շատ դիպուկ կրակողներ, բայց Վանիկն ամենադիպուկ կրակողն էր: Նրա ամեն մի փամփուշտը նպատակային էր: Իսկ Մանաշիդի ճակատամարտի ժամանակ փամփուշտը քիչ էր, ու ավտոմատի ամեն մի կրակոցը պետք է լիներ նպատակային: Թուրքերն այդ ժամանակ Թոդանի ուղղությամբ էին հարձակվել: Թոդանը թուրքական գյուղ էր՝ դեմ առ դեմ Էրքեջ գյուղին, իսկ վերեւի մասում գտնվում է Մանաշիդը: Նրանք նպատակ էին դրել՝ որպես բարձունք վերցնել Մանաշիդը, ու այդտեղից արդեն հեշտ կլիներ Վերիշեն մտնելու համար: Բուզլուխի, Էրքեջի վրա ազդելը, ճնշելը ավելի հետ կլիներ: Դա, իհարկե, տապալվեց մեր կամքի եւ կռվի շնորհիվ: Թուրքիայից այդ ճակատամարտին մասնակցում էին շատ զինվորականներ, այդ թվում՝ Սպիտակ Արջ, Սեւ Արջ, Կարմիր Արջ մականուններով Թուրքիայում հայտնի դեմքերը: Սպիտակ Արջն այդ օրը պատանդ վերցվեց մեր կողմից: Նա նույնիսկ չէր հավատում իր պատանդ լինելուն: Նաեւ մի քանի այլ թուրքերի ու ազերիների էինք պատանդ վերցրել: Ազերի ղեկավարներն ու հրոսակները էրքեջցիներից ահաբեկված էին, որովհետեւ նրանք մինչ այդ մարտը մեկ անգամ բախվել էին մեր ուժին. մեր շրջանի ղեկավարությանը, երբ նրանք պատանդ էին տարել: Հենց նույն օրը մենք 63 հոգի թուրք պատանդ վերցրեցինք՝ կանանց, երեխաների, եւ առաջարկեցինք փոխանակել մեր պատանդների հետ: Նրանք ճարահատյալ ընդունեցին մեր առաջարկը:
Ա. Ավետիսյան
/շարունակելի/
0 comments:
Отправить комментарий