Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Անդրանիկ Նիկողոսյանի բնակարանում դեկտեմբերի 13-ի գիշերը բռնկված հրդեհը տնտեսությանը պատճառել է մեծ չափի վնաս: Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, հրդեհը բռնվկել է շենքի ձեղնահարկում, ուր տեղավորված է եղել մոտ 500 հակ խոտ:
Հավանաբար խոտը բռնկվել է ծխատար խողովակից: Անդրանիկ Նիկողոսյանի ընտանիքին օգնության հասած հրշեջների եւ գյուղի բնակիչների ցուցաբերած օգնության շնորհիվ հաջողվել է փրկել միայն բնակարանը, եւ այն էլ շնորհիվ նրա, որ շենքի ծածկը եղել է բետոնից: Իսկ ձեղնահարկը եւ 500 հակ խոտն այրվել են ամբողջությամբ: Այսքանով, սակայն, վնասը չի սահմանափակվել. ձեղնհարկից ցած թափված կիսայրված խոտի հակերից ծուխը թափանցել է շենքին կից անասնագոմից ներս, ինչի հետեւանքով ծխահեղձ են եղել 2 գլուխ կով, 4 գլուխ հորթ, 1 գլուխ երինջ եւ մեկ գլուխ խոզ: Մոտավոր հաշվարկներով տնտեսությանը պատճառվել է շուրջ 4 միլիոն դրամի վնաս:
Գեղհովիտի գյուղապետը հրավիրել է ավագանու նիստ, որի օրակարգում տուժած ընտանիքին օգնելու հարցն է: Հրդեհն ամբողջությամբ մարվել է միայն լուսադեմին: Տուժածին օգնելու խնդրանքով Գեղհովիտի գյուղապետարնը դիմել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին:
0 comments:
Отправить комментарий