ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 3 июня 2011 г.

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ` ՄԻ ՇՆԱՆԱՐ


Տարիներ առաջ, ծաղիկ հասակում, մի տղա ու մի աղջիկ սիրում էին իրար: Սակայն նրանց սերը չդիմացավ կյանքի փորձություններին, եւ սիրահարները բաժանվեցին` բաղձալի ցնորք դարձնելով ամուսնության իրենց երազանքը: Տարիներ հետո, թվում էր, թե նրանց սերն անցյալում է մնացել, քանի որ երկուսն էլ առանձին-առանձին ընտանիք էին կազմել, սակայն միայն մի փոքրիկ առիթ էր պետք` ամեն ինչ վերհիշելու եւ նորից հին կապերը նորացնելու համար:
 Առաջին հայացքից հեքիաթի նմանվող այս պատմության հերոսներն այսօր ապրում են մեր կողքին, իսկ նրանց անունները հասկանալի պատճառով  չենք նշելուԿարեւորն այստեղ ոչ այնքան անուններն են, որքան` տարօրինակ, անբնական, հոգեցունց իրականության ներկայացումը, որը մեկ անգամ եւս ցուցադրում է կյանքի հակասականությունը, մարդկային բնավորությունների անկատարությունն ու փոքրոգությունը, գայթակղությանը բարոյական վեհ արժեքներ եւ սրբություններ զոհաբերելը

 Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերջերս քննված գործը մեզ խորհելու, մտատանջվելու, սթափվելու, հետեւություններ անելու առիթներ է   տալիս, քանի որ գործի քննության ավարտով ու հրապարակած դատավճռով վերջակետ չի դրվում այս պատմությանը, ոչ մի կերպ չի փակվում այն վիհը, որ իրենց անմիտ, ստոր արարքներով բացել են Աստծո պատվիրանը խախտած, ընտանեկան կարգն ու սրբությունները խախտած այրն ու կինը` կործանելով երկու երիտասարդ մերձավորների կյանքեր:
 Ճակատագիրը սիրահար զույգին պատահականորեն հանդիպեցրեց 30 տարի հետո, 2004 թվականին: Բայց այս անգամ նրանց նոր ու ավելի դաժան փորձություն էր սպասվում: Հինգ տարի շարունակ իրենց կյանքի օրինական ամուսիններից ու հարազատներից գաղտնի նրանք սկսեցին հանդիպել, մտերմություն անել եւ հեռախոսով հաճախ ջերմ զրուցել: Կապը այնքան խորացավ, որ բոլորին հայտնի դարձավ ՙսիրահարների՚ գաղտնիքը: Բառն այստեղից առնում ենք չակերտների մեջ, քանի որ սերը մարդուն տրված ասստվածային վեհ զգացմունք ու նվեր է, որը ոչ մի աղերս չունի շնանալու սովորական հաճույքի հետ©©© Առաջինը սկսեցին խոսել գյուղում, որտեղ մարդիկ քիչ են, խոսակցություններն ու բամբասանքը` շատ, բարքերն այլ են, եւ ամեն բան իր գնահատականն է ստանում հաստատուն արժեքների տեսանկյունից: Շուտով նաեւ կնոջ ընտանիքին հայտնի դարձավ գաղտնիքը: Ընտանիքի անդամների հորդորները, խնդրանքներն ու պահանջները զուր էին: Գայթակղությունն ամուր էր կապել կին ու մայր համարվող այդ անձնավորության աչքերը: Նա չուներ կամքի ուժ` վերջ դնելու անբարո ճանապարհին, ընտանիքի պատիվը պահպանելու եւ փրկելու: Եթե ոչ իր պատվի համար, գոնե հանուն ամուսնու, որդիների, հարազատների, ովքեր ամոթով էին դուրս գալիս գյուղամեջ:
Այս պարբերաբար կրկնվող հանդիպումների եւ կապի համար նպաստավոր պայմաններից մեկն էլ այն էր, որ կնոջ  ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի եւ Հայաստանից ու իր ընտանիքից շատ հեռու էր: Նա տարվա կեսը ընտանիքի հետ էր, մյուս կեսը` դրսում: Կնոջ սկեսուրն ու սկեսրայրը, որ նույն բնակարանում են բնակվել հարսի հետ, դարձյալ ի զորու չեն եղել անբարո արարքից հարսին հետ պահելու համար, իսկ տղամարդուն հանդիմանելուց հետո հանդիպել են նրա ցինիկ բառապաշարին ու լկտի պատասխանին:
 Բոլորովին այլ էր կնոջ կրտսեր որդու վերաբերմունքն այս ամենի նկատմամբ: Նա ավելի ցավագին էր ընդունում իրականությունը: Մի կողմում մայրն էր, ով սրբություն էր որդու համար, մյուս կողմում՝ իրենց պատիվը պղծող օտար տղամարդը:
 Երեխայի համար միշտ ծնողներն անսխալական ու օրինակելի են, որոնց յուրաքանչյուր քայլը ճիշտ է, իսկ բարձունքը, որի վրա կանգնած են՝ կատարյալ: Եվ այդ բարձունքը անակնկալ, հետզհետե փուլ էր գալիս որդու անզոր աչքերի առաջ:
 Տղայի համար դժվար էր իր հասակակիցներից, հարեւաններից լսել մոր ու այդ մարդու կապի մասին: Սկզբում նա չէր ուզում հավատալ եւ մորից պահանջում էր զգույշ լինել, դադարեցնել թեկուզ ընկերական ու բարեկամական կապը: Մայրն ամեն անգամ հավատացնում էր դեռ անչափահաս որդուն, որ նման կապ գոյություն չունի: Բայց հետո, երբ արդեն տղայի համար պարզվեց ճշմարտությունը, նա ավելի խստորեն սկսեց պահանջել, որ այլեւս մայրը կապ չունենա այդ օտարի հետ: Որդին միայն պահանջում էր եւ չէր կարող իրեն թույլ տալ` բռնանալ ու ձեռք բարձրացնել մոր վրա:
 Ինչպես հետագայում փորձագետներն են վերլուծում՝ երկար ժամանակ ձգձգվող խոսակցությունները մոր ու սիրեկանի կապի մասին, այն էլ գյուղի պայմաններում, տղայի մոտ առաջացրել են հոգեկան լարվածության կուտակում, ինչը շարունակվել է ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ եւ տարիներ: Հոգեկան այդ լարվածությունը թոթափելու համար շատ չնչին, փոքր առիթ էր պետք, եւ այն չուշացավ:
 2009 թվականի սեպտեմբերի 12-ին, գյուղի եվրոլուսամուտների արտադրամասի աշխատակիցներով, որոնց մեջ էր նաեւ պատվախնդիր որդին` Ս...-ն, գնում են Երեւան քաղաք՝ լուսամուտ տեղադրելու: Աշխատանքն ավարտելուց հետո վերադառնում  են գյուղ: Ճանապարհին կանգնում են, հաց ուտում, որի ընթացքում  1-2 բաժակ օղի են խմում: Տղան ժամը 23-ի սահմաններում հասնում է տուն, պառկում  բազմոցին եւ հեռուստացույց դիտում: Քիչ հետո լսում է մոր հեռախոսին եկած հաղորդագրության ձայնը: Հետ զանգելով նույն համարին` տղան ճանաչում է իր համար արդեն ատելի ու թշնամացած մարդու` Վ...-ի,  ձայնը: Սկսվում են փոխադարձ հայհոյանքները, սպառնալիքներն ու վիրավորանքները: Չդիմանալով անսանձ լկտիությանը` դեռ չափահասության սահմանագիծը չբոլորած տղան իր հոգեկան աշխարհը խաթարած տղամարդուն, ով իր ծնողների տարեկիցն էր, <<հաշվի>> է  կանչում գյուղի շուկայի մոտ: Այնուհետեւ անջատում է հեռախոսը, վերցնում դանակը եւ բարկացած դուրս գալիս տնից՝ մորն ասելով, որ գնում է վերջնականորեն այդ հարցը լուծելու եւ իր ինքնասիրությունը պաշտպանելու: Գնում  է շուկայի կիսավեր շենքի մոտ եւ սպասում Վ©-ին:
 Կեսգիշերին Վ©-ն ավտոմեքենայով  գյուղամեջ է գալիս իր քրոջ որդու հետ միասին: Բացելով մեքենայի դուռը` նա Ս©-ից պահանջում է՝ նստել մեքենան: Վերջինս հրաժարվում է: Այդժամ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղում տղայի մոր հասցեին: Ապա գինովցած ու ծովն արդեն ծնկներին հասցրած ինքնավստահ ու ամբարտավան տղամարդն իջնում է մեքենայից: Որպես նրան տեր ու պաշտպան` մեքենայից իջնում է նաեւ նրա քրոջ որդի Ա-ն: Ս©-ն վերջինիս խնդրում է չմիջամտել, քանի որ հարցը նրան չի վերաբերվում: Երիտասարդները սկսում են վիճել միմյանց հետ, որի ընթացքում Վ©-ն բռնում է տղայի թեւերից, ոլորում հետ ու քաշում մի կողմ: Տղան թափահարում է մարմինը, ազատում ձեռքերը, աջ ձեռքով գրպանից հանում  դանակն ու երկու անգամ հարվածում մեջքով դեպի իրեն դարձած ախոյանին: Դա տեսնելով՝  քրոջ որդի Ա-ն փայտով կամ քարով խփում է տղայի գլխին: Հարվածի հետքերը պահպանվել են մի քանի օր: Տղան  էլ, դանակն աջ ձեռքին, շեղբը բութ մատի ուղղությամբ բռնած, շրջվում է ու առանց նայելու դանակով մեկ անգամ հարվածում Ա©-ի կրծքավանդակի շրջանին ու հեռանում: Ա-ն տեղում մահանում է, եւ դեռ չափահասության շեմը չանցած տղայի հետ հաշիվներ պարզող ամբարտավան քեռին ոչ միայն բախտի բերմամբ փրկվում, այլ նաեւ դատարանում դառնում  է արդեն տուժող կողմ:
  Դատավարության ժամանակ Վ-ն դեռ պիտի ասեր, որ տղան անհիմն է իրեն կասկածել մոր հետ, քանի որ իրենց մեջ սովորական հարգանք է եղել միայն, ուրիշ ոչինչ չի եղել:
 Իսկ նախագահողի այն հարցին, թե  տուժողի եւ տղայի մոր միջեւ սիրային կապ  եղել է, կինը պատասխանել է` այո:
 Տուժողը դատարանին պատմել է, որ ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իր եւ այդ կնոջ միջեւ մի քանի հեռախոսազանգ է եղել, որոնց ընթացքում կինն իրեն ասել է, որ որդին տանն է: Դրանից հետո իրեն զանգել են անծանոթ բջջային հեռախոսահամարից, եւ զանգահարողն իրեն կանչել է գյուղամեջ: Իր անձնական օգտագործման <<Նիվա>> մակնիշի ավտոմեքենայով քրոջ որդու հետ գնացել է այդ վայրը, որտեղ տեսել է, որ կանչողը Ս-ն է: Իջել է մեքենայից, մոտեցել նրան, որ առանձին խոսեն, սակայն իրենց մեջ քաշքշուկ է առաջացել: Բռնելով տղայի ձեռքերից՝ տարել է մի կողմ ու չի հասկացել, թե ինչպես այդ պահին վերջինս սուր գործիքով հարվածել է իր թիկունքին, որից ինքն ուշաթափվել է, բայց մինչեւ ուշաթափվելը տեսել է, որ նա այդ գործիքով հարվածել է նաեւ Ա©-ի կրծքավանդակի շրջանին: Երբ գիտակցության է եկել, տեսել է, որ հանցագործն այդտեղ չէ, իսկ Ա©-ն անշարժ ընկած է գետնին: Մի կերպ նստել է իր մեքենան, գնացել տուն:
 Շարունակելով հորը` տուժողի որդին իր  ցուցմունքում պատմում է այն մասին, որ այդ չարաբաստիկ գիշերը հայրը տուն է եկել անձնական օգտագործման ավտոմեքենայով եւ մեծ դժվարությամբ ասել, որ փրկեն Ա-ին: Նա նկատել է, որ հայրը շատ վատ վիճակում է, հագուստներն արյունոտված  են: Հորաքրոջ մյուս որդու հետ հարեւանի ավտոմեքենայով գնացել են գյուղամեջ, որի կենտրոնական մասում ավտոմեքենայի լույսերի լուսավորությամբ նկատել են  ճանապարհի ձախ եզրին անշարժ վիճակում ընկած Ա...ին: Իրենք զննել են նրա մարմինը եւ պարզել, որ նա մեռած է:  Մարմինը դրել են մեքենայի մեջ եւ տարել հիվանդանոց: 
 Կատարվածից հետո, մինչ տուն մտնելը, Ս.-ն բջջային հեռախոսով զանգահարում է հորաքրոջը եւ ասում, որ մարդ է դանակահարել: Ապա, տուն մտնելով, որդին մորն ասում է, որ դանակով հարվածել է
 Վ©  -ին եւ  էլի նրա հետ հանդիպման եկածին:
 Եվ դատարանի առաջ կանգնած երիտասարդը, արդեն որպես ամբաստանյալ, ցուցմունք է տալիս կատարված հանցագործության մասին: Մի հանցագործության, որի մեջ ինքը քաշվել է ակամա, մոր անբարո արարքի եւ օտար տղամարդու դրդմամբ, հոգեկան ծանր ապրումների ներքո: Մի հանցագործության, որը կարող էր եւ տեղի չունենալ, եթե մարդն ու կինը չընթանային բարոյականության սահմանները տրորելու ճանապարհով, եթե խոհեմություն հանդես բերեին: Դատավարության ընթացքում ամբաստանյալը մանրակրկիտ ու ազնվորեն խոստովանեց ամեն ինչ: Հանցանքները հաստատվեցին  մի շարք ապացույցներով:
 Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առավ ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող այն հանգամանքները, որ նա զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում:
 Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձվեց մեկ միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության եւ գերեզմանաքարի վրա կատարված ծախսերի փոխհատուցման գումար: Ս©-ն դատապարտվեց ութ տարվա ազատազրկման:
 Այս պատմությանը ծանոթանալով` աչքի առաջ երկու զոհ ենք տեսնում` արդեն մահացած Ա©-ին եւ ամբաստանյալ Ս©-ին, ով պատվի համար դարձավ հանցագործ ու երիտասարդության ծաղկուն տարիները ստիպված է անցկացնել բանտում:  Ամեն դեպքում մարդասպանությունը չի կարող արդարացվել ոչ երկնային, եւ ոչ էլ երկրային օրենքներով: Բայց մի՞թե պատժի արժանի չէին ակամա մարդասպան դարձած Ս©-ի  մայրն ու նրա սիրեկանը, ովքեր այս պատմության գլխավոր ՙհերոսներն՚ են:
 Մ.թ. 2000 տարի առաջ Բաբելոնի թագավոր Համմուրաբիի օրենսդրությամբ` կնոջ հավատարմությանն օրենքը վերաբերվել է անողոք խստությամբ: Իսկ սիրեկան Վ©-ի հարցում կարելի է հիշել Մխիթար Գոշի <<Դատաստանագիրքը>>, որտեղ գրված է. <<Երբ որեւէ մեկը շնանա մի կնոջ հետ, որն այր ունի, եթե կնոջ կամքով էր կամ տղամարդու ցանկությամբ, ըստ օրենքների՝ մահվան են արժանի: Եվ դատավորներից ոմանք այսպիսիների ձեռքը եւ մարմնի ծածուկն են հատում>>:
 Հետաքրքիր է, թե նրանք այսօր ազատության մեջ ինչպես են գլուխները հանգիստ բարձին դնում, երբ նրանց երիտասարդ հարազատներից մեկը հողի տակ է ննջում, իսկ մյուսը՝ տանջվում ու տառապում, հոգեպես կեղեքվում է բանտում: Բարոյականության տեսանկյունից նրանց արարքը ոչ մի  արդարացում չունի: Ու նրանք դեռ երկար են կանգնելու հասարակության ու խղճի դատաստանի առաջ:
 Հասմիկ Գրիգորյան

1 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More