Երեխաների պաշտպանության օրը Գավառում նշվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժնի եւ ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպության Գավառի տարածքային զարգացման գրասենյակի նախաձեռնած միջոցառմամբ:
Ծրագրի իրականացմանը իրենց աջակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետարանը եւ Գավառի քաղաքապետարանը:
Միջոցառմանը մասնակցելու համար Գավառի կենտրոնական հրապարակում էին հավաքվել Գավառ քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների երեխաները՝ իրենց ծնողների ուղեկցությամբ: Մանուկների օրվան նվիրված հանդեսը մեկնարկեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ: Միջոցառման ժամանակ իրենց ելույթներով հանդես եկան Գավառի մանկատան եւ Գավառի արվեստի դպրոցի սաները: Այնուհետեւ ելույթով ներկայացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի կենտրոնը: ՙՎորլդ Վիժնի՚ հրավերով օրվա տոնական տրամադրությունը բարձր պահեցին ՙԿարին՚ ավանդական երգի-պարի համույթը, ՙՍասլա՚ եւ ՙԲարեկամություն՚ պարային ստուդիաները:
Տոնական համերգի ավարտին մանուկները մասնակցեցին ՙՈւրախ երազանք՚ փուչիկների երկինք բացթողմանը:
Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում, ի պատիվ մատաղ սերնդի, կատարվեց ծառատունկ:
Հրապարակում շարունակվեց ավանդույթ դարձած կավճանկարչությունը: Օրվա շրջանակներում Գավառի ուսուցողական կենտրոնի եւ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում կազմակերպվեց ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքները հնարավորություն են ստացել մասնակցելու ՙՀայ օգնության ֆոնդի՚ ՙԼավագույն երեխաներ՚ միջոցառմանը:
Գեղարքունիքի մարզի 7 խնամակալ ընտանիքները հունիսի 2-ին կմասնակցեն ՙԲարեկամների խորհրդի՚ նախաձեռնած միջոցառմանը, որը կկազմակերպվի մայրաքաղաքի ՙՀաղթանակ՚ զբոսայգում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий