Քարից հաց քամող, քարին թեւ տվող,
Քարերի երկիր Հայաստանս...
Արեւին թիկնած, արեւից շիկնած,
Արեւի երկիր Հայաստանս...
Համո Սահյան
Բանաստեղծի խոսքերից երբ գալիս ենք իրական կյանք, տեսնում ենք, որ հայը, նախքան թիկնելը, ի ծնե իրեն ապահովել է ամեն ինչով, վստահ լինելով, որ իր թիկնելն այնքանով է արդարացված, որքանով որ ապահովված են իր հոգու եւ հայրենիքի սահմանների պաշտպանությունը այս խոսքի ամենալայն իմաստով:
Սովորաբար սահմանների պաշտպանություն ասելով հասկանում ենք երկրի աշխարհագրական տարածքների պաշտպանությունը:
Իսկ մեր ակնարկում խոսքը վերաբերում է մարդկային գործունեւության բոլոր բնագավառներին՝ հոգեբանական, մշակութային, հավատամքային, գաղափարական եւ այլ սահմանների պաշտպանությանը: Մի խոսքով՝ ի վերուստ հային շնորհված է արարչի պարգեւ հայրենիքի հայկակականության սահմանների պահպանման, վերականգնման, հաստատման ուժն ու թափը: Քանզի զենքը ձեռքին պետք է հայը ոչ միայն իր աշխարհագրական սահմանները շատ լավ պաշպանի, այլ նաեւ իր ազգի ստեղծած հոգեւոր ու նյութական անկրկնելի արժեքները: Մեր հող ու ջրի, մեր մտքի ու ձիրքերի անառարկելի պաշտպան է մեր համաքաղաքացի Լյովա Ալեքսանի Շանոյանը: Նա ծնվել է 1949 թվականին, Նոր Բայազետում, ծառայողի ընտանիքում: Չորս երեխաներից երրորդն է: Նրա հայրը՝ Ալեքսանը, հաղթանդամ, բարձրահասակ տղամարդ էր, տասնյակ տարիներ աշխատել է Նոր Բայազետի սովխոզում՝ որպես բրիգադավար, պահեստապետ: Մայրը՝ Արաքսյան, մոտ 5 տասնամյակ աշխատել է որպես մանկավարժ: Ըստ ՙՔյավառ՚ ազգագրական գրքի եւ Լյովայի՝ Շանոյան ազգանվան ծագումը կապված է Չինաստանի Շանհայ քաղաքի հետ, որի հետ իրենց նախնիք, լինելով վաճառականներ, սերտ կապերի մեջ են եղել՝ ապրանքներ տանելով-բերելով:
1830 թվականի գաղթի ժամանակ Շանոյանների գերդաստանը Դավիթի գլխավորությամբ Հին Բայազետից տեղափոխվել է Նոր Բայազետ եւ հիմնավորվել կենտրոնական թաղամասում, Թուխ Մանուկ սրբավայրի մոտ: Նրանց տունը գտնվում է քաղաքը 2 մասի բաժանող ՙԲերդի գլուխ՚ կոչված բարձունքի սկզբնամասում, ուղղահայաց ժայռերի, իրար գլխի լցված, հսկայական ժայռաբեկորներով ծածկված լանջի հովանու ներքո:
Այս բնապատկերը կարծես ինչ-որ չափով հիշեցնում է Հին Բայազետ հանրահայտ բերդի բնապատկերը: Նրա նախնիք մտածված են հենց այստեղ ընտրել բնակության վայր, թեկուզ նրանց բաժին հասած տնամերձ հողամասը գրեթե աննշան է եղել: Եվ նա լավ հիշում է, թե մանուկ հասակում հասակակիցների հետ ինչքան էին վազվզում, պահմտոցի խաղում հսկա ժայռաբեկորների մեջ:
Ու մի օր էլ նա միտք հղացավ, որ լանջը մաքրի հսկա ժայռաբեկորներից եւ շրջապատում ծաղկաստան ու ծառաստան ստեղծի: Տարիների ընթացքում նա սանտիմետր առ սանտիմետր, թիզ առ թիզ, մետր առ մետր նվաճում է լանջը՝ իր մտադրությունը վերածելով գործի: Տեղանքն այնպիսին է, որ նա վերամբարձ կամ այլ տեխնիկա չի կարող օգտագործել: Ուստի, հայի հնարամտությամբ ու համառությամբ, բազալտի տարբեր չափերի ու ձեւերի հսկա ժայռաբեկորները տեղաշարժել է, տեղափոխել իր նախատեսած վայրը կամ փորել ու կիսով չափ թաղել հողում եւ ժայռի վրա էլ մի ուրիշ հսկա ժայռաբեկոր դրել: Ժայռերից մեծերի քաշը 10-15 տոննայից ավելի է: Այդպիսի թեքության վրա ժայռը տեղափոխել հորիզանականով կամ թեկուզ ցած շարժել, այնքան էլ հեշտ գործ չի եղել: Իրոք, տարիների ընթացքում տիտանական աշխատանքի արդյունքում ծնվել է մի գողտրիկ անկյուն, ուր աճում է խաղողի վազը, մոշը, հապալասը, ելակը, ծիրանենին:
Երբ նայում ես տեղաշարժված կամ մեկը մյուսի վրա դրված հսկա ժայռաբեկորներին, չես հավատում, որ այդ գործը հնարավոր է եղել իրականացնել մեկ կամ մի քանի հոգով, մարդկային ամենաստեղծ ձեռքերով:
Երբ շրջում էինք այդտեղ, տղաներից մեկը կատակով ասաց©
-Գլուխ են ջարդում, թե ինչպես են կառուցել եգիպտական բուրգերը: Թող գան, Լյովային հարցնեն, իմանան:
Լյովան, իրոք, հայավարի հաղթահարել է բոլոր դժվարությունները եւ սարալանջը վերածել մի փոքրիկ այգու: Այդ բոլորը կատարել է մեր ժողովրդի համար վերջին քսան տարիների դժվարագույն ժամանակահատվածում:
Երբ իջանք ներքեւ, քարակոփ սեղանի վրա տեսանք մի հին ինքնաեռ©
-Այս ի՞նչ ինքնաեռ է, օգտագործու՞մ եք:
-Այո, օգտագործում ենք, ուշադիր նայիր եւ կարդա ինքնաեռի վրա եղած գրերը:
Ինքնաեռի վրա ռուսերենով գրված էր ՙՆորին մեծություն ռուսական կայսրից՝ պարսից շահին՚:
-Որտեղի՞ց ես ձեռք բերել, հետաքրքրվեցինք:
-Մեր տոհմի պապերից, վաճառական Դավիթ Շանոյանից է մնացել:
Բացի ինքնաեռից՝ նրանց թոնրատանը կային անցյալ հիշեցնող բազմաթիվ հնություններ, մասունքներ, կարծես թանգարանում լինեինք:
Նա սրբությամբ պահպանում է իր նախնիներից ժառանգած հին կահ-կարասիների մասունքները, որոնք շատ ու շատ ընտանիքներ համարում են հնացած, բայց ոչ՝ հնություն, եւ դեն նետում:
Երբ սեղանի շուրջ նստած զրույցի բռվեցինք, պարզվեց, որ նրանց ընտանիքը ժամանակին հոր գլխավորությամբ սերտ կապերի մեջ է եղել մեր ազգի այնպիսի երեւելիների հետ, ինչպիսիք են Հայրիկ Ղազարյանը եւ Շավիղ Գրիգորյանը:
-Որտեղի՞ց է գալիս այդ մոտիկությունը:
-Հայրիկ Ղազարյանի եւ իմ հոր՝ վաղուցվա եկած ընկերությունից: Նրանց փոխադարձ այցերը միմյանց տուն անպակաս են եղել: Հայրիկ Ղազարյանի քաղցր ձայնն ու երգերը, երբ նա մեր տանն էր լինում, շրջապատված լինելով բարեկամներով, շատ անգամ եմ լսել ու հիացել: Հատկապես լավ եմ հիշում երգի հետեւյալ տողերը՝ ՙԱվարայրի գոչող փողեն ես կուգամ՚: Երբ Հայրիկը սովորում էր Նոր Բայազետի մանկավարժական տեխնիկումում, բնակվում էր մեր տանը: Շավիղի քեռին՝ Վաչիկը, եւ իմ հայրը գործի բերումով ընկերները էին: Այդքան հնից է գալիս մեր մտերմությունը:
Այդքան սովորական եւ հայկականության այդքան շերտեր իր մեջ պահած հային բացահայտեցինք մեկ-երկու հանդիպման ընթացքում, թեկուզ Լյովային ճանաչում էինք շատ վաղուց:
Նա մեզ զարմացրեց՝ ցուցադրելով 6 տասնամյակից ավելի պատմություն ունեցող, լավ պահպանված հողային գործիքները եւ էլի ուրիշ հնություններ: Մի ամբողջ թանգարան է նա հավաքել հնաբույր իր տանն ու հողամասում, որն ուսումնասիրելու համար ժամանակ ու խորաթափանցություն է պետք: Իր գողտրիկ անկյունն ու թանգարանը ստեղծելու համար Լյովայից պահանջվել է շուրջ 7 տարի: Լյովան առանձնահատուկ սիրով է նվիրված իր ընտանիքին, զավակներին ու թոռներին: Նա ամուսնացրել է երկու աղջիկներին, եւ այդ օրը մեզ հետ շրջապատված էր մեծ ու փոքրիկ թոռնիկներով: Ամենափոքրը քնած էր բակում՝ մանկասալյակի մեջ:
Լյովայի որդի Ալեքսանը Հայոց բանակում ծառայելուց հետո մեկնել է Ամերիկա, սովորել եւ ավարտել Իլյինոյսի համալսարանը եւ մագիստրատուրան, օրերս ավարտել է Միչիգանի համալսարանի ասպիրանտուրան տնտեսագիտության գծով, գիտությունների թեկնածու է:
Լյովայի մարդկային կերպարը մեզ համոզում է, որ ամեն հայ Աստծո կամոք մի ակրկնելի, անսկիզբ, անվերջ, բազմաբովանդակ էությամբ լցված տաճար-աշխարհ է:
Հովհաննես Միրիբյան
0 comments:
Отправить комментарий