Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում բնակվում է 174 ընտանիք` 670 բնակչությամբ: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Ծաղկաշենն հարուստ է արոտավայրերով ու ծաղկաշեն մարգագետիններով, ինչի շնորհիվ գյուղում զարգացած է անասնապահությունը:
Գյուղի վարչական տարածքը 1316 հեկտար է: Ծաղկաշենն ունի 130 հեկտար խոտհարք, 405 հեկտար վարելահող, որից 100 հեկտարը չի օգտագործվում: Վարելահողերը գտնվում են ծովի մակերեւույթից 2300-2400, խոտհարքերի մեծ մասը` 2400, իսկ արոտավայրերը` մինչեւ 2480 մետր բարձրություններում: Համայնքի` բարձրլեռնային լինելու հանգամանքը չի նպաստում հողագործության զարգացմանը: Իսկ անասնապահության ոլորտում նախորդ տարվա համեմատ որոշակի աճ է արձանագրվել: Այսօր գյուղում կա շուրջ 513 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որը նախորդ տարվա համեմատ աճել է 53-ով եւ 50 գլխով էլ աճել է հորթերի թիվը: Մանր եղջերավոր անասունների թիվը 1041-ի դիմաց դարձել է 1258: Նախորդ տարվա համեմատ 23-ով աճել է նաեւ մեղվաընտանիքների թիվը` դառնալով 55, հավերի թիվը 490-ից հասցել է 1002-ի, խոզերինը` 20-ից դարձել է 22, ձիերինը` 32-ից` 37:
Նախորդ տարվա ընթացում Ծաղկաշեն համայնքում իրականացվել են մի շարք կենսական նշանակություն ունեցող աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց Ծաղկաշեն համայնքի ղեկավար Սերյոժա Սարգսյանը` տեղական միջոցների հաշվին գյուղում նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է լուսավորվածության ցանցը, եւ տեղադրված լուսամփոփների թիվը հասցվել 20-ի: Տեղական բյուջեի պահուստային ֆոնդից ծախսվել է 2 միլիոն 400 հազար դրամ եւ գյուղի լուսավորված ճանապարհների երկարությունը կազմել է 1500 մետր: 2012 թվականին նախատեսվել է 1 միլիոն 200 հազար դրամի ներդրմամբ ընդլայնել գիշերային լուսավորվածության ցանցը` այն հասցնելով մինչեւ Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Համայնքապետը նշեց, որ նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումը Գավառ-Ծաղկաշեն 6 կիլոմետր 400 մետր երկարության ավտոճանապարհի հիմնանորոգումն էր` ՙՀամաշխարհային բանկի՚ կողմից տրամադրված 640 միլիոն դրամի հաշվին, ՙԳյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի՚ շրջանակներում: Շինարարական աշխատանքներն իրականացրեց ՙԳավառի ՃՇՇ՚ ԲԲԸ-ն: Հիմնանորոգված ճանապարհի 800 մետրը գտնվում է Ծաղկաշեն գյուղի ներսում:
Ծաղկաշենի տեղական բյուջեով կատարվել են գյուղամիջյան ճանապարհների փոսալցման աշխատանքներ: Ներդրվել է 300 հազար դրամ եւ փոսալցվել է ճանապարհների շուրջ 2000 մետր հատվածը: 2011 թվականի համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 800 հազար դրամի հատկացումներով փոխվել է 90 մետր երկարության ջրատարի ներքին ցանցը:
Յուրաքանչյուր տարի համայնքապետարանի միջոցներից որոշակի գումար է հատկացվում` անապահով ընտանիքներին օգնելու համար: 2011 թվականի հատկացումը կազմում է 400 հազար դրամ: Տարբեր միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 100 հազար դրամ:
Նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ գյուղի երկու կամուրջների վերանորոգումն էր, որն իրականացվեց ՀՀ կառավարության տրամադրած 46 միլիոն դրամի ներդրմամբ:
2011 թվականին գյուղում ծնվել է 10 երեխա: 2012 թվականի երկու ամիսների ընթացքում կատարվել է 3 հարսանեկան արարողություն: Ավելացել է նաեւ առաջին դասարանցիների թիվը: 2011 թվականին դպրոց է հաճախել 10 առաջին դասարանցի, իսկ 2012 թվականին նրանց թիվը կավելանա եւս 2-ով: 2010-2011 թվականների ընթացքում համայնքից դուրս մշտական բնակություն հաստատելու նպատակով ոչ մի ընտանիք Ծաղկաշենը չի լքել: Վերջին անգամ 2008 թվականին է 2 ընտանիք մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ ընդհանուր հաշվով համայնքից դուրս ապրում է 10 ընտանիք: Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չի անցնում 70-80-ի սահմանը: Նրանք օտար ափերում հաց վաստակելուց հետո կրկին վերադառնում են իրենց ընտանիք:
Բնության հրաշք գրկում ծվարած Ծաղկաշենն ունի նաեւ խնդիրներ, որոնցից համայնքապետն առանձնացրեց գետի հունի ամրացումը: Ձնհալից առաջացած հեղեղումները գրեթե ամեն տարի սրբում - տանում են հողերը, որի հետեւանքով ցանքերը նվազում են: Մյուս խնդիրը այն է, որ 2005 թվականին կառուցված ջրամբարը ե՜ւ փոքր է իր տարողությամբ, ե՜ւ բետոնապատված չէ, ինչի հետեւանքով եղած ջուրն էլ ներծծվում է: 2012 թվականին ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել որոշակի գումար, որով կտրվի այս խնդրի լուծման մեկնակը: Դեռեւս 2003-2004 թվականներին հորատված խորքային հորը առանց պոմպակայանի չի գործում: Այս տարի կառավարությունը հատկացրել է 14 միլիոն 400 հազար դրամ` մեկ վայրկյանում յոթ լիտր ջրի մղման կայան ստեղծելու համար, որը լցվելու է կենտրոնական ջրամբար: Աշխատանքները կսկսվեն գարնանը, որոնց ավարտից հետո համայնքը կապահովվի 24-ժամյա ջրամատակարարմամբ: ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպությունը ներդնելու է 6 միլիոն 500 հազար դրամ ` գյուղի ջրագծերի ներքին ցանցը փոխելու համար:
Ծաղկաշենը 2004 թվականին ամբողջությամբ գազաֆիկացվել է:
ՙՎորլդ Վիժն՚ միջազգային բարեգործական կազմակերպության միջոցներով նախատեսվում է այս տարվա գարնանը սկսել մշակույթի տան տանիքի վերանորոգումը, որի շնորհիվ այստեղ գործելու է նախակրթարան: Շահագործման կհանձնվի նաեւ մշակույթի տան միջոցառումների անցկացման դահլիճը:
2012 թվականին ծաղկաշենցի բարերարները խոստացել են վերանորոգել Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ համայնքապետարանը ներդնելու է 400 հազար դրամ` եկեղեցու նախագիծն ու նախահաշիվը կազմելու համար: Աշխատանքները կավարտվեն 2-3 տարվա ընթացքում:
-Համայնքում աշխատանքներ կատարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել բյուջեի կատարողական բարձր ցուցանիշներ: 2011 թվականին Ծաղկաշենի բյուջեն կատարվել է 103 տոկոսով: Եթե չլինեին նախորդ տարիներին կուտակված պարտքերը, որոնք ամբողջովին մարվել են եւ հողի` մասնավորապես արոտավայրերի վարձավճարների պարտքերը, հնարավոր կլիներ ավելի շատ աշխատանքներ կատարել մեր համայնքի համար,- ասում է Սերյոժա Սարգսյանը:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий