Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճի մուտքից զգացվում էր, որ ունկնդիրը պետք է լինենք մի հուզիչ, յուրօրինակ գրական-երաժշտական միջոցառման, որը կրում էր Եղիշեի խոսքերը՝ ՙՄահ իմացյալ անմահություն է՚:
Օրը Գարեգին Նժդեհինն էր: Դահլիճը շնչում էր Նժդեհի հայրենասիրական ոգով՝ պատերին փակցված էին նժդեհյան ասույթներ, դիմանկար, վահանակներ...
Միջոցառումը սկսվեց Նժդեհի կյանքն ու գործունեությունը պատմող տեսաժապավենով: Հաղորդավարներն ազդարարեցին ցերեկույթի նպատակը: Հնչեց ցերեկույթի բնաբանը՝ ՙՀա՜յ երիտասարդություն, պիտի կարողանաս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ դնել ու ասել.
-Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՜ք, որ քեզ հաղթություն պիտի բերի...՚:
Սահում են վարագույրները, երեւում են Մեծ եւ Փոքր Մասիսները, որոնք ձեւավորել են աշակերտներն իրենց շարքերով: Գեղեցիկ է տեսարանը... Հնչում են Նժդեհին նվիրված երգեր՝ ՙՍյունյաց Արծիվներ՚ երիտասարադական հասարակական կազմակերպության հիմնը, բեմում թնդում է քոչարին, կարծես աշակերտներն այն պարում են Մասիսի լանջին, իսկ գագաթին նժդեհյան խոսքերն են© ՙԼեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը: Արդ տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրու մի-մի ժայռ, ե՜ւ պաշտիր, ե՜ւ երկրպագիր, որ չթուլանա փրկարար պաշտամունքդ դեպի լեռներդ՚: Բեմ են բարձրանում զինվորական համազգեստ հագած նժդեհիկները, որոնք ներկայացնում են դրամատիկական, պատմահերոսական դրվագներ /1919-1921թթ./ Զանգեզուրյան հերոսամարտերի իրադարձություններից:
Դահլիճի լռության մեջ Ազատության ոգին էր թեւածում, որ բոլոր ժամանակներում ներշնչել, ծնել ու հավերժացրել է Նժդեհներ...
Բեմից հնչեցվեց այն միտքը, որ Գարեգին Նժդեհը գաղափարի հերոս էր, վստահ, որ իր աճյունից շանթանման հերոսներ պետք է ծնվեն: Եվ ծնվեցին հերոսները, արթնացավ ցեղը, ոտքի կանգնեցրեց ազգը, ժողովուրդը: Անկախությանը հաջորդեց Արցախյան գոյամարտը, եւ հայ ժողովրդի ծոցից, ցեղի կանչով, ծնվեցին նոր հերոսներ՝ Վազգեններ, Մոնթեներ, Աշոտներ, Թաթուլներ, Արթուրներ...
Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, նշելով, որ Նժդեհի ապրած հայրենանվեր կյանքի դասերը օրինակ պետք է դառնան մատաղ սերնդի ու ճշմարիտ հայի համար:
Ծովինար Կարապետյան
Լճաշենի միջն. դպրոցի
դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
0 comments:
Отправить комментарий