1971 թվականի մայիս ամիսն էր:
Աշխատում էի Երեւանի թիվ 22 հատուկ գիշերօթիկ դպրոցում:
Մի գեղեցիկ օր, դասերի ավարտից հետո դպրոցի տնօրեն Սոկրատ Արաբյանը մանկավարժական կոլեկտիվին հայտնեց, որ ինքը պայմանավորվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ` հանդիպելու դպրոցի մանկավարժական կոլեկտիվին եւ աշակերտներին: Ասվածը անակնկալ էր բոլորիս համար:
Եվ ահա այդ օրը ինձ իր մոտ կանչեց դպրոցի տնօրենը եւ ասաց, որ բանաստեղծի հետ ժամը 12-ին պայմանավորվել է՝ հանդիպելու ներկայիս Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շուկայի դիմացի մայթին եւ ինձ հանձնարարեց իր ծառայողական ՙՄոսկվիչ՚ մակնիշի կիսամարդատար ավտոմեքենայով գնալ հանդիպման վայրը` բանաստեղծին դպրոց բերելու համար: Որքան անսպասելի, այնքան էլ մեծ պատիվ էր ինձ համար` հանդիպելու եւ ծանոթանալու բանաստեղծի հետ եւ նրան ուղեկցելու դպրոց, որը գտնվում էր Նորքում: Եվ ահա, երբ մոտեցանք պայմանավորված տեղին, հեռվից նկատեցինք, որ Շիրազը շրջապատված էր մարդկանց հոծ բազմությամբ եւ զրուցում էր նրանց հետ:
Մենք մեքենայով կանգնեցինք մայթի մոտ, ես մոտեցա, ներկայացա մեծ բանաստեղծին եւ հայտնեցի, որ դպրոցի տնօրենն է ուղարկել ինձ` իրեն ուղեկցելու: Բոլորի համար անսպասելի` հանկարծ Շիրազն ինձ հարցրեց, թե ինչ մեքենայով ենք գնալու: Եվ երբ ես ցույց տվեցի ՙՄոսկվիչ՚ ավտոմեքենան, Շիրազը հանկարծակի դուրս եկավ բազմության միջից եւ համարյա գոռալով ասաց, որ այդ մեքենայով չի գալու: Քիչ հետո արագ քայլերով թողեց ու հեռացավ: Հետո շուռ գալով ասաց. ՙԵս ամբողջ կյանքում դագաղի մեջ եմ եղել, հիմա էլ դուք եք ուզում այս դագաղով հայոց բանաստեղծին դպրոց տանել՚: Զգալով, որ վիրավորված բանաստեղծը հեռանում է վճռականորեն, իրեն շրջապատած մարդկանց խնդրեցի համոզել Շիրազին, որ այլ մեքենայի հարց կլուծեմ: Դարձյալ մոտեցանք հեռացող բանաստեղծին, կանգնեցրինք: Ինձ հետ եկողներն էլ համոզեցին նրան՝ գնալ հանդիպմանը, որին եւ Շիրազը, թեկուզ դժվարությամբ, համաձայնեց: Ուրիշ մեքենայով նրան դպրոց տարա, որտեղ հանդիպելով տնօրենին, հայտնեց, որ եթե չլիներ այս երիտասարդի /նկատի ուներ ինձ/ խնդրանքը, ինքը դպրոց չէր գա:
Քիչ հետո տեսնելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ժպիտն ու ոգեւորությունը` Շիրազը մոռացավ վիրավորանքը, անմիջապես փոխվեց ու մտավ իր դերի մեջ:
Հանդիպումը, ջերմ ու սրտառուչ մթնոլորտը անջնջելի տպավորություն թողեցին բանաստեղծի վրա: Նա հիացավ իր ստեղծագործությունների վերլուծական զեկուցումից, որը ներկայացվեց իմ կողմից, երեխաների ասմունքից, որոնք հիմնականում ընդգրկում էին հայրենասիրության թեման, նրա սիրած Մասիսները, անմոռանալի մորը, միացյալ Հայաստան ստեղծելու եւ հայոց պատմական հուշերն ու Մասիսն ազատագրելու նրա տենչն ու հույզերը…
Միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Որպես երախտիքի նշան` բանաստեղծը լուսանկարվեց մանկավարժական կոլեկտիվի հետ, մեկիկ-մեկիկ հրաժեշտ տվեց բոլորիս եւ խոստացավ նորից այցելել մեզ, կարդալ իր բազմաթիվ անտիպ բանաստեղծությունները, որոնք, ցավոք, այն ժամանակվա գրաքննության պայմաններում չէին տպագրվում, որոնք հաճախակի դառնում էին մեծ բանաստեղծին հալածելու, հայկականը, ազգայինը մոռանալու, նրան իր հարազատ ժողովրդի հետ հաղորդակցելուց զրկելու գործոնները:
Մեծ տպավորություններով հրաժեշտ տալով հայոց մեծ բանաստեղծին` չէի կարող անգամ երեւակայել, որ մի քանի տարի հետո նրան կհանդիպեմ արդեն իմ հարազատ շրջանում` Մարտունիում:
1975թ. հունվարին նշանակվեցի Մարտուն թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ: Դպրոցի տնօրենն էր բազմավաստակ եւ ճանաչված մանկավարժ, բանաստեղծ ու մեծ հայրենասեր Արտաշ Ստեփանյանը, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել միչեւ 1978 թվականի օգոստոս ամիսը: 1976 թվականին, երբ դպրոցի տնօրեն Ա. Ստեփանյանի հետ քննարկում էինք առաջիկայում համադպրոցական հերթական միջոցառում նախապատրաստելու եւ անցկացնելու հարցերը, առաջարկեցի` հանդիպում կազմակերպել Հովհաննես Շիրազի հետ` տեղյակ պահելով դպրոցի տնօրենին, որ ունեմ Երեւանի համար 22 հատուկ գիշերօթիկ դպրոցում մեծ բանաստեղծի հետ անցկացված միջոցառման ծրագիրը: Կարճ ժամանակ անց, ծանոթանալով ծրագրին, Ա. Ստեփանյանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլ իր հերթին լրացումներ ու փոփոխություններ կատարեց ծրագրում: Անհրաժեշտ էր նաեւ հանդիպել բանաստեղծի հետ, ստանալ նրա համաձայնությունը: Հուրախություն մեզ, Արտաշ Ստեփանյանը նշեց, որ ինքը անձնական կապեր ունի Հովհաննես Շիրազի հետ եւ շուտով կհանդիպի նրան:
Մանկավարժական կոլեկտիվի համար պարզ էր նաեւ, որ բանաստեղծի հետ հանդիպումը կապված էր նաեւ լուրջ պրոբլեմների եւ դժվարությունների հետ: Հարցը նրանում էր, որ Հովհ. Շիրազը, նրա ազգային ու հայրենասիրական թեմաները, հայոց Մեծ Եղեռնին, Արեւմտյան Հայաստանին նվիրված ստեղծագործությունները խորհրդային իշխանության տարիներին համարյա փակ թեմաներ էին, գտնվում էին խիստ գրաքննության պայմաններում, իսկ բանաստեղծն ու նրա համախոհները մշտապես գտնվում էին ուժային կառույցների հսկողության տակ: Մեծ դժվարությամբ հաջողվեց ձեռք բերել նաեւ Մարտունու կուսշրջկոմի համաձայնությունը:
Անչափ մեծ էր բոլորիս ոգեւորությունը, երբ Շիրազի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ա. Ստեփանյանը ստացել էր նրա համաձայնությունը` դպրոց գալու համար:
…1977թ. մայիսն էր: Լիովին պատրաստ Հովհ. Շիրազի հետ հանդիպմանը՝ նրան սպասում ենք ամենայն սիրով ու հպարտությամբ: Միջոցառմանը հրավիրված են ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղմունքի տեր մարդիկ, մտավորականներ, երիտասարդներ, բնական է, կուսշրջկոմի ապարատն ու շրջանի մնացած ղեկավարները եւ բազմաթիվ այլ մարդիկ: Մեզ համար պարզ դարձավ, որ դպրոցի փոքրիկ դահլիճը ի վիճակի չէր ընդունելու բոլոր հյուրերին ու միջոցառմանը մասնակցել ցանկացողներին: Մնում էր միայն միջոցառումը դպրոցից տեղափոխել Մարտունի քաղաքի մշակույթի պալատի դահլիճը` հարցը համաձայնեցնելով շրջանի ղեկավարության հետ: Եվ ահա գալիս է հանդիպման օրը… Հազարավոր մարտունեցիներ՝ մեծ ու փոքր, եկել էին դիմավորելու մեծ բանաստեղծին, եկել էին սեփական աչքերով տեսնելու մարդուն, ով, գտնվելով անըդհատ ճնշման ու հալածանքի մեջ, երբեք չի մոռանում գերված Մասիսները, Արաքսից այն կողմ գտնվող եւ գերության մեջ հայտնված մեծ Էրգիրը, ով իր գրչով ժողովրդի մեջ միշտ վառ է պահում ազգային ոգին ու Արեւմտյան Հայաստանը հետ բերելու վճռականությունը:
Մշակույթի պալատի առջեւ դիմավորողների մեջ էր նաեւ Շիրազի մտերիմ բարեկամ ու համախոհ, մեծ հայրենասեր, երգահան ու բաստեղծ Հայրիկ Ղազարյանը: Անչափ հուզիչ էր նրանց հանդիպումն ու տեւական գրկախառնությունը, որից հետո նրանք եւ Արտաշ Ստեփանյանը լուսանկարվեցին:
Իսկ դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Զբաղեցված էին ոչ միայն նստարանները, այլեւ միջանցքները, իսկ բեմի վրա տեղերն զբաղեցրել էին շրջանի ղեկավարները, բնական է, Հովհաննես Շիրազը` իր հետ ժամանած հայտնի ասմունքող, վաստակավոր արտիստուհի Սիրվարդ Մեսրոպյանի հետ, ինչպես նաեւ դպրոցի ղեկավարները:
Բանաստեղծի գրական գործունեության ու ստեղծագործությունների մասին զեկուցումներով հադես եկավ դպրոցի տնօրեն Արտաշ Ստեփանյանը: Զեկուցումն ուղեկցվում էր դպրոցի սաների կողմից Շիրազի բանաստեղծությունների ընթերցմամբ: Հայոց մեծ բանաստեղծը զարմացած ու հիացած էր այդ աշակերտներով, նրանց ասմունքելու եւ ստեղծագործությունները հիանալի մատուցելու կարողությամբ, զեկուցման լիարժեքությամբ, շիրազյան թեման բազմակողմանիորեն ներկայացնելու վարպետությամբ: Դահլիճում հաճախակի էին հնչում բուռն ծափահարություններ ու բացականչություններ, երբ բոլորի համար անսպասելի վաստակավոր արտիստուհի Սիլվա Մեսրոպյանը, քափ-քրտինքի մեջ մտած, ամբողջությամբ արտասանեց Հ. Շիրազի ՙՀայոց դանթեականը՚ պոեմը, որը խստիվ արգելված էր: Եվ զարմանալ կարելի էր, թե ինչպես ճանաչված արտիստուհին այն ժամանակ նման համարձակության դիմեց` կարդալով այդ ստեղծագործությունն ամբողջությամբ:
Դահլիճում գտնվողները երկարատեւ ու քար լռությունից հետո հոտնկայս ու բուռն ծափահարում էին` չնկատելով նախագահությունում նստած շրջանի առանձին ղեկավարների մտավախ դեմքերը:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Հովհաննես Շիրազը, ով իրեն յուրահատուկ ձեւով դիմելով ներկաներին, դպրոցի մանկավարժական կոլեկտիվին խորին շնորհակալություն հայտնեց իրեն ամենաբարձր մակարդակով դիմավորելու, եւ մեծարելու համար, ապա կոչ արեց չմոռանալ ծերության մեջ գտնվող Մասիսներին, մեր նախնյաց երկիրը, Հայոց Մեծ եղեռնը եւ անպայման, վրիժառությամբ լցված, դրանք հետ բերել: Միջոցառման վերջում ես բանաստեղծին հանձնեցի դպրոցի բարձր դասարանի մի խումբ շնորհալի աշակերտների կողմից փայտի վրա փորագրված Մասիսները` ասելով. ՙՑանկանանք, որ մի գեղեցիկ օր Հայոց մեծ բանաստեղծը ոտք դնի ազատագրված եւ իր պաշտելի Մասիսների լանջին ու այնտեղից կարոտած հայացք ձգի հինավուրց, ծովից ծով ձգվող ու դեպի ապագան գնացող Մայր Հայաստանի վրա՚: Հետո նրան հանձնեցին նվերը: Ինձ համար անսպասելի՝ բանաստեղծը ամուր գրկեց ինձ, գրկախառնվեց` բացականչելով.ՙԴուք իմ Մասիսներն ինձ տվեցիք, շնորհակալ եմ, չմոռանաք երբեք, որ մենք պահանջատեր ենք՚: Եվ չդադարող ծափահարությունների ներքո իրեն յուրահատուկ ձեւով թափահարում էր ձեռքերն ու հրաժեշտ տալիս մարդկանց…
Միջոցառման ավարտից հետո բանաստեղծի հետ հանդիպումը շարունակվեց նաեւ դպրոցում` լիառատ սեղանների շուրջ, որից հետո բանաստեղծին ու Սիլվա Մեսրոպյանին ճանապարհեցինք մայրաքաղաք: Իսկ մեծանուն բանաստեղծի հետ հանդիպման արձագանքները ամիսներ շարունակ չէին դադարում` բոլորի սրտերում վառ պահելով Մայր Հայաստանի միավորման, միասնական ու Մասիսներն ազատված տեսնելու Շիրազյան պատգամը:
Անցել են տասնամյակներ: Մասիսներն առայժմ գտնվում են սահմանից այն կողմ: Սակայն հաստատ համոզված եմ, որ կգա մի գեղեցիկ օր, որ մեր սերունդները կտեսնեն ազատագրված Մասիսներն ու մեր պատմական հողերը եւ կկատարվի հայոց մեծ բանաստեղծ Շիրազի երազանքը` հայերը կապրեն ծովից ծով ձգվող Հայաստանում, որին նա այնքան հավատում ու տենչում էր…
Ավետիք Գասպարյան
0 comments:
Отправить комментарий