Գավառ քաղաքի տարածքում կարելի է տեսնել սփռված հուշարձաններ, որոնց մեծ մասը խաչքարեր են եւ կրում են արձանագրություններ: Ձեռագիր հնագույն մատյաններից հետո արձանագրություններ կրող քարեղեն հուշարձանները երկրորդն են իրենց առատությամբ ու նշանակությամբ: Այդ լուռ վկաները գալիս են եւ մեզ գտնում անհիշելի ժամանակներից: Մեր ՙԲերդի գլուխ՚ քարաժայռերի հարթությունը մի իսկական հնագիտական թանգարան է` պահպանված հիանալի քանդակներով քարե մատյաններով` մեզ մեր նախնիներից ավանդված:
Բայց որոշ վայ մարդիկ կամ հայեր այնտեղ տարածված միջնադարյան գերեզմանոցում միջնադարյան բարձրարվեստ եւ արժեքավոր խաչքարերը եւ տապանաքարերը մի կողմ են հրել, նորից նոր իրենց հանգուցյալների գերեզմանոցների համար տեղ եւ ճանապարհ բացել:
Սուրբ Ստեփանոս մատուռից դեպի արեւմտյան ծայրը եռանկյան մեջ շարքով կանգնած խաչքարերի մի մասը տապալվել են առանց այն էլ խարխլված պատվանդաններից եւ կոտրվել, մյուս մասն էլ Աստծո ողորմածությամբ դեռ չեն ընկել:
Հնագույն պանթեոն հիշեցնող մեծամեծների տապանաքարեր են դրանք կամ տանուտերերի ու տոհմակիցների հավաքածու արձանագրություններով խաչքարեր: Այդ հազվագյուտ հուշարձանների թիվը 55-ն է:
Նրանց մեծ մասը հնագետների կողմից դեռ ընթերցված եւ հրատարակված չեն, եւ մեր կողմից նման անհոգի վերաբերմունքի դեպքում կարող են անհետանալ կամ ոչնչանալ: Այդ դեպքում ինչո՞ւ կամ ո՞ր իրավունքով ենք մղկտում Արեւմտյան Հայաստանի բռնագրավված եւ թուրքերի ու քրդերի կողմից անխնա ոչնչացված ու ոչնչացվող հայկական մշակութային արժեքների` վանքերի, խաչքարերի, մատուռների, վիմագիր արձանագրությունների, ճարտարապետական այլ հուշարձանների ոչնչացման համար: Իսկ մեզ ո՞վ պետք է մեղադրի մեր անտարբերության, անհոգի, երբեմն էլ` անմարդկային ու նսեմ վերաբերմունքի համար: Ու եթե այդքան անպիտան է մեր մտածողությունը, մեր մոտեցումը հայապահպան ու ազգապահպան այս խնդրին, այդ դեպքում թող ողջ ուժով խոսի օրենքը, թող գործին միջամտեն պատկան մարմինները` ստեղծելով հատուկ եւ արգելող գոտի, որպեսզի չար ու տգետ մարդիկ մեր մշակութային ժառանգության եւ ազգային սրբությունների վրա ձեռք բարձրացնելու հնարավորություն չունենան:
Խաչիկ Ենգիբարյան
Հետգրություն- Նամակում բարձրացված խնդիրը քննարկվեց Գավառի քաղաքապետարանում: Քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի, ապա քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ մեր անմիջական մասնակցությամբ ուսումնասիրվեց Գավառի ՙԲերդի Գլխի՚ միջնադարյան պատմական գերեզմանոցի ընդհանուր վիճակը: Նամակում բարձրացված հարցը, բերված փաստերը, ցավալիորեն համապատասխանում էին իրականությանը: Գավառի քաղաքապետը, ելնելով հարցի կարեւորությունից եւ հրատապությունից, խոստացավ այս տարվա ընթացքում ցանկապատել միջնադարյան գերեզմանոցի տարածքը եւ ստեղծել արգելող գոտի, որպեսզի այդ տարածքը նոր թաղումների նպատակով քաղաքացիների կողմից չյուրացվի: Գուրգեն Մարտիրոսյանն իր խոստումն իրականացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ:
Բարձրացված այլեւ խնդիրն առկա է ոչ միայն Գավառ քաղաքում, այլ մարզի տասնյակ այլ բնակավայրերում, ուր մարդիկ, օգտվելով այն առիթից, որ գործող գերեզմանոցները գտնվում են պատմական գերեզմանոցներին մոտիկ կամ հարեւանությամբ, իրենց հանգուցյալների թաղումների համար յուրացնում են նոր տարածքներ հայ միջնադարյան քարարվեստի բարձրարժեք կոթողները եւ պատմության անգնահատելի վավերագրերը ոչնչացնելու հաշվին: Պատմության եւ մշակույթի հուշարձանների տարածքում հատուկ եւ արգելող գոտիների ստեղծումը վաղուց արդեն դարձել է ժամանակի հրամայական, եւ ուզում ենք հուսալ, որ Գավառի քաղաքապետարանի կատարած քայլը օրինակ կծառայի մյուս համայնքների համար:
ՙԳեղամա աշխարհ՚
0 comments:
Отправить комментарий