ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 6 февраля 2012 г.

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՁՈՐՈՒՄ


 Վարդաձորը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, ուր ապրում է 3012 բնակիչ` 800 ծուխ: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է եւ անասնապահությունը: Գյուղի տղամարդկանց մեծ մասը ընտանիքի կարիքները հոգում է արտագնա սեզոնային աշխատանքով: Վարդաձորն այն պարտաճանաչ համայնքներից է, որը երրորդ տարին անընդմեջ տեղական բյուջեի հավաքագրումը կատարում է 100 եւ ավել տոկոսներով: Այս տարի սեփական եկամուտների հավաքագրումը Վարդաձորում կատարվել է 101 տոկոսով: Համայնքապետարանը չունի նաեւ աշխատավարձերի պարտք ու պահանջ: 3 տարի է, ինչ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ռոբերտ Սիրականյանը:
 Գյուղապետը Վարդաձորի համար առանձնացնում է մի շարք հիմնախնդիրներ, որոնց կողքին դասում է նաեւ լուծումներն ու այն ուղիները, որոնք հնարավորություն կտան` շենացնել համայնքը:
Վարդաձորում գործում է երկու անհատական անասնապահական տնտեսություն, որոնց աշխատանքի շնորհիվ տարեկան շուրջ 600 տոննա կաթ է արտադրվում եւ ուղղակիորեն մտնում շուկա: Այս երկու ֆերմաներում տարիներ ի վեր մշտապես գործում  է շուրջ 40 աշխատատեղ: 
Վարդաձորում այս տարի նկատվում է նաեւ ոչխարաբուծության զարգացում, անասնագլխաքանակի աճ: Արդեն երկու տարի է, ինչ վարդաձորցի Արտուշ Պետրոսյանն ու Դավիթ Գրիգորյանը հիմնադրել  են իրենց ոչխարաբուծական տնտեսությունները` 500-ական գլուխ ոչխարներով: Սկսվում է ծնի շրջանը, ինչի արդյունքում եւ սպասվում է ոչխարի գլխաքանակի որոշակի աճ:
 Մասնավոր տնտեսություններում նկատվում է խոշորի գլխաքանակի աճ:
Համայնքապետարանի կատարած կարեւոր աշխատանքներից  մեկն էլ աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելն է: Այս տարի նրանց տեղական բյուջեի հաշվին հատկացվել է 2 միլիոն դրամի օգնություն:
 2011 թվականին համայնքապետարանը սեփական միջոցներով  գնել է նոր տրակտոր եւ գութան, որը հեշտացրել է գյուղացիական տնտեսությունների գործը. Նրանց մատուցվող վարի եւ ցանքի ու այլ աշխատանքների դիմաց գանձվել է 25 հազար դրամ` 1 հեկտարի դիմաց, որը կրկնակի էժան է շրջակա համայնքներում մատուցվող ծառայությունների գներից: Այս քայլը հնարավորություն է տվել, որ Վարդաձորում աստիճանաբար ընդարձակվեն մշակվող վարելահողերը, ավելանան ցանքատարածությունները:
 Գյուղապետը հայտնեց նաեւ, որ  այս տարում նախատեսվում է ստեղծել համայնքային մեքենատրակտորային պարկ: Այս տարում կգնվի շարքացան, խոտհնձիչ, հակավորող մեխանիզմներ եւ հացահատիկահավաք կոմբայն, որոնք շատ անհրաժեշտ են գյուղացիներին: 
 -Այսպիսի օժանդակությունը նպաստում է գյուղում երկրագործության զարգացմանը: Վարդաձորի 560 հեկտար վարելահողերից մշակվում էր 200 հեկտարը, այս տարի մշակվող հողատարածքներն ավելացել են շուրջ 100 հեկտարով,- վկայում է Ռոբերտ Սիրականյանը:
Այս տարի տեղական բյուջեի միջոցներով վերանորոգվել է երկու փողոց: Վերանորոգվել է Վարդաձորի կենտրոնական փողոցը շուրջ 2 կմ երկարությամբ, տեղադրվել են ջրատար խողովակներ` կամրջակների տեսքով, հարդարվել եւ խճապատվել է ճանապարհը: Հարթեցվել է նաեւ շուրջ 2 կմ երկարությամբ հանդամաս տանող ճանապարհը: Նախորդ տարում լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ  գյուղի ընդհանուր մաքրման եւ աղբահանության վրա:
 Այս երեք աշխատանքների համար համայնքի բյուջեից ներդրվել է շուրջ 850 հազար դրամ: Իրականացվել է Վարդաձորի խմելու ջրի ներքին ցանցի մի մասի վերանորոգումը: 500 մետր երկարությամբ խմելու ջրի ներքին ցանցի բարեկարգման համար տեղական բյուջեից ներդրվել է 3 միլիոն 500 հազար դրամ: 
Կազմվել է Վարդաձորի գլխավոր հատակագիծը` 6 միլիոն դրամ արժողությամբ: 
2011 թվականին համայնքի բյուջեից հատկացված 600 հազար դրամով եւ պետբյուջեի 4 միլիոն դրամ հատկացումներով վերանորոգվել է Վարդաձորի միջնակարգ դպրոցի երկու սենյակ: Սենյակները նախատեսված են 60 երեխաների համար` նախակրթարանի նպատակով, ուր այժմ հաճախում է 30 երեխա: Նախակրթարանում կազմակերպվում են նախադպրոցական վարժանքներ, երգ ու պար, լեզուների տարրական ուսուցում: Կառույցը գործում է անվճար հիմունքներով, շուրջտարյա գրաֆիկով, իսկ աշխատակցի աշխատավարձը տրամադրում է համայնքապետարանը: 
 Այս պահին համայնքի հաշվարկային հաշվին առկա է 11 միլիոն դրամ, որը նախատեսված է գյուղտեխնիկայի ձեռքբերման համար: Միաժամանակ աշխատանքներն են տարվում  պարարտանյութերի ձեռքբերման եւ ժամանակին մատչելի գնով գյուղացուն հանձնելու ուղղությամբ: Պարարտանյութը սպառողին կտրամադրվի 6000 դրամով:
 Համայնքում խնդիրները լուծում են ստանում նաեւ վարդաձորցի բարերարների աջակցությամբ: Գյուղի բարերար Պապին Պետրոսյանի նախաձեռնությամբ այս տարի նախատեսված է ավարտին հասցնել Վարդաձորի գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները: 500 մետր երկայությամբ ճանապարհի 300 մետրը վերանորոգվել եւ ասֆալտապատվել է նախորդ տարիներին, իսկ այս տարի կասֆալտապատվի մնացած հատվածը: 
 Գյուղապետը միջոցներ է հայթայթում գիշերային լուսավորման ցանցի ստեղծման եւ զոհվածների հուշարձանի կառուցման համար: 
ՙՀայաստան Համահայկական հիմնադրամի՚ միջոցներով կհիմնանորոգվի Վարդաձորի խմելու ջրի ներքին ցանցը` 2 կմ երկարությամբ: 
Վարդաձորի համայնքապետը առանձնացնում է համայնքի մի շարքի հիմնախնդիրներ` համայնքային ճանապարհների վերանորոգումը,  լեռնային արոտ տանող ճանապարհների, խմելու ջրի ներքին ցանցի, ոռոգման ջրատարների վերանորոգումը: Գյուղը չունի համայնքապետարանի շենք:
 Գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը վստահեցնում է, որ խնդիրներն ու հիմնախնդիրերն աստիճանաբար լուծում են ստանում համայնքի եւ ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով եւ այլ դոնորների կամ բարերարների աջակցությամբ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More