ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 6 февраля 2012 г.

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԱՌԸ ՀԵԳՆԱՆՔԸ


 Տարիներն ինչքան էլ որ հեռացնեն մեզ 1990 թվականի հունվարից, միեւնույն է, հայի հիշողությունից չի կարող ջնջվել Բաքվի արյունահեղությունը, երբ ադրբեջանական ազգայնամոլ ամբոխը իրեն բնորոշ գազանությամբ որոշեց ջնջել հայ տարրը իր ՙհայրենիքից՚ եւ այն հողից, որը ծաղկել, փթթել ու աշխարհին էր ներկայացել հայի մտքով, հայի ձեռքով ու ջանքերով:    Խորհրդային Միության մեջ Բաքուն նշանավորվել էր որպես խոշոր մշակութային կենտրոն, որտեղ մշակույթ կերտողների կորիզը կազմված էր հայերից: Իրենց գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով հայերը փառք ու ճանաչում բերեցին Բաքվին ու ադրբեջանցիներին, սակայն երախտիքի փոխարեն ստացան մահ, կոտորած, ցավ ու կսկիծ: Թողած տուն, ունեցվածք, աշխատանք, անուն, պատիվ` նրանք բռնի ուժով գաղթեցին Հայաստան եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Մազապուրծ եղած փախստական հայերից ոչ բոլորին հաջողվեց գտնել իրենց տեղն ու դիրքը կյանքում, ստեղծել բարեկեցիկ կյանք ու հարմարավետ տուն:
 Գեղարքունիքի մարզ գաղթած փախստականներից շատերը արժանացան նույն ճակատագրին: Նրանք փրկվեցին` ողջ աշխարհին բարձրաձայնելու, իրենց սերունդներին պատմելու թշնամու գործած եւ առայժմ անպատիժ մնացած ոճիրները…
 Շատերի պես Բաքվի Շահումյանի անվան մշակույթի  տան ժողովրդական թատրոնի ռեժիսորներ եւ դերասաններ Ալեքսանդր Մարտիրոսյանի եւ նրա կին Լուսիկ Ֆանդունցի ընտանիքն էլ կիսեց փախստականի դառը ճակատագիրը` Բաքվում թողնելով փառք, անուն, հռչակ, ունեցվածք ու հարազատի շիրիմ: 

Լուսիկ Ֆանդունց
 ՙՍովետական Հայաստան՚ եւ ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթերում  Բաքվի Ստ. Շահումյանի անվան մշակույթի տան ժողովրդական թատրոնի ու դերասանների մասին պատմող  աղբյուրներում ասվում է, որ թատրոնի պատմության, առաջընթացի ու ձեռք բերած հաջողությունների  գործում մեծ է եղել Ալեքսանդր Մարտիրոսյանի դերը, ով իր կյանքի 50 լավագույն տարիները նվիրել է բեմին: Նա սկզբում դարձել է խմբի առաջատար դերասաններից մեկը, այնուհետեւ` նրա ռեժիսորը: 
 Տասնամյակների ընթացքում թատերական արվեստով հրապուրված` շատերն են եկել Բաքվի Շահումյանի անվան մշակույթի տան ժողովրդական թատրոն, մասնակցել ներկայացումներին, հաղորդակից դարձել բեմական արվեստին, փորձել իրենց ուժերն ու ընդունակությունները: 
Մարինա Մարտիրոսյան
 Բնածին շնորհքը մարդու առաջին օգնականն է: Բայց դրա հետ միասին անհրաժեշտ են նաեւ աշխատասիրություն, հետեւողականություն, ամենօրյա պրպտումներ, սիրած գործի նկատմամբ նվիրվածություն: Թատրոնում ստանձնած առաջին դերերը ոգեւորում են Ալեքսանդր Մարտիրոսյանին: Հովսեփ Ոսկանյանի, Հովհաննես Զարաֆյանի բեմադրած ՙՔաջ Նազար՚, ՙՄորգանի խնամին՚, ՙԱվազակները՚, ՙԳործադուլ՚ ներկայացումներում առաջատար դերեր կատարեց, որոնց հաջողությունները հավատ ներշնչեցին սեփական կարողությունների նկատմամբ, ու նա մեկընդմիշտ իրեն կապված զգաց թատրոնի հետ: Հետագայում նա գլխավոր դերեր կատարեց ՙԿույր երաժիշտը՚, ՙՆամուս՚, ՙՊատվի համար՚, ՙՍեւիլ՚, ՙՉար ոգի՚, ՙԱյդին՚, ՙԹառամած ծաղիկներ՚ ներկայացումներում: Դերասանի խաղացանկում հատուկ տեղ գրավեցին Պեպոն, իսկ հետագայում նաեւ Կակուլին: Ստեղծագործական որոնումներով լի մթնոլորտում օր օրի կատարելագործվել են Ալ. Մարտիրոսյանի թե՜  դերասանական, թե՜ ռեժիսորական ընդունակությունները: Եվ ահա նա սկսում է ղեկավարել խաղացանկի պիեսների բեմադրությունները: Մ. Քոչարյանի ՙՄենք նոր պիտի ապրենք՚, ՙԿույր երաժիշտը՚, Ջ. Ջաբարլու ՙԱյդին՚, Շիրվանզադեի ՙՆամուս՚, Գ. Բորյանի ՙՆույն հարկի տակ՚, Արամաշոտ Պապայանի ՙԱրտասահմանյան փեսացու՚, Մ. Հովհաննիսյանի ՙՏմբլաչի Խաչանը՚, ՙԽաչանը Փարիզում՚ եւ ուրիշ շատ պիեսների բեմադրությունները վկայեցին Ալ. Մարտիրոսյանի ռեժիսորական ընդունակությունների մասին: Նրա բոլոր ներկայացումները հաջողություն ունեցան, հանրապետական մրցույթներում եւ ստուգատեսերում արժանացան մրցանակների: 
 Շեքսպիրի ծննդյան 400 ամյակի օրերին նրա կողմից համարձակ քայլ էր ՙՕթելլո՚ ողբերգության բեմադրությունը: Ժամանակին այդ բեմադրության մասին խրախուսանքի խոսք է ասվել մամուլում, իսկ հանրապետական ստուգատեսում այն երկրորդ տեղն է գրավել: Ուշագրավ է այն, որ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Իսմայիլ Դաղստանլին ցանկություն է հայտնում եւ ներկայացման մեջ խաղում է Օթելլոյի դերը:
 Ալ. Մարտիրոսյանը հայրական հոգատարություն է ցուցաբերում երիտասարդ տաղանդների, թատրոնի դերասանների նկատմամբ: Նա լավ գիտեր յուրաքանչյուրի ընդունակությունները, պարզ պատկերացնում էր հեռանկարները, թույլ չէր տալիս` բավարարվելու ձեռք բերածով:
 Այդ տարիներին ժողովրդական թատրոնների ներկայացումների որակն ավելի է բարելավվում: Ալեքսանդր Մարտիրոսյանը նաեւ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, սակայն, որտեղ էլ որ լիներ, միշտ հավատարիմ էր բեմին: Նա ԽՍՀՄ ղեկավարների կողմից բազմիցս արժանացել է դիպլոմների, մեծարանքի եւ գոհացել է սիրելի հանդիսատեսի բուռն ծափահարություններով:
 Տասնամյակներ շարունակ թատրոնում ձեռք-ձեռքի տված ստեղծագործում են Ստեփան Վարդանյանն ու Վազգեն Միրզոյանը, Վազգեն Աթայանն ու Կարո Դադայանը, Մարգո Հակոբյանը, Յուրի Պողոսյանը, Սլավիկ Մելիքսեթյանը, Էդուարդ Պետրոսյանը, Էդուարդ Գալստյանը, Ելենա Քեխվոյանը, Թամարա Բալայանը եւ Ալեքսանդրի կինը` Լուսյա Ֆանդունցը, ով ոչ միայն նրա կյանքի ընկերն էր, այլ նաեւ տաղանդավոր դերասան, իսկ հետագայում` նաեւ ռեժիսոր: Լուսյա Ֆանդունցի մասին ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթը 1968 թվականին գրում է. ՙԼավ է, երբ կա ժողովրդական արվեստը, արվեստ, որին սնում է ինքնաստեղծագործությունը… Բաքվի հայկական ժողովրդական թատրոնի կոլեկտիվը, ռեժիսոր Լ. Ֆանդունցի ղեկավարությամբ, քիչ նվաճումների չի հասել արվեստի կատարելության ճանապարհին: Սպասենք նոր այցի` նոր, լավագույն բեմադրություններով՚:
 Լուսիկ Ֆանդունցն իր բեմական առաջընթացի համար շնորհակալ է եղել պրոֆեսիոնալ դերասանուհի Նվարդ Սանթուրյանին, ով երկար տարիներ ղեկավարել է Շահումյանի անվան մշակույթի տան ժողովրդական թատրոնը, հանդիսացել է բարի խորհրդատու, խստապահանջ արվեստակից-բարեկամ: Իր գործի մեծ գիտակը շատ բան է տվել Ֆանդունցին, իսկ վերջինս արդարացրեց  Սանթուրյանի հույսերը: Նա ստեղծեց անմոռանալի կերպարների մի ամբողջ շարք: Այնպիսիք, ինչպիսիք են Սեւիլը ՙՍեւիլ՚ պիեսում, Սուսանը` ՙՆամուսում՚, Սոնա-Զարիշան` ՙՉար ոգիում՚, Մարգարիտը` ՙՆամուսում՚, Աննան` ՙՍայաթ-Նովայում՚, Արուսյակը` ՙՄի հարկի տակ՚ պիեսում եւ իհարկե, Դեզդեմոնան` ՙՕթելլոյում՚: Նա իր գործի, մեծ վաստակի համար թատրոնում արժանացավ ժողովրդական արտիստի կոչմանը: Ալ. Մարտիրոսյանի, Լուսիկ Ֆանդունցի եւ մյուս հայ դերասանների շնորհիվ Բաքվի մշակույթի կենտրոնը ծաղկեց, բայց… Լուսիկը ամուսնուց ավելի երկար ապրեց եւ տեսավ իր հարեւան ադրբեջանցի ժողովրդի ցասումը, որին այդքան նվիրված ծառայում էր: Նա Ադրբեջանում թողեց հարազատների եւ ամուսնու շիրիմները, տարիների վաստակը, իր ու ամուսնու ստեղծած տունը եւ դստեր` Մարինայի հետ մազապուրծ փախչելով` դարձավ փախստական: Փախստական դարձան նաեւ նրա մյուս 4 երեխաներն իրենց ընտանիքներով: Նրանք Հայաստան չեկան, այլ սփռվեցին աշխարհով մեկ:
 Բաքվի իրենց շեն տան, ծնողների մասին այսօր արդեն մեծ հպարտությամբ ու քաղցր երանությամբ է հիշում 51-ամյա Մարինա Ալեքսանդրի Մարտիրոսյանը: Սակայն երանության ժպիտը միանգամից սառում է նրա դեմքին, երբ հիշում է այդ ամենի կորստի, Բաքվի տեղահանության, ներկա դժվարությունների եւ 16-ամյա աղջկա` Լուսիկի հիվանդության մասին:
 -1990 թվականի հունվարը ամբողջովին փոխեց իմ կյանքը: Հայրս արդեն մեզ հետ չէր: Ես եւ մայրս ապրեցինք ահասարսուռ օրեր, մինչեւ որ դարձանք տարագիր:  Ջարդերի, արյունահեղությունների մասին ոչինչ չեմ հիշում, քանի որ անընդհատ թաքստոցում եմ գտնվել: Մեզ մեր ադրբեջանցի հարեւաններն էին օգնում եւ մեր ընտանիքը լավ ճանաչողների օգնությամբ կարողացանք մի կերպ փախչել Հայաստան:
 -Նրանց կատարած բռնություններից միայն հիշում եմ գոռգոռոցներ: Անկառավարելի ու մեր հանդեպ թշնամությամբ լցված ամբոխը ամբողջովին ջարդեց մեր տան պատուհանները, ինչը մեզ ստիպեց շատ արագ միայն ամենաանհրաժեշտ հագուստը վերցնել Բաքվի կենտրոնում գտնվող մեր շեն ու հարուստ տնից ու հեռանալ: Ամեն ինչ թողեցինք թշնամուն: Իմ ծնողների տարիներով վաստակածը նրանք վայելեցին,- պատմում է Մարինան:
 Բազմահազար փախստականների նման մայր ու աղջիկ գալիս են Հայաստան: Նրանք ճակատագրի բերումով տեղավորվում են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ելենովկա 10/11 հասցեում: Լուսիկ Ֆանդունցը տեղավորվում է Սեւանի մշակույթի տանը աշխատանքի, իսկ Մարինան` Սեւանի ՙՄանուշակ՚ ճաշարանում որպես խոհարար, հավաքարար: 
 Սկզբում նրանք մեծ դժվարությամբ են հարմարվում փոփոխություններին: Երիտասարդ աղջկա համար առավել քան դժվար էր համակերպվելը, սակայն ապրելու միջոցներ հայթայթելու համար նա ստիպված մոռանում է հպարտությունը եւ իր երբեմնի երազներն սպանում է ճաշարանի խոհանոցում:
 Ինչ արած, պետք էր աշխատել եւ շարունակել ապրել:
 1993 թվականին Մարինան ամուսնանում է, սակայն ամուսնու հետ ապրելու ընդհանուր եզրեր չգտնելով` 1994 թվականին բաժանվում է, իսկ 1995 թվականին ծնվում է իր աղջիկը, ում մոր պատվին անվանում է Լուսիկ:
  Ֆանդունցը մահանում է 2009 թվականին, իսկ Մարինան դստեր հետ մնում է մենակ ու անաշխատանք: Այսօր նա մեծ կարիքի մեջ է ապրում եւ օգնություն ստանալու ակնկալիքով բախում է պետական դռներ` խնդրելով ֆինանսական աջակցություն աղջկա բուժման, դեղորայքի եւ մյուս ծախսերը հոգալու համար:
 Եթե չլիներ ադրբեջանական խուժանի վրեժխնդրությունն ու ատելությունը հայերի նկատմամբ, եթե չլիներ 1990 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հալածանքն ու կոտորածը, գուցե Մարինայի եւ Լուսիկի կյանքն այլ ընթացք ունենար:
 Պետք է հավատալ, որ կհասնի այն օրը, երբ բռնագաղթված յուրաքանչյուր հայ ընտանիք վերջապես կգտնի իր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում:


Հասմիկ Գրիգորյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More