/սկիզբը նախորդ համարներում/
Նրա համար արդ- բոլոր գույները,
Նռան գույնի են կամ էլ արյունի...
Նրա աչքերում թախիծ կա թաքուն,
Ու թաքուն, թաքուն ավազահատիկ...
Կորսված եզերք, եզերքի կարոտ,-
Ու եզերքի ցավ...
Նրա աչքերում- արեգակներ կան,
Ու վաղուց, վաղուց մարած արեւներ,
Նրա աչքերում- արեգակներ կան,
Արեւագալի նախանշաններ:
Ու մաքուր է նա, ինչպես Չաուշը
Կամ էլ Արաբոն-
Ազատամարտի ու վերջին կռվի
Ֆիդայի Սաքոն...
Նա իր ձեռքերով իր զոհված եղբոր
Մարմինն է գրկել ու հողն հայրենի...
Նրա ձեռքերը կոշտացած են շատ,
Նրա ձեռքերը փշրված են, ա՜խ,
Բայց նա պահում է ձեռքերը թաքուն,
Ինչպես Արաբոն...
Ատոմ Հակոբյան
1991 թվականը նոր բոթերով ու արհավիրքներով սկսվեց Շահումյանի եւ շրջանի մյուս գյուղերի համար: Փլուզվող Խորհրդային կայսրությունը վերջին ճիգերն էր լարում Միության պահպանման եւ հանրապետություններին նոր պայմանագրեր պարտադրելու համար: դրբեջանի ղեկավարությունը մի կողմից շարունակում էր իրեն ցույց տալ որպես Միության պահպանման ջատագով, իսկ մյուս կողմից, օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակում էր գործի դնել իր ջարդարար ձեռքերը եւ վաղեմի մտադրությունը: Նա իր դիվային քաղաքականությամբ եւ երկերեսանիությամբ կարողացավ մի բուռ արյունաքամ ազգի դեմ նետել նաեւ Կարմիր բանակի ուժերը մոտավորապես այնպես, ինչպես դա արել էր ոչ հեռավոր 1920-21 թվականն երին` Արցախի եւ Զանգեզուրի նվաճման համար օգտագործելով Կարմիր բանակի ուժերը: Հայաստանից Արցախ եւ նրա արեւելյան դարպաս հանդիսացող Շահումյան մեկնած ինքնապաշտպանական ջոկատները, փաստորեն, կանգնել էին աշխարհում մինչ այդ անպարտելի համարվող եւ սպառազինությամբ անգերազանց բանակին դեմ հանդիման: Քողարկելով իր ստոր մտադրությունը հայկական անօրինական զինված կազմավորումների զինաթափման եղկելի պատրվակի տակ` Կենտրոնը ադրբեջանական զինված կազմավորումների հետ համագործակցությամբ մահ ու արյուն սկսեց սփռել Արցախի եւ Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերում: Նպատակը հստակ էր. ծնկի բերել ու վերջնականապես հայաթափել Արցախը ահաբեկման զանազան միջոցներով: Հայ ժողովուրդը նորից կանգնեց լինել-չլինելու վտանգի առջեւ: Սկսվեց հայկական ինքնապաշտպանության հերթական փառավոր շրջանը, երբ կամավոր կռվի ու նահատակության գիրկը նետվեցին մեր ընտրագույն ու հերոս զավակները: Անողորմ ու անխնա կռիվ էր ծավալվել հարյուրավոր կիլոմետրերի վրա, գյուղերի մերձակայքում կամ լեռներում ու դաշտերում արդեն ստեղծված մարտական դիրքերում: Թշնամու սպառազեն ու հսկայական ուժերի դեմ հայ մարտիկները հանել էին իրենց ունեցած հիմնական զենքը` անկոտրում ոգին` հրաշքների ու գերագույն ջանքերի շնորհիվ արյունահեղ կռիվ տալով յուրաքանչյուր թիզ հողի համար: Հուսահատ կատաղությամբ ու վերջին ճիգերով մարտնչում էր նաեւ Էրքեջ գյուղը, որի գրավման համար Կարմիր բանակն ու ազերի հրոսակները հատուցեցին մեծ ջանքերի, կորուստների ու զոհերի գնով միայն: Էրքեջի հերոսական պաշտպանների շարքերում էր նաեւ Ֆիդայի Սաքոն կամ նույն ինքը` Սարգիս Լալայանը, ով մինչ այդ արդեն մարտական մեծ փորձ, համարձակություն ու հնարամտություն էր ձեռք բերել: Այսօր նա, հայրենի տան կորուստն ու կարոտը սրտում մխացնելով, այսպես է բնութագրում Էրքեջի դիրքն ու մարտավարական նշանակությունը. ՙԷրքեջը շրջապատված է անտառներով ու խոր ձորերով: Եթե դու Էրքեջում չես ծնվել ու մեծացել, ոչ մի ռազմական քարտեզի օգնությամբ կամ հետախուզական ցուցումներով չես կարող թափանցել գյուղ, անպայման կմոլորվես քո եկած ճամփան: Այդքան անառիկ այդ ամրոցը կարելի էր երկար ու հավերժ պահել, եթե չընկնեին Շահումյանը եւ մեր կողքի հայկական գյուղերը՚:
Սաքոն, միացած իր եղբայրներին, գյուղացիներին ու ՙՏիգրան Մեծ՚ ջոկատի հայ կամավորներին, դիրքից դիրք էր անցնում` իրականացնելով կապավորի ու զինվորի դժվարին պարտականությունը:
Սարգիսը ցավով ու հպարտությամբ է վերհիշում 1991 թվականի հուլիսյան օրերը, երբ հերոսական Էրքեջի մարտիկների անխորտակ ուժին բախվելով` հետ էին շպրտվում ազերի հրոսակների հետ գրոհի ելած կարմիր բանակայինները: Անակնկալ ձեւով գյուղի վրա հարձակված ու տանկերով, մարտական մեքենաներով զինված հրոսակներին պատահաբար նկատում է հովիվների մոտ գնացող մի պատանի` Մասիս անունով: Էրքեջի ինքնապաշտպանները հասցնում են ժամանակին դիրքավորվել եւ փառահեղ ճակատամարտ տալ, ինչի արդյունքում թշնամին տալիս է 43 զոհ եւ 96 վիրավոր: Ինչպես հավաստում է մարտի մասնակից եւ ականատես Սարգիս Լալայանը` հայկական կողմից ոչ մեկի մազն էլ չի ծռվում: Սակայն վիրավոր ու գազազած թշնամին շարունակում է սեղմել պաշարման օղակը` էրքեջցիներից պահանջելով հանձնել այն բոլոր զենքերը, որոնցով նրանք կռվել ու սպանել են հրոսակախմբերին: Էրքեջցիները տանում են մի քանի որսորդական ու հնացած, շարքից դուս եկած հրացաններ: Բանակցություններն ընդհատվում են, եւ մարտերը բորբոքվում են նոր թափով: Հուլիսի 15-ի մարտերը դառնում են ավելի կատաղի ու սաստիկ, քանի որ թշնամին սկսում է մարտաշարք մտցնել ավելի մահաբեր ու հեռահար զենքեր` ձգտելով կոտրել հայ մարտիկների անընկճելի ոգին: Այդ օրվա մարտերի մեջ էլ զոհվում է Սաքոյի եղբայրը` առասպելական Վանիկը, ում անունը վաղուց է դարձել հայերիս համար աղոթք ու պարծանք: Նա զոհվել է մարտական դիրքում` հրոսակների վրա կրակելիս: Նրան ճշգրտորեն գտել ու խոցել է թշնամու արկը:
-Մենք նրա կյանքը կարող էինք փրկել,-սրտի անհուն ցավով ասում է Սարգիսը,- եթե Արջ մականունով մեր մարտական ընկերն ու Վանիկի կողքին վիրավորվածը մեզ ճշգրտորեն ցույց տար Վանիկի տեղը: Արկի բեկորը Վանիկի ոտքը կտրել է ծնկից ներքեւ այն ժամանակ, երբ նա մարտադաշտից դուրս է բերել վիրավոր Արջին եւ, նրան ապահով թաքստոցում թողնելով, շտապել է օգնական նոր ուժեր կանչել ու խփվել է հետ վերադառնալու ժամանակ: Արջը, գտնվելով անգիտակից վիճակում, այդպես էլ չկարողացավ հստակորեն ցույց տալ այն ուղղությունը, որով գնացել ու հետ էր վերադարձել Վանիկը: Մենք մեկուկես օր, հիմնվելով Արջի մատնանշած ոչ հավաստի ուղղության վրա, աննպատակ որոնում էին Վանիկին: Եթե Արջը տեղանքը հստակ պատկերացներ ու մեզ ցույց տար ճիշտ ուղղությունը, մենք նրան շուտ կգտնեինք եւ կփրկեինք արյունաքամ լինելուց: Նա հոգին տվել էր մեծ ցասումով` թթենու ճյուղը մի ձեռքով բռնած, կանգնած վիճակում, բաց աչքերն ու հայացքը դեպի աստղազարդ երկինք հառած: Մահից առաջ էլ փորձել էր մի վերջին ճիգով ծնկի չգալ թշնամու առաջ, մնալ աներեր ու անսասան: Ավտոմատի ծայրն այնպիսի ուժով էր ցցել հողի մեջ, որ դժվարությամբ այն դուրս քաշեցինք: Կարծես թե մեզ նա մահից առաջ ցանկացել էր հասկացնել, որ այս կռվում արդեն ավտոմատը երկրորդական-երրորդական զենք է դարձել, որ արդեն պիտի աշխատենք ժամանակակից ու ավելի հզոր զենքեր ձեռք գցելու ուղղությամբ:
Վանիկի դին նրա եղբայրներն ու մարտական ընկերները դուրս են բերում մարտադաշտից եւ տանում իրենց հետ` նահանջելով դեպի Շահումյան եւ Գյուլիստան: Վանիկի մարմինը հողին պահ տրվեց Գյուլիստանում, ուր ժամանակավորապես ապաստանել էին նրա եղբայրներն ու գերդաստանի մյուս անդամները: Ի վերջո Սարգիսն ու իր եղբայրները կատարում են Վանիկի պատգամ-ցանկությունը` իր մահվան դեպքում իրեն թաղել մարտական անզուգական ընկեր Սլավիկի կողքին: Եվ քանի որ Սլավիկը հանգչում էր Չարենցավան քաղաքի գերեզմանատանը, հետագայում, օգտվելով առաջին իսկ խաղաղ հնարավորությունից, Վանիկի հուղարկավորությունը կազմակերպվեց հերթական անգամ, եւ նրա մարմինը պահ տրվեց Չարենցավանի գերեզմանատանը` Սլավիկի կողքին:
Բռնի ու ուժով դատարկվեց հայերի հազարամյակների հայրենիքը՝ Դաշտային Արցախը, որը համարվում էր Արցախի գլխավոր դարպասը: Թշնամին ձգտում էր օր ու ժամ առաջ զենքի ուժով հարցը վճռել իր օգտին՝ իր կեղծ կենտրոնամետ կեցվածքով հաջողացնելով գործադրել հայոց հերթական ցեղասպանությունն ու տեղահանությունը: Բռնի տեղահանված մյուս ընտանիքների հետ Լալայանները եւս սփռվեցին Հայաստանով մեկ՝ սրտի խորքում վերադարձի հույս փայփայելով: Այդ պահը եկավ 1991 թվականի աշնանը, երբ արդեն իրողություն դարձավ ԽՍՀՄ փլուզումը, եւ Ադրբեջանը զրկվեց Կենտրոնի զինական օգնությունից: Ազատագրական մարտերում արդեն թրծված հայ մարտիկները, օգտվելով այդ բացառիկ հնարավորությունից, հարձակման անցան եւ օգոստոսին վերագրավեցին Բուզլուխն ու Մանաշիդը, սեպտեմբերին` Էրքեջը: Էրքեջը վերագրաված մարտիկների շարքերում էր նաեւ Սարգիս Լալայանը: Ինչպես նա է վկայում՝ Էրքեջը վերագրավվել է առանց զոհեր տալու: Գյուղը պաշտպանող ադրբեջանական զինված խմբերը մատնվել են խուճապի եւ նահանջել:
-Թուրքերը մի քանի տուն հասցրել էին վառել,- վերհիշում է Սարգիսը,- սակայն ցավալին Էրքեջի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումն ու պղծումն էր թուրքերի կողմից: Հազար տարեկան Սուրբ Սարգիսը մեր տարածքի գյուղերի վանքերի, եկեղեցիների ու մատուռների մեջ ամենամեծն ու ամենահայտնին էր: Տղաներով մոմեր վառեցինք կիսավեր եկեղեցում, խոնարհվեցինք մեր խաչի ու Աստծո առաջ, որ կրկին մեր հայրենի տանն ենք: Կապնվեցինք Մեղրյանի հետ, ինքնապաշտպանական նոր ուժեր եկան Շահումյանից, սկսեցինք դիրքեր կառուցել: Մեր դիրքերը ամրապնդվեցին հեռահար ու մարտական նոր զենքերով:
Էրքեջցիները ընտանիքներով հայրենի տուն չվերադարձան, քանի որ իրավիճակը եթե նախկինում համարվում էր լարված ու վտանգավոր, ապա այժմ արդեն այն մտել էր պատերազմական փուլ: Էրքեջի ջոկատը բաժանվեց երկու հերթափոխի, որոնցից մեկի հրամանատարը էրքեջցի Կամո Հովհաննիսյանն էր, մյուսի հրամանատարը` Սարգիս Լալայանը: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Էրքեջի, Բուզլուխի եւ Մանաշիդի հայ մարտիկները գրավեցին հակառակորդի ուժեղ դիրքերը Թոդան գյուղում, սակայն օգնական ու պաշտպանական բավարար ուժեր չունենալու պատճառով հետ քաշվեցին:
Հաջորդ օրը, դեկտեմբերի 10-ին, թշնամու հետախույզները կարողացան թափանցել գյուղ եւ սպանել Կամո Հովհաննիսյանին: Նրա մարմինը այժմ հանգչում է Շահումյանի գերեզմանատանը: Կամոյի մահից հետո Էրքեջի ջոկատի հրամանատարությունը ստանձնում է Սարգիս Լալայանը: Նրանք ՙՏիգրան Մեծ՚ ջոկատի եւ Հայաստանից եկած այլ կամավորների հետ ավելի քան յոթ ամիս մարտեր էին մղում դիրքերում, հետ շպրտում ազերի հրոսակների հաճախակի կրկնվող գրոհները: Սարգիսն այսօր էլ հպարտությամբ է հիշում գնդապետ Բաղդասարյանի անունը, շեշտելով հրետանավորի նրա հմտությունը, դիպուկ կրակելու կարողությունը: Սաքոն փոխհրաձգությունների եւ մարտական գործողությունների ժամանակ եղել է գնդացրորդ, իրեն ամրացված գնդացրով եւ մարտական մեքենայի գնդացրով քանիցս հետ մղելով Էրքեջի դիրքերը գրավել փորձող հելուզակներին: Երկու անգամ նա կոնտուզիա է ստացել, որոնցից մեկը՝ Վերիշեն գյուղի մոտ: Երկու անգամ էլ նա գիտակցության է եկել հիվանդանոցում, ու փոքր-ինչ կազդուրվելուց հետո վերադարձել է մարտական դիրքեր: Դրանք այն ճակատագրական ու վճռական ժամանակներն էին, երբ Արցախում ծավալված մարտական գործողություններն ընթանում էին ժողովրդագրական իրավիճակի փոփոխության ու վերջնական հստակեցման ուղղությամբ: Հայ մարտիկները, կազմակերպելով գրոհ գրոհի հետեւից, հայոց հողը մաքրում էին թշնամու հեղձուցիչ շնչից: Իսկ Արցախի հյուսիսում Սարգիսն ու մյուս քաջերը կաշկանդում էին թշնամու գերազանց ուժերը, իրենց վրա վերցնում հարվածի ծանրությունն ու Արցախի հյուսիսային դարպասի պաշտպանությունը:
-Պաշտպանվող տարածքը հսկայական էր, մեր ուժերը՝ փոքրաթիվ,- շարունակում է հին զինվորը,- եւ շատ դեպքերում մենք ճարահատ գործի էինք դնում հնարամտությունը. խաբում ու շեղում էինք թշնամուն: Մի գիշեր դիրքերով մեկ լապտերներ ենք վառել, որ հակառակորդը կարծի, թե բազմաքանակ են մեր ուժերը: Ողջ գիշեր նրանք անկանոն կրակեցին՝ առանց մեզանից մեկին վնասելու, առանց մեկ քայլ իսկ առաջ գալու:
Սաքոյի մարտական հուշերում միշտ տպավորված են մնում 1992 թվականի ապրիլի երեսունի լույս մայիսի մեկի գիշերվա իրադարձությունները: Սերգեյ Չալյանի ղեկավարությամբ հայ մարտիկները հրաման են ստանում՝ գրավել հակառակորդի բարձր ու նպաստավոր դիրքերը: Գրոհը սկսվում է լուսադեմին: Երկու թեւերով, յուրաքանչյուրում քսան հոգի, հայկական ուժերը գրոհում են հակառակորդի ամուր դիրքերը: Առաջին երեք խրամատները գրեթե չեն դիմադրում, սակայն չորրորդ ու քողարկված խրամատը հուժկու հարված է հասցնում գրոհողներին: Կրակի տակ են ընկնում Սարգիսն ու իր խմբի մյուս անդամները: Մահացու վիրավորվում է երեւանցի Տիգրանը, վիրավոր ընկնում ՀԱԲ-ի Աշոտը: Սաքոն ընկնում է կրակի տակ, թշնամու անհույս օղակում:
-Ավտոմատիս փամփուշտները կրակել-վերջացրել էի, նռնակները օգտագործել,- շարունակում է Սաքոն: Ինձանից մի քսան մետր հեռու ընկած Տիկոյի մոտ էին փամփուշտներով լիցքավորրված մագազինները: Տեղիցս շարժվելու դեպքում անմիջապես կգնդակահարվեի: Երբ տեսան, որ չեմ կրակում, հասկացան, որ կամ վիրավոր եմ, կամ փամփուշտներս են վերջացել: Սառը քրտինք եկավ վրաս. մահը ընտրե՞լ, թե անպատիվ գերությունը: Հրամանատարի ձայնն ականջիս հասավ ռուսերենով՝ կենդանի վերցնել նրան: Դիմեցի վերջին հույսին. հողը շոշափելով՝ բռաչափ երկու քար գտա եւ նետեցի ինձ շատ մոտիկից լսվող ձայների ուղղությամբ: Կարծելով, որ նռնակ եմ նետել, նրանք պառկեցին, կպան գետնին, իսկ ես կայծակնային արագությամբ սլացա դեպի անշնչացած Տիգրանը, վերցրի փամփուշտներով լի մագազինները եւ սկսեցի կռվել ու կրակել, մինչեւ օգնության հասավ բոզլուխցի Վարդանը եւ զրահամեքենայի կրակոցներն ուղղեց թշնամու խրամատի վրա: Առաջին իսկ կրակոցներից վիրավորվեց եւ հետ նահանջեց Վարդանի զրահամեքենան, իսկ քիչ անց թշնամու դիրքեր մտավ երկրորդ զրահամեքենան, որը վարում էր մեծ շենցի Իսոն եւ ղեկավարում էր Սերգեյ Չալյանը: Թշնամին փախավ՝ մարտադաշտում շատ լեշեր թողնելով: Մենք այդ օրը տվեցինք երեք զոհ եւ յոթ վիրավոր... Բայց բարձունքը խլեցինք:
Այսօր էլ Սաքոն շատ է ափսոսում իր նահատակ ընկերների համար, հայրենի հողի վրա թափած արյան համար, Շահումյանի եւ Էրքեջի կորստյան համար: Իսկ դա եղավ 1992 թվականի հունիսի 13-ին, երբ Շուշին ու Լաչինը կորցրած հակառակորդը ողջ ուժերով ու չարությամբ հարձակվեց Շահումյանի վրա: Բորբոքվեց հայ-ադրբեջանական պատերազմի նոր, առավել արյունոտ փուլը, որը շարունակվեց մոտ երկու տարի: Եվ այդ ընթացքում իր ընկերների կողքին մարտադաշտերով անցավ նաեւ Սարգիս Լալայանը՝ անթիվ անգամներ ստիպված լինելով նայել մահվան աչքերին: Նրա նմանները կռեցին հայոց բանակը եւ դարբնեցին մեր պատմական հաղթանակը:
Ա. Ավետիսյան
/շարունակելի/
0 comments:
Отправить комментарий