2011 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը 15-ամյա Արգիշտի Վարդանյանին ճանաչեց ՙԼավագույն մարզիկ՚ եւ պարգեւատրեց հավաստագրով: Պատանի մարզիկը լավագույնը լինելու իր կոչումը վաստակել է դոքենդոյի` ֆուլ կոնտակտ կարատեի հանրապետական ու միջազգային մրցաշարերում` արժանանալով 9 մեդալի, 3 գավաթի եւ 15 պատվոգիր ու դիպլոմի:
Արգիշտի Վարդանյանը ծնվել եւ ապրում է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Հաճախում է կարատեի պարապմունքների ե՜ւ Աստղաձորում, ե՜ւ Մարտունի քաղաքում: Արգիշտին սպորտով զբաղվել է դեռ մանկուց, սակայն ավելի լուրջ քայլեր սկսել է ձեռնարկել միայն 2007 թվականից:
-Իմ առաջին ուսուցիչը մարզիչ Արամ Գրիգորյանն է, ով այսօր էլ շարունակում է ինձ մարզել,- ասում է Արգիշտին:
Արգիշտի Վարդանյանը 2007 թվականին Գեղարքունիքի մարզի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվում է դիպլոմով` մրցաշարում 2-րդ տեղ գրավելու համար: Նույն հաջողությունը կրկնվում է նաեւ 2008-ի դեկտեմբերի 24-ին, իսկ 2008 թվականի մարտ ամսին անցկացված մրցումներում ֆեդերացիան նրան դիպլոմ է շնորհում 1-ին մրցանակի համար: Պատանի կարատեիստը հաղթանակ է տանում նաեւ 2010 թվականի ձմեռային առաջնությունում: Հայաստանի Դոքենդոյի Ազգային ֆեդերացիայի կողմից 2008 թվականի մայիսի 10-ին անցկացված հանրապետական նշանակության մրցումներում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից, Արգիշտին 50 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ մրցանակային տեղն է գրավում: 15-ամյա մարզիկի հաղթանակների ցանկը համալրվում է 2010 թվականին, երբ Գեղազնիկ Միքայելյանի /Չաուշ/ անվան հուշամրցաշարում նա արժանանում է դիպլոմի, սակայն մրցումների հաղթապսակը Արգիշտին ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում: 2011 թվականի սեպտեմբերի 12-22-ին անցկացված միջազգային նշանակության այս մրցումներին մասնակցում էին մարզիկներ ԱՊՀ երկրներից, Լատվիայից, Լիտվիայից եւ Էստոնիայից: Երկու մարզաձեւերի` շիդոկանի եւ ֆուլ կոնտակտ կարատեի մրցումներում Արգիշտի Վարդանյանը երկու գավաթ եւ դիպլոմներ է նվաճում: Շիդոկան մարզաձեւում նա 3-րդ տեղն է գրավում, իսկ ֆուլ կոնտակտ կարատեի 50 կիլոգրամ քաշային կարգում` 1-ին տեղ:
Մրցումներում Արգիշտիի մասնակցությունն ապահովելու համար Արգիշտիի հայրն անում է հնարավոր ամեն ինչ:
-Եղել են դեպքեր, երբ ֆինանսի բացակայության պատճառով բաց են թողնվել մրցումներ, սակայն Անապա մեկնելու համար իմ միջոցները բավարարեցին,- ասում է Արգիշտիի հայր Գագիկ Վարդանյանը եւ հույս հայտնում, որ հետագայում գուցե գտնվեն աջակիցներ, ովքեր կնպաստեն Արգիշտիի հետագա հաղթանակներին:
Իսկ Արգիշտին հետագա անելիքներ ու ծրագրեր շատ ունի: Նա պատրաստվում է 2012 թվականին մասնակցել ոչ միայն մարզային, հանրապետական նշանակության բոլոր մրցումներին, այլ նաեւ Եվրոպայի առաջնությանը, որտեղ երկու մարզաձեւերին կավելանա եւս մեկը` Քիք-բոքսինգը:
Արգիշտիի պապ Հայկ Վարդանյանն էլ իր տանը ստեղծել է մի հատուկ անկյուն, ուր տեղադրվում ու ցուցադրվում են Արգիշտիի նվաճած բոլոր մրցանակներն ու պարգեւները` գավաթներ, մեդալներ, դիպլոմներ: Նա համոզված է, որ իր տան այդ փառքի անկյունը դեռ շատ է ընդարձակվելու:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий