Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ երեք միջնակարգ դպրոցի դահլիճում հունվարի 27-ին կայացավ հանդիսավոր նիստ` նվիրված Զինված ուժերի կազմավորման 20- ամյակին: Հանդիսավոր նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան ազատամարտի վետերաններ, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ: Ռազմական քայլերգի ներքո ներս բերվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման քսանամյա տարեդարձի կապակցությամբ ներկաներին եւ մարզի բնակչությանն ու բանակային ստորաբաժանումներին շնորհավորական ուղերձով դիմեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետը դրամական խրախուսանքով պարգեւատրեց Արցախյան ազատամարտի քսան վետերանների` յուրաքանչյուրին 20 հազարական դրամի չափով: Հայոց բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքերը հնչեցրին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեղարքունիքի մարզի Երկրապահ կամավորների միության նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ու զարգացման պատմությունը, որն ընդմիջվում էր Մարտունու թիվ երեք միջնակարգ դպրոցի եւ Գավառի պետական երաժշտական քոլեջի սաների գեղարվեստական կատարումներով:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի հավաստմամբ` Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ հունվարի 28-ին եւ նրան հաջորդող օրերի ընթացքում կանցկացվեն մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում, մարզի տարածքում տեղակայված բանակային ստորաբաժանումներում:
0 comments:
Отправить комментарий