ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 марта 2012 г.

ԾՈՎԱԶԱՐԴՈՒՄ ՁՄՌԱՆԸ ՁՆԻՑ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ


 Ծովազարդ գյուղը, որը բազմել է Սեւանի ափին` ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 39.1 կմ քառակուսի մակերես  եւ ունի 2187 բնակիչ: Ծովազարդում 2011 թվականին գրանցվել է 40 ծնունդ եւ 13 մահ: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է եւ անասնապահությունը: Ծովազարդի 600 հա մշակելի հողատարածքներից մշակվում է 150 հեկտարը, որտեղ հիմնականում աճեցվում է հացահատիկ եւ կարտոֆիլ: Գյուղում պահվում է 1100 գլուխ խոշոր եւ 1200 մանր եղջերավոր անասուն:
 Ծովազարդի գյուղապետն Արամ Կատվալյանն է, ով համայնքը ղեկավարում է` սկսած 1996 թվականից:
Ըստ Ա. Կատվալյանի` համայնքի բյուջեի սեփական եկամուտները նախորդ տարում հավաքագրվել է 10 միլիոն 36 հազար դրամի չափով` նախատեսված 12 միլիոն 149 հազար դրամի փոխարեն կամ համայնքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 82.6 տոկոսով: Հիմնական թերի գանձումները կատարվել են շինությունների գույքահարկի մասով:
 Անցած տարում տեղական բյուջեի 2 միլիոն հարյուր հազար դրամի ներդրմամբ եւ ՙԿարիտասի՚ 600 հազար դրամ աջակցությամբ կառուցվել է 1.1 կմ երկարությամբ փողոցային լուսավորվածության ցանց: Կատարվել է փողոցային լուսավորության նախկին ցանցի վերանորոգում 463 հազար դրամի հաշվին:
Ձեռք է բերվել նոր ավտոբուս, որը ծառայում է Ծովազարդի դպրոցականներին: Ավտոբուսն ամեն օր գյուղի աշակերտներին տանում է դասի եւ հետ բերում: Սպասարկման աշխատանքների, վառելիքի, մեքենայի պահպանման եւ վարորդի աշխատավարձի համար նախորդ տարում տեղական բյուջեից տրամադրվել է 2 միլիոն 87 հազար դրամ:
 Գյուղի մանկապարտեզի պահուստային սենյակների կառուցման համար ներդրվել է 4 միլիոն դրամ: Ծովազարդի մանկապարտեզ է հաճախում 40 երեխա, կառույցը գործում է անվճար: ՙՎորլդ Վիժնի՚ 16 միլիոն դրամ ներդրումներով կատարվել է նաեւ Ծովազարդի մանկապարտեզի դահլիճի, խոհանոցի կապիտալ վերանորոգում:
 Հողային հարթեցման եւ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման համար ծախսվել է 500 հազար դրամ: Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում ծախսվել է 2 միլիոն 950 հազար դրամ, որից 1 միլիոն 125 հազար դրամը` միանվագ օգնություն անապահով 40 ընտանիքների, պատերազմի վետերաններին և զոհվածի այրիներին`80 հազար դրամ, 740 հազար դրամ` նորածին երեխաների 37 մայրերին, 67 ուսանողի երթեւեկության ճանապարհածախս`շուրջ 1 միլիոն դրամ:
Արարողությունների  սրահի համար  ձեռք են բերվել սեղան-աթոռներ, որոնց համար համայնքի բյուջեից ծախսվել է 350 հազար դրամ:
 ՀՀ պետբյուջեի 20 միլիոն դրամ հատկացումով վերանորոգվում է գյուղի  դպրոցը, հիմնականում կատարվում են պատուհանների փոփոխում, արտաքին հարդարում:
 Գյուղի գլխավոր հատակագծի կազմման համար տեղական բյուջեից ներդրվել է 7 միլիոն 500 հազար դրամ, որն այժմ գտնվում է փորձաքննության փուլում:
 Համայնքային սեփականություն հանդիսացող ձյուն մաքրող հատուկ մեխանիզմով ձնից ոչ միայն մաքրվում են գյուղամիջյան ճանապարհները, այլեւ բնակչության բակերը: Այդ նույն տեխնիկայի միջոցով գյուղապետարանն ամռանը գյուղում կատարում է համայնքային ճանապարհների հարթեցման աշխատանքներ:
Ծովազարդի հիմնախնդիրների շարքում համայնքի ղեկավարն առանձնացնում է ոռոգման ցանցի բացակայությունը, եղած գյուղտեխնիկայի անսարքությունն ու անբավարարությունը: Լուրջ խնդիրների շարքում է գյուղի ամբողջական աղբահանությունը, գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, աշխատատեղերի ոչ բավարար քանակը: Ծովազարդի մշակույթի տան շենքը, որը կառուցվել է 1980-ականների սկզբին, այժմ արդեն լուրջ հիմնանորոգման կարիք ունի: Նշված բոլոր խնդիրները համայնքապետի ամենօրյա հոգսերի շարքում են, որոնց լուծման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներորի պակասը համայնքը մեծապես զգում է:
 Այս տարվա հիմնական անելիքների շարքում նախատեսվում է ավարտել գիշերային լուսավորվածության ցանցի կառուցումը` շուրջ 2.5-3 կմ երկարությամբ: Նախատեսվում է համայնքի սեփական միջոցներով ձեռք բերել հացահատիկահավաք կոմբայն: Գլխավոր հատակագծի հաստատումից հետո նախագծի մանրամասն հատակագծված սխեմա կգծվի` տնամերձ հողամասերն օտարելու համար: Այս երեք աշխատանքների համար տարեկան բյուջեով նախատեսված է հատկացնել 11 միլիոն դրամ, որից 5 միլիոնը` լուսավորվածության ցանցի, 4.5 միլիոնը` կոմբայնի ձեռքբերման եւ 1.5 միլիոնը`տնամերձ հողամասերի սխեմաների նախագծման համար: Կշարունակվեն մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները` 5 միլիոն դրամի հատկացումով:
Անշուշտ, նկատելի է Ծովազարդը շեն ու բարեկարգ դարձնելու ձգտումը, սակայն այն ավելի իրական եւ  ժամանակին հնարավոր կլինի իրագործել, եթե այստեղ տեղական բյուջեի սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրվեն, այլ ոչ թե  թերացումներով: Համայնքի ղեկավարը հիմնականում այդ թերացումները կապում է որոշ անպարտաճանաչ հարկատուների հետ, սակայն չպետք է մոռանալ, որ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված եւ հաստատված տեղական բյուջեն էլ արդեն ստանում է օրենքի ուժ, որի կատարումը համարվում է պարտադիր պայման, չկատարումը` օրենքի խախտում, ինչի համար պատասխանատվությունն առավելապես ընկնում է տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների, քան թե անպարտաճանաչ հարկատուների  վրա: Եվ չպետք է մոռանալ, որ այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու աշխատանքային լավագույն գնահատականը կապված է տեղական բյուջեի ամբողջական կատարման հետ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More