Մարտի 13-ին Գավառի ավագ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում-քննարկում` ՙԲռնությունն անհանդուրժելի է՚ խորագրով: Հանդիպումը կազմակերպվել էր ՙՍեյվ դը չիլդրեն՚ կազմակերպության ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի շրջանակներում:
Հանդիպումը վարում էր Գավառի ավագ դպրոցի սան Մառլենա Մանուկյանը, ով հանդիսանում է նույն ծրագրի ՙԵրեխայի պաշտպանության թիմերի՚ անդամ:
Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին նույն դպրոցի բարձր դասարանի աշակերտները, մանկավարժները, ծնողներ, երեխայի պաշտպանության թիմի անդամներ, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի աշխատակիցը եւ ներկայացուցիչ Գավառի մարզպետարանի աշխատակազմի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից:
Հանդիպման վարողը մասնակիցների հետ խոսեց բռնության մասին, քննարկվեցին երեխայի հանդեպ գործադրվող բռնարարքների տեսակները եւ դրանց ունեցած բացասական հետեւանքները անձի զարգացման եւ առողջության վրա: Քննարկումն ուղեկցվում էր շնորհանդեսի ցուցադրությամբ, որում ներկայացված էր երեխայի հանդեպ բռնության սոցիալական հետեւանքները: Ներկաներին ցուցադրվեց նաեւ ՙՄի բռնանա՚ ֆիլմը: Յուրաքանչուր ցուցադրում ու հարցադրում ուղեկցվում էր քննարկումով եւ դատողություններով:
ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ՚ միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի համայնքային մոբիլիզացման պատասխանատու Արարատ Ալիխանյանը իր ելույթում եւս կարեւորեց երեխայի հանդեպ բռնության կիրառման կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այս գործում իրազեկվածության դերը, երեխայի իրավունքների հանդեպ հարգանք դրսեւորելու կարեւորությունը:
Մասնակիցներին նախապես բաժանվել էին հարցաթերթիկներ` քննարկման ընթացքում լրացնելու համար: Երեխայի հանդեպ բռնարարքների վերաբերյալ իմացության աստիճանի գնահատման հարցաթերթիկների արդյունքների ամփոփումից հետո կմշակվի նոր միջոցառումների փաթեթ:
Նախաձեռնությունն իրականացվում է ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՙՍեյվ դը չիլդրեն՚ միջազգային կազմակերպության կողմից` Եվրոպական ֆինանսավորմամբ եւ ՙԲաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան՚ կազմակերպության միջոցներով: Ծրագիրը եռամյա է եւ ընդգրկելու է բազմաբովանդակ ծրագրերի, ձեռնարկների եւ միջոցառումների համալիր խումբ:
Ըստ Ա. Ալիխանյանի` ծրագիրն իրականացվելու է այն քաղաքներում, որտեղ կան հատուկ հաստատություններ, ուր ստեղծվել են ՙԵրեխայի պաշտպանության թիմեր՚: Նշված թիմերում ներգրավվել են այնպիսի անձիք, ովքեր կապ ունեն երեխաների հետ` մարզպետարանների կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության այնպիսի աշխատակիցներ, ովքեր կապ ունեն անչափահասների հետ, բուժհիմնարկների եւ հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ ու երեխաներ: ՙԵրեխայի պաշտպանության թիմերի՚ բոլոր անդամները մասնակցում են ՙԵրեխաների պաշտպանությունը բռնությունից՚ խորագրով դասընթացին:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий