Ձմեռային սովորական օրը Ցամաքաբերդի սուրբ Գեւորգ եկեղեցում մի այլ խորհուրդ ուներ, որ մեկտեղել էր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին եւ կնքահայրերին:
Մկրտության /կնունքի/ արարողությունն այսպես բազմամարդ է արդեն մեկ տարուց ավելի, որը եւ Սեւան քաղաքում, եւ տարածաշրջանի գյուղերում դպրոցահասակ երեխաների հոգեւոր ծնունդն է վավերացնում:
Այս աստվածահաճո ու քրիստոնյային վայել գործի սկիզբը դրվել է 2010 թվականին:
Սեւանում ծնված եւ մեծացած, իսկ այժմ ոչ միայն քաղաքից, այլ նաեւ հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հուսիկ Ժիրայրի Բադալյանի ցանկություն-նախաձեռնությունն իրողություն են դարձրել նրա հարազատները: Նրա քույրը` Անուշ Բադալյանը, որ սիրով եւ ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է մկրտության արարողակարգի կազմակերպչական եւ ֆինանսական գործառույթների իրականացումը, նշում է. ՙԻհարկե, սկզբնական շրջանում մտածում էինք բարեգործական այլ ձեռնարկների մասին, սակայն առավել առաջնային համարեցինք մկրտությունը, որը մարդու երկրորդ ծնունդն է ազդարարում: Սա նաեւ աղանդավորական շարժման դեմ պայքարի մեր ձեւն է: Առաջինը մկրտվել են Նորաշեն համայնքի դպրոցահասակ երեխաները: Նորաշենը ընտրել ենք որպես փոքր համայնք, որտեղ ավելի փոքրածավալ էին աշխատանքները: Առաջին փորձը հաջողված էր. մեր քայլը ողջունեց նաեւ եկեղեցին՚:
Սեւանի տարածաշրջանի գյուղական համայնքների շուրջ 1720 երեխա բարեգործական այս ձեռնարկի շրջանակներում հաղոդակից է դարձել մկրտության սուրբ խորհրդին:
Ունեցած փորձի շնորհիվ Ա. Բադալյանը եղբոր մարդասիրական ծրագիրը շարունակեց Սեւանում:
-Ճիշտ է, աշխատատար գործընթաց է, սակայն կատարում ենք մեծ հաճույքով: Համագործակցում ենք դպրոցների, մանկապարտեզների տնօրենների, դասղեկների ու դասվարների հետ: Կրթական օջախներում այս քայլը ոչ միայն ողջունում են, այլ նաեւ ցուցաբերում են պատրաստակամություն կազմակերպչական հարցերը լուծելիս: Եթե ներկայացնեմ թվերի լեզվով, ապա 3000-ից ավելի երեխա արդեն դարձել է մկրտված քրիստոնյա,- ասում է Ա. Բադալյանը:
Մեծ ու առաքինի գործերը համախմբում են մարդկանց. աշխարհիկն ու հոգեւորը այս դեպքում ստեղծել են ներդաշնակ միություն, որի կենտրոնում երեխան է:
Սեւանի հոգեւոր հովիվ տեր Ստեփանոսի մեկնաբանությամբ` սա անձի խղճի գործն է, որի հիմքում բարեգործությունն է: ՙԵկեղեցին միայն ողջունում է նման քայլերը, բարեսիրական ձեռնարկները: Կա նաեւ վերահսկողության խնդիր. ինչի՞ համար են մկրտվում, արդյոք միայն ոսկե խաչի առկայությունն է շահագրգռում մարդկանց: Գալիս են նաեւ աղանդավորներ, սակայն ամեն դեպքում մկրտությունը կատարվում է, քանի որ ճշմարիտ հավատը գտնելու մի քայլն էլ սա է: Մկրտության արարողություններ են կատարել Ծաղկունքի, Ցամաքաբերդի, անգամ` Դդմաշենի չգործող եկեղեցիներում: Ավելացնեմ, որ հավաքական մկրտություն չի կատարվում, յուրաքանչյուր երեխա գալիս է իր կնքահոր հետ, արարողակարգը կատարվում է` պահպանելով մկրտության բոլոր բաղադրիչները: Բարերար Հուսիկ Բադալյանի նման ձեռնարկն ավելի եմ կարեւորում, երբ տեսնում եմ, որ ունենք այսքան չմկրտվածներ: Այս խիստ անհրաժեշտ առաքելությունը մեկը վերցրել է իր ուսերին եւ մինչ օրս էլ նախանձախնդիր է՚:
Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է: Հ. Բադալյանի քրոջ` Անուշի փոխանցմամբ` իրենց աշխատանքը չի ավարտվի այսքանով: Ավելին, այս տարի գարնանը նորակոչիկներն էլ, մինչ բանակ մեկնելը, կմկրտվեն: Դրա վերաբերյալ արդեն կա նախնական պայմանավորվածություն: 2012-ին առաջին դասարան հաճախողները կհամալրեն մկրտվածների շարքերը:
Բարերարը յուրաքանչյուր մկրտված երեխայի նվիրում է մեկ գրամանոց ոսկյա խաչ, հոգում տեղափոխության ծախսերը եւ տրամադրում մկրտության հետ կապված պարագաները:
Արմինե Ղուկասյան
0 comments:
Отправить комментарий