(սկիզբը՝ նախորդ համարներում)
Գալշոյի Մանուկն աշխարհը, անգամ ջրերի աշխարհը, բաժանում է երկու հակադիր ուժերի` չարի ու բարու: Նրանք հանդես են գալիս զուլալ ու պղտոր ջրերի տեսքով, եւ նրանց մեջ ապրող հոգիները ոչ միայն հակամարտ են միմյանց, այլ նաեւ ցանկանում են իսպառ ջնջել այն ակունքները, որոնք ծնունդ են տվել իրենց թշնամիներին: Հատկապես ընդգծված են պղտոր ջրերի չար ու ստոր ցանկությունները զուլալ ջրերի եւ նրանցում բնակվող ոգիների հանդեպ. ՙԴեւերը չեն սիրեր անապակ, մաքուր ջուրերը, որովհետեւ անոնց մեջ իրենք կը սատկին: Անոնք կը սիրեն պղտոր, կեղտոտ ջուրերը, որոնց մեջ միայն կարող են ապրիլ: Եւ ատոր համար օր ու գիշեր ամեն կղկղանք կը ժողվեն եւ կը թափեն գետերու մեջ եւ միաժամանակ հաճախ կը բարձրանան երկինք, սեւ ամպ կը կազմեն եւ վիշապի նման կը նստին լեռներու վրա, որ ծծեն, չորցնեն սուրբ աղբյուրներու ակունքները եւ որ անոնց սուրբ, անմահական ջուրերը չհասնին սեւ գետերուն, քանի որ ինչքան հասնին, այնքան դեւեր կը սատկին պղտոր գետերու մեջ...՚
Գալշոյի անսահման երեւակայությունը եւ դարերի, նույնիսկ հազարամյակների խորքից եկած դիցաբանական հավատը ցանկացած հարցի, կասկածամտության դեմ ունի իր վճռական, հաստատուն պատասխանը: Այդ երեւակայությունից հյուսվել է այնքան քնքուշ, այնքան նուրբ ու կատարյալ, գեղեցիկ բանաստեղծություն, որ ասես քանդակվում է կյանքի սիրո եւ հմայքի հուշարձանը, միջավայրը, եզերքը: Եվ գեղջկական աշխարհի հեքիաթային բանաստեղծությունը մարդու հոգում փոխում է ամեն մի պատկերացում ու աշխարհայացք, ըմբռնում ու իմացություն` նրան մղելով նոր իմաստասիրության, նպատակների, սիրո եւ արդարության համար պայքարի. ՙՔու խելքդ ո՞ւր է: Կը կարծես, թե պարա՞պ տեղն է, որ վճիտ ջուրերու մեջ` աղբյուր, լիճ կամ գետ, կը բնակին հուրիներ եւ կարմիր ձկներ: Անոնք իբր զորք կը ծառայեն: Հուրիները Աստծո հարսներն են, ոտքեր չունին, մեջքերեն ցած ձուկ են. եւ մեջքերուն վրա երկու մեծ աղավնու թեւեր ունին: Ուզեն` կը լողան, ուզեն` կը թռնին: Մեջքերեն վեր կնկան մարմին ունին, ճերմակ, ճերմակ, ձյունեն ճերմակ: Անոնց մեջ արու չկա. բոլորն ալ նռան պես ցցված ստինքներ ունին: Հոլանի թեւեր ունին եւ թեւերուն` ոսկի ապարանջան, մարճանով, պես-պես քարերով զարդարված: Կարապի վիզ ունին, մարգարիտի ժապավեններով փաթաթված: Վզերեն կախված է ակունքներով պողմաղը, իսկ պողմաղը կը վերջանա ադամանդի խաչով մը, որ երկու ծծվընուն միջեւ եւ արշալույսի չափ լույս կու տա: Գլուխները ծածկված են երկար, շատ երկար ալիքի նման ծամերով, որոնք մինչեւ իրենց պոչը կը հասնին: Մազերուն գույնը արեւի լույսի հետ ամեն գույն կառնե: Անոնց դեմքերը ոչ բարություն, ոչ չարություն ունին: Ինչ ըսեմ քեզի, անոթի ծծկերին կաթ տվող մայրիկի ժպիտն ունին իրենց երեսին` ցավն ու գորովը իրար խառնված...՚:
Ֆիդայիների գլխավորն ու ուսումնական մարդը` Ռուբենը, կարծես բառ-բառ կլանել է Գալշոյի հավատավոր հեքիաթ-հավատքը, քար կտրել-պապանձվել ասես վերջ ու ավարտ չունեցող, ոչ մի դարում չցամաքող, անսպառ, հորդ ակունքի առջեւ: Ու Գալշոն անսխալ, անկաշկանդ, մեկ շնչով, անկրկնելի սիրով ու ջերմեռանդորեն շարունակում է զրույցը ոչ միայն իր մարտական ղեկավարի, այլ նաեւ աշխարհի համար: Նա պատմում է հազար անգամ լսածը, որ անցել է պապից պապ, թոռից թոռ, վեհացել, կարծրացել, զուլալվել, դարձել հավատ ու կյանքի ուղեցույց: Քրիստոսն ու Քրիստոսի վարդապետությունը, այս բարձրաբերձ լեռների հուժկու բնակիչների կուռ ոգուն զարնվելով, անցել-գնացել են այլ աշխարհներ` նրանց թողնելով իրենց անարատ, կուսական, վճիտ հավատքի մեջ: Խաչի հանդեպ ջերմեռանդ հայոց աշխարհում դարերն այդպես էլ ի զորու չեղան` անառիկ լեռնաշխարհների ձորերում ու ծերպերում ապրող մարդկանց մեջ մոռացության տալ դիցական ու դիցաբանական ժամանակները, խորիմաստ զրույցներն ու առասպելները, հայ մարդու ընդգծված բնապաշտությունը: Ի~նչ հստակ ու գեղեցիկ է ձեւակերպել Գալշոն հայ մարդու ապրած ժամանակները եւ հազարամյակների ընթացքում ձեռք բերած խառնվածքը, որ շատ ու շատ կողմերով է նմանվում զուլալ ջրերի թագավորության արդար բնակիչներին` անոթի ծծկերին կաթ տվող մայրիկի ժպիտն ունին իրենց երեսին`ցավն ու գորովը իրար խառնված... Գալշոն երկնքում փայլող աստղերի պես տեսնում է զուլալ ջրերի թագավորության բնակիչներին, նրանց բնույթը, ապրելակերպը... դա սիրո եւ հմայքի մի յուրօրինակ թագավորություն է, աշխարհ, որ տրոփում է հայ ըմբոստ լեռնականի մաքուր ու բյուրեղյա հոգում: Գալշոն ոչ թե պատմում է, այլ աղոթք հնչեցնում արդար ու ճշմարիտ, զուլալ ու անապական կյանքի մասին: ՙԱնոնց տեսնիլը, մոտիկ լինելը կատա՞կ կը կարծես, ամեն մարդու չէ տված Աստծո հարսներին տեսնելը: Բայց տեսնողները շա~տ, տեղն ու տեղին ինծի պատմած են, առանց սուտերու: Այս աղտոտ ջուրերուն մեջ անոնք չկան, բայց այնտեղ` Նեմրութի գլխու տաք ու պաղ ջուրերուն մեջ կան: Ահա այն դիմացի լեռներու` Կուռթիկի, Կորեկաղբյուրի, Մարաթուկի Մարութա ջուրերուն մեջ կամ անոնց ափին անոնք միշտ կան: Միայն թե ոչ դեւերը եւ ոչ ալ չար մարդիկ չեն կրնար տեսնել: Անոնք, որ արդար են, բայց կատարյալ մարդ չեն, մշուշի մեջեն կրնան տեսնել հավերժահարսերը, որոնք կը սանտրեն իրենց մազերը եւ արեւին կը չորցնեն: Բայց որքան կը մոտիկնան, այնքան անոնք կը հեռանան, մշուշի մեջ կը կորչին աչքերեն: Անոնց բնակարաններուն դռները խորունկ, վճիտ աղբյուրներ են, որ գետնի մեջ թաղված լիճերեն կու գան: Լիճերուն առաստաղը, պատերը ամբողջ ադամանդե, բյուրեղե են շինված: Կերոնի նման մարմար քարերե սյուներ կան այնտեղ, եւ լույսը, որ կը վառի, երկնքի աստղերուն նման կը լուսավորե ամբողջ շրջակայքը: Ու այդ լույսերուն մեջ կերգեն, կուրախանան հավերժահարսերը: Եւ ամեն մեկը իր պալատն ունի: Իրենց սիրածը 40 օր, 40 գիշեր իրենց հետ կը պահեն, եւ 40 օրեն վերջ հյուրը հավքի թեւեր կառնե ու երկինք կը բարձրանա, այլեւս մեղավոր երկիր չի վերադառնա: Բայց թե ո՞ւր կը թռնի, դեռեւս մարդ արարծաը չէ հասկցած...՚
Ահա թե ինչ ժամանակների հեռվից, ինչ ակունքներից է հայ ժողովուրդը ստեղծել ու անմահացրել Սասնա հսկաներին, նրանց անմահ կերպարներում հավերժացրել ուժի ու քաջության, բարության ու արդարության, ճշմարտության ու սիրո, մաքրության ու շիտակության, նվիրումի ու մարդասիրության, մարդկային բազմապատիկ առաքինությունների մասին պատկերացումները: Սասնա դյուցազունները զուրկ են նենգությունից, չարամատությունից, դավադրությունից ու դավաճանությունից, վախկոտությունից, մատնությունից, ստորությունից ու ստորաքարշությունից: Նրանք միշտ զորեղ ու անպարտելի են իրենց քաջության, ազնվության, վտանգի ժամին հայրենիքը փրկելու վճռականության մեջ: Նրանք զուլալ աղբյուրից ու զուլալ ակունքներից սնված ջրային ծնունդներ են, որ առանձնակի թեւ ու ուժ են տալիս հայրենի երկրին: Այդ միամիտ ու զուլալ հավատի ակունքները Գալշոն որոնում ու գտնում է մեր էպոսի մեջ` մատնանշելով նրանց հերոսների գերմարդկային էությունը. ՙերբ Գեալշոն շունչ կառներ պատմելեն, ըսի. Գեալշօ, 40 օր, 40 գիշեր չէ, թող 40 վայրկյան ես հյուր լինեի այդ հավերժահարսներին: Ան գլուխը տարաւ ու բերաւ եւ հուսահատորեն ըսավ. ՙՉէ, պարոն, չէ, մենք հողեղեն ենք, անոնք` ջրեղեն: Ամեն մեկը բախտ չունի լինել Ծովինար, լինել Սանասար կամ նույնիսկ Բաղդասար, լինել Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին, որ ջրեղեն էին: մենք հողեղեն ենք, անարժան ենք՚:
Շարունակելով իր աննման զրույցը` Գալշո Մանուկը յուրովի բացատրում ու սահմանում է նաեւ գոյության անվերջ կռվի եւ հալալ ու արդար կյանքի իմաստը: Խաղաղության ու արդար աշխատանքի կարոտ հայոց հողում կամ գերության ու պանդխտության անվերջանալի ճամփաների վրա հայը, Գալշոյի փիլիսոփայությունից դատելով, ոչ միայն երազել է լուսավոր ու հանգիստ կյանք, ազատ հայրենիք, այլ հոգու խորքում ուրվագծել գոյության հավերժական կռվի գաղափարախոսությունը: Ազատամիտ ու հայրենասեր մարդը ստրկության եղկելի լծի դեմ այլ բան չուներ հակադրելու, բացի իր ամուր բազուկները ու ըմբոստ ոգին, անկախ նրանից, թե ինչ ուժի կամ քանակի ու բանակի էր տիրապետում թշնամին: Այդ գոյության անվերջանալի կռվում հայ ֆիդայիները եւ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչները ոչ միայն ձգտում էին որոնել իրենց տեղը, այլ երեւալ ու կայանալ այդ կռվում: Եվ այդ կռվին էլ Գալշոն տալիս է հեքիաթային երանգ:
ՙԸսածներս կը վերաբերին ջուրերի թագավորութեան, ուր սեւն ու Ճերմակը միշտ իրար կը զարնեն: Սեւին թագավորը վիշապն է, ճերմակինը` հուրին: Ամեն մեկը իր բանակն ունի, որ ջուրերու մեջ կապրին: Ով կապրի սեւ ու պղտոր ջուրերուն մեջ, կամ դեւ է, կամ անոր գործակից: Ով կապրի ճերմակ ու վճիտ ջուրերուն մեջը, ան սուրբ է եւ Աստծո կողմնակից: Այս երկուսը իրարու հետ միեւնույն ջուրին մեջ չեն կրնար ապրիլ: Սեւ ջուրին մեջ իյնողը կամ պիտի մեռնի կամ պիտի դիվահարվի: Ճերմակ ջուրին մեջ իյնողը կամ պիտի սատկի կամ պիտի մկրտվի ու մաքրվի: Այս կռվի մեջ մենք բաժին չունինք, քանի որ մենք ջրեղեն չենք, այլ հողեղեն: Մեր բաժինը միայն մեկ բան է, ով որ Աստծո կողմն է, մուրտար ջուրերեն եւ անոր բնակիչներեն հեռու պետք է մնա, որ չպղծվի, եւ ցամաք ելածին պետք է սատկեցնե: Իսկ ճերմակ ջուրերեն մոտիկ պետք է ապրիլ եւ վայելել՚:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/
0 comments:
Отправить комментарий