Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ղեկավարած պատվիրակությունը փոխադարձ այցով հյուրընկալվեց Նոր Նորք վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, սա պատասխան այց էր այս տարվա մարտի մեկին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի պատվիրակության կողմից Գեղարքունիքի մարզ կատարած այցի: Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը, որի կազմում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, վարչությունների պետերը եւ բաժինների վարիչները, Նոր Նորքում արժանացել է ջերմ ընդունելության: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաեւ Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետը համառոտ ներկայացրել է մարզի նկարագիրը, զբաղվածության մակարդակը, գրավչությունները, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Անցնելով ավելի գործնական երկխոսության` համագործակից կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` մեկամսյա ժամկետում մշակել կրթամշակութային համագործակցություն ծավալելու հստակ ծրագիր եւ ձեռնամուխ լինել դրա իրագործմանը: Ի նշան նորաստեղծ բարեկամության՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը Նանսենի անվան զբոսայգում խորհրդանշական ծառեր են տնկել, ապա այցելել վարչական շրջանի ենթակայությամբ գործող մշակութային մի շարք հաստատություններ: Նորաստեղծ համագործակցությանը վերաբերող հետագա հանդիպումները, կողմերի ղեկավարների հավաստմամբ` արդեն այսուհետ կկրեն գործնական բնույթ:
0 comments:
Отправить комментарий