ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 10 августа 2011 г.

Ե Ս Հ Ա Յ Ե Մ

 1947 թվականի ամառն էր, երրորդ տարին, ինչ ես ծառայում էի Կարմիր բանակում: Հաղթանակած մեր զորամասը գտնվում էր գերմանական Բրանդենբուրգ քաղաքում: Մեր զորամասի հրամանատարությունն ինձ եւ մի քանի ուրիշ զինվորների մեր զորամասի մի բեռնատար մեքենայի հետ գործուղման ուղարկեց մեզանից 200 կմ հեռու գտնվող Լյուբեն քաղաքի մերձավոր գյուղերը՝ անտառներում արդեն կտրտված վառելափայտը մեր մեքենայով երկաթուղու մոտակա կայարանները տեղափոխելու համար:
 Մենք տեղավորվում էինք այդ գյուղերի որեւէ մի գյուղացու տանը: Տանտերերը  մեզ սիրով էին ընդունում: Մեր տարած մթերքներով տանտիրուհիները հաճախ ճաշեր էին պատրաստում:Մեր գործն ավելի բարեհաջող էր գնում, երբ անտառից որսած կենդանի՝ կխտար, վայրի խոզ, այծյամ կամ նույնիսկ եղջերու էինք  բերում, ուրախացնելով տանտերերին:
 Մի անգամ էլ որսի ժամանակ անտառում մոլորվեցի, թափառեցի երկար, մինչեւ որ դուրս եկա անծանոթ բնակավայր` հանդիպելով մի խումբ մարդկանց: Երբ նրանցից հարցրի մեր ՙգյուղի՚ ճանապարհը, տանտերը պնդեց, որ հիմա հնարավոր չի լինի գնալ եւ առաջարկեց ինձ գիշերել իրենց տանը, որ առավոտյան ինքն ինձ ճանապարհ դնի: Ես ստիպված էի համաձայնել: Եվ նրանց  14-15 տարեկան աղջիկն ինձ տարավ իրենց տուն, ցույց տվեց այն սենյակը, որտեղ ես պիտի գիշերեի: Սա գեղեցիկ, կոկիկ սենյակ էր մի մահճակալով ու փոքրիկ պահարանիկով: Ես հրացանս դրեցի մահճակալի կողքի անկյունը, հանեցի քրտինքից լրիվ թրջված իմ վերնաշապիկն ու դուրս եկա լվացվելու: Այդ ընթացքում հյուրասենյակում արդեն հասցրել էին ընթրելու համար մի համեստ սեղան պատրաստել: Ես    օգտվեցի սեղանի որոշակի բարիքներից` գերմաներենով մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով: Տանտերն ինձ հետ խոսում էր կիսատ-պռատ ռուսերենով, իսկ ես նրանց հետ` իմ կիսատ-պռատ գերմաներենով, ինչքան որ ինձ հնարավոր էր եղել սովորել իմ ծառայելու երկու տարիների ընթացքում:
 Տանտերն ինձ հարցրեց` ես  ռո՞ւս եմ, թե՞ ուկրաինացի: Ես նրան պատասխանեցի, որ հայ եմ:
  -Հա՞յ, -զարմացավ նա, -ես առաջին անգամ եմ լսում այդ ազգի անունը` հայ, իսկ որտե՞ղ եք ապրում: Ես նրան ասացի, որ ապրում ենք Կովկասում: -Հա՛, ես Կովկասը գիտեմ եւ գիտեմ, որ այնտեղ վրացիներ են ապրում, բայց հայերին չգիտեմ: 
 Ես բացատրեցի, որ մենք ապրում ենք անմիջապես վրացիների կողքին, նրանցից հարավ: Նա երեւի հասկացավ ու խաղաղվեց, իսկ ես շատ նեղվեցի ու վշտացա, որ աշխարհահռչակ Գերմանիայում հայերի ու Հայաստանի մասին չգիտեն:
 Արդեն կեսգիշեր էր, երբ ինձ երեւի հաճոյանալու համար աղջիկը ռադիոընդունիչը միացրեց Մոսկվայի ալիքի վրա: Եվ, օ՛, զարմանք ու ցնծություն. Մոսկվայից հնչում էր Արամ  Խաչատրյանի երաժշտությունը` հատկապես նրա վալսերը: Երբ հնչեց վալսի երաժշտությունը, տանտիրոջ աղջիկը վեր թռավ տեղից ու ինձ հրավիրեց իր հետ պարելու: Ես համեստորեն հրաժարվեցի, պատճառաբանելով, որ պարել չգիտեմ, թեեւ արդեն գիտեի, քանի որ զորամասում իմ դասակի հրամանատարն ինձ սովորեցրել էր: Աղջիկը ստիպված մենակ պարեց` արժանանալով մեր ծափահարություններին: Երբ նվագը դադարեց, նրանք ընտանիքով, նույնիսկ մայրը, սկսեցին գովել երաժշտությունը: Ես նրանց հարցրեցի, թե այդ ո՞ւմ երաժշտությունն է, որից այդքան զմայլված են: 
 -Ինչ է, չգիտե՞ք, դա ռուս մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծած երաժշտությունն է, -պատասխանեց հայրը:
 Այս խոսքերի վրա ես ժպտալով նրան ասացի, որ Արամ  Խաչատրյանը ոչ թե ռուս, այլ հայ է, նրա ազգանունը վերջանում է ՙյան՚ մասնիկով, ինչպես իմը` Ավետիսյան, կամ թե` Միկոյան, Բաղրամյան, Համբարձումյան: Նրանք բոլորը զարմացել էին.
  -Այո՝, այո՝, նրանք հայեր են, եւ նրանց նման հանճարեղ հայեր շատ կան, որոնց մասին գուցե դուք էլ շատ լավ գիտեք,- շարունակեցի ոգեւորվել ես: 
-Մենք միայն հենց նոր իմացանք, որ հայ ազգը շատ մեծ է, որ աշխարհով մեկ սփռված այդպիսի հանճարներ ունի: Ամոթ մեզ, որ մենք մինչեւ հիմա չենք իմացել, -ասաց գերմանացի տանտերը:
 Իսկ ես այստեղ երանության մեջ էի, ինձ հպարտության զգացումն էր պինդ պարուրել, որ հեռավոր Գերմանիայում այս գերմանացիները վերջապես ճանաչեցին հայերին եւ այն էլ ինչպե՛ս :
  Խիղճս շատ հանգիստ այդ ուշ ժամին գնացի ինձ տրամադրված սենյակը ու մուշ-մուշ քնեցի մինչեւ առավոտ: Առավոտյան ես զգացի, թե ինչ քաղցր աչքով էին նրանք նայում ինձ ու ցուցաբերում ավելի մեծ սիրալիություն, քանի որ ես Արամ  Խաչատրյանի հայրենակիցն էի: Առավոտյան ավելի ճոխ հյուրասիրությունից հետո  մեծ երախտագիտությամբ հրաժեշտ տվեցի Հայաստանից շատ հեռու գտնվող այս օտար ընտանիքին, որն այդ օրվանից ինձ համար դարձավ շատ մոտ ու մտերիմ: Այդ մի քանի ժամվա ընթացքում ես կարծես դարձել էի նրանց հարազատ զավակը:

Գերասիմ Ավետիսյան
գ. Սարուխան
12.07.2011

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More