Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի եւ ՙՎորլդ Վիժն՚ ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համագործակցությունը արդեն ունի մի քանի տարվա պատմություն: Յուրաքանչյուր տարի բարեգործական աշխատանքներով կազմակերպությունը նպաստում է դպրոցի զարգացմանը:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջեմմա Խաչատրյանը` 2011 թվականին ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության կողմից իրականացվեցին տարաբնույթ աշխատանքներ. շինանյութ տրամադրվեց դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման համար, այնուհետեւ սպորտային գույքով համալրվեց սպորտդահլիճը, ինչի շնորհիվ ֆիզկուլտուրայի դասավանդումը դարձավ էլ ավելի արդյունավետ եւ օգտակար: Դպրոցի ջրագիծը խորհրդային տարիներից ի վեր չէր վերանորոգվել, իսկ կազմակերպության հատկացրած 160 մետր խողովակի միջոցով այն ամբողջովին նորոգվեց, ինչի շնորհիվ վերականգնվեց ջրամատակարարումը:
Գեղարքունիք համայնքի մշակույթի տան բակում կառուցվեց խաղահրապարակ: Կառուցման աշխատանքներին մեծ ոգեւորությամբ մասնակցեցին նաեւ աշակերտներն ու համայնքի բնակիչները:
Համագործակցությունը ընթացել է ոչ միայն դպրոցի ներքին ու արտաքին տեսքի բարեկարգման ոլորտում, այլ նաեւ 5-6-րդ դասարանների 38 երեխայի համար կազմակերպվել է սպորտլանդիա: Բոլոր մասնակիցները ստացել են նվերներ: Դպրոցում կազմակերպվել է նկարչության եւ պլաստիլինով աշխատանքների մրցույթ: Լավագույն 3 տեղերի համար 6 աշակերտ ստացել են նվերներ: 2011 թվականին 10-12 տարեկան աշակերտների համար կազմակերպվել է նաեւ առաջին օգնության դասընթացներ: Միջոցառումներ են անցկացվել` Սուրբ ծննդյան եւ Տեառնընդառաջ եկեղեցական տոների հետ կապված: Մասնակից աշակերտներին կրկին հանձնվեցին նվերներ: Իսկ ՙԱշուն՚ միջոցառման ժամանակ նվերներ ստացան միայն 1-7-րդ դասարանի աշակերտները:
Երեխաները անասելի տպավորություններով են վերադառնում ՙՎորլդ Վիժնի՚ միջոցներով կազմակերպված էքսկուրսիաներից, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր տարի: Ավանդույթ է դարձել նաեւ ամառային քրիստոնեական ճամբարների անցկացումը, որը շատ ուսանելի է, եւ երեխաները տուն են վերադառնում նոր գիտելիքներով, նոր ընկերներ ձեռք բերած եւ նվերներով:
-Միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, Գավառի տարածքային զարգացման ծրագրի թիմի ղեկավար Անուշ Պողոսյանը, ծրագրի մասնագետ Արծրունի Ալեքսանյանը եւ ադմինիստրատորի օգնական Նորայր Մուխսյանն իրենց անմիջական մասնակցությամբ նպաստել են աշխատանքների իրականցմանն ու միջոցառումների անցկացմանը, ինչի համար անչափ շնորհակալ ենք,- ասում է դպրոցի տնօրեն Ջեմմա Խաչատրյանը եւ հույս հայտնում, որ համագործակցությունը կունենա իր շարունակությունը:
0 comments:
Отправить комментарий