ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 13 июля 2013 г.

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԹԹՈՒՋՈՒՐՆ ԱՊՐՈՒՄ Է ՕՐՎԱ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՈՒ ՀՈԳՍԵՐՈՎ

Թթուջուր գյուղի արոտները զբաղեցնում են  1772, վարելահողերը` 649.64, խոտհարքները` 428.9 հեկտար տարածք: Գյուղում զարգացած է անասնապահությունը: Բնակչությունը զբաղվում է նաեւ  մեղվաբուծությամբ: Թթուջրի տնտեսություններում պահվում է 1100 գլուխ խոշոր, 750 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 90 մեղվաընտանիք:
Ինչպես նշում է համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը՝ սահմանամերձ գյուղի բնակչության թիվը 1100 է: Նրանցից 40-ը մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքի ու նորից վերադառնում հայրենի տուն, իսկ գյուղից ընտանիքներով արտագաղթողներ չկան:
համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը
Բնակչությունը հողագործությամբ համեմատաբար քիչ է զբաղվում, ինչը կապված է գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության եւ հողերի անջրդի վիճակի հետ:  Այս կապակցությամբ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՙԳյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ շրջանակներում ձեռնարկվել են երկու կարեւոր ծրագրեր. մեկն արոտների  ջրարբիացման, մյուսը` գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիրն է: Այս ծրագրերը ֆինանսավորվում են համաշխարհային բանկի կողմից` 120 միլիոն դրամի ներդրմամբ, իսկ համայնքապետարանը ներդնելու է 12 միլիոն դրամ: Ծրագրի առաջին մասով գյուղի արոտների ջրարբիացման խնդիրները կլուծվեն այս տարում, իսկ երկրորդ մասով` 2014 թվականից, ձեռք կբերվեն գյուղատնտեսական մեքենաներ:
 Թթուջուր գյուղում 2012 թվականին  կատարվել է մոտ մեկ հեկտար աշնանացան, իսկ  տեխնիկայի բացակայության պատճառով գարնանացան գարի 2013 թվականի գարնանն ընդհանրապես չի ցանվել: Ցանվել է միայն 10 հեկտար կարտոֆիլ: 
 Տեղական միջոցներից կատարվել են հատկացումներ, որի շնորհիվ 2012 թվականի դեկտեմբերի մեկից դպրոցականների համար տրամադրվել է ավտոբուս, որը աշակերտներին ժամանակին հասցնում է դպրոց: 
-Խնդիրը կայանում է նրանում, որ կան երեխաներ, ովքեր դպրոցից 1.5 կիլոմետր հեռավորության վրա են բնակվում, իսկ ցրտի, ձյան ու վատ եղանակների պատճառով նրանք շատ հաճախ էին ստիպված լինում բացակայել դասերից: Այսօր արդեն այդ խնդիրը լուծված է,- ասում է գյուղի նորընտիր համայնքապետը եւ շարունակելով նշում, որ առաջին դասարանցիների հովանավորությունը նույնպես իրենց խնդիրն է եւ այս ուղղությամբ եւս կատարվում են ներդրումներ: Փոքրիկներին հատկացվել են գրենական պիտույք, հեռուստացույց, DVD նվագարկիչ, ինչպես նաեւ դեպի Օշական ու Մեսրոպ Մաշտոցի գերեզման այցելելու համար հոգացվել են նրանց ճանապարհածախսերը: 
Թթուջուր գյուղով է անցնում հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որը ասֆալտապատվել է 2011-2012 թվականներին: Սակայն  գյուղամիջյան ճանապարհներն անձրեւաջրերի հետեւանքով հաճախ դառնում են աներթեւեկելի, ուստի   ամեն տարի տեղական միջոցներով կատարվում են փողոցների փոսալցման  եւ հարթեցման աշխատանքներ: Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է, սակայն գազի բարձր գնի պատճառով բնակիչները ձմռանը վառում են փայտ ու աթար: Գյուղի գերեզամանոցն ամբողջությամբ ցանկապատվել է գյուղապետ Վիգեն Սահակյանի միջոցներով` մինչեւ գյուղապետ ընտրվելը:
Համայնքապետարանի միջոցներից այս տարի նախատեսվել է կատարել 1 միլիոն 146 հազար դրամի սոցիալական հատկացումներ: 
Թթուջուր գյուղն ունի նաեւ մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը կապված է խմելու ջրի մատակարարման  հետ: 
-Եղած աղբյուրները, ջրագծերը քիչ են, անհրաժեշտ է դրանց թիվն ավելացնել, կատարել ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ,- ասում է համայնքապետը,- գյուղում կա 500 խորանարդ մետր տարողությամբ ջրհավաք ջրամբար, որը նույնպես անհրաժեշտ է վերանորոգել: Թթուջուր գյուղում ջրամատակարարումը շուրջօրյա է, սակայն ամռան ամիսներին ջրի պակաս է զգացվում: Քիչ է նաեւ գյուղի ջրովի հողատարածքը: Սերմացուի եւ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով դաշտերը խոպան են մնում:
2014 թվականի անելիքներից են աղբահանության խնդրի լուծումն ու գյուղով հոսող Գետիկ գետի մաքրումն ու պատերի ամրացումը:
Թթուջուր գյուղում լուծված չէ նաեւ գիշերային լուսավորվածության խնդիրը: Առայժմ նախատեսվում է լուսավորել միայն գլխավոր ճանապարհը: 
Մշակույթի տունը վթարային վիճակում է գտնվում եւ ենթակա է քանդման ու հիմնովին վերակառուցման: Այստեղ որեւէ խմբակ կամ գրադարան չի գործում: Գյուղապետարանի շենքում գործում է միայն ՙՀայփոստի՚ մասնաշենքը: 
Նույն աղբյուրից տեղեկացանք նաեւ, որ գերմանական ՙDeutsche Gesellshaft fur Internationale Zusammenarbeit  (GIZ)՚ ծրագրով, գյուղապետարանի աշխատանքները էլեկտրոնային դարձնելու նպատակով հատկացվել է երկու նոր համակարգիչ, տպիչ: Համայնքապետարանն ապահովված է ինտերնետ կապով, ինչի շնորհիվ աշխատանքները էլ ավելի դյուրին են դարձել: 
Հիմնանորոգման կարիք ունի գյուղի միակ մանկապարտեզը: Այն գործել է մինչեւ 2013 թվականի մարտի 1-ը, սակայն, տեխնիկական վատ պայմաններից ելնելով, առայժմ չի գործում:
-Դիմել ենք համապատասխան մարմիններին, բարեգործական կազմակերպություններին եւ սպասում ենք դրական պատասխանի: Նպատակ կա մանկապարտեզում բացել երկու խումբ, որտեղ կհաճախի 40 երեխա, -ավելացնում է համայնքապետը:
Գյուղում այսօր վեր է հառնում մի նոր եկեղեցի, որի բարերարը Հայկ Բորյանն է: Եկեղեցու շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն 2014 թվականին:
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Թթուջրի տեղական բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 100 տոկոսով: Այդ միջոցները գյուղապետարանին հնարավորություն կտան` ձեռնարկել սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման հստակ քայլեր:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More