Սկսած 2004 թվականից՝ Գեղարքունիքի մարզում ներդրվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որը նախատեսում էր տուբերկուլոզով վարակված հիվանդների վաղաժամ հայտնաբերում եւ բուժում: Ինչպես հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական վարչության առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանը՝ ծրագրի մեկնարկային շրջանում մարզում տուբերկուլոզով հիվանդները մեծ թիվ էին կազմում, որի նպատակով էլ ներդրվեց ՙԴՈՏՍ՚ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հայտնաբերված բոլոր հիվանդների համար կազմակերպվեց լիարժեք հետազոտություն, որին հաջորդեց հակատուբերկուլոզային դեղամիջոցների տրամադրումը: ՙԿարմիր Խաչ՚ միջազգային մարդասիրական ընկերությունը հաշվառված հիվանդներին աջակցեց նաեւ սննդային փաթեթներով:
Ծրագրի շրջանակներում իրականացվող երկարատեւ ու համառ աշխատանքների արդյունքը, ըստ Գ. Դավթյանի, եղավ այն, որ սկսեցին հայտնաբերվել տուրբերկուլոզի վարակման նոր դեպքեր, եւ կազմակերպվեց համապատասխան բժշկական օգնություն:
Այսօր արդեն ամփոփվում են ծրագրի արդյունքները, ըստ որոնց մարզում մի քանի անգամ կրճատվել է տուբերկուլոզով հիվանդների թիվը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի մի շարք մարզերում, օրերս նաեւ Գեղարքունիքում, սկսել է տուբերկուլոզի հայտնաբերման եւ կանխարգելման ազգային ծրագրի իրականացման մոնիտորինգ:
Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տուբերկուլոզի էպիդեմիոլոգիական մոնիտորինգի մասնագետ Անդրեյ Դադուն՝ Գեղարքունիքի մարզում կատարվում են տուբերկուլոզի վարակվածության դեպքերի մոնիտորինգ: Չնայած դեռ քննարկվում եւ ամփոփվում են մոնիտորինգի եւ մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, սակայն արդեն նկատելի է, որ Գեղարքունիքում բավականին արդյունավետ եւ նպատակամղված աշխատանք է կատարվել տուբերկուլոզի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ, իսկ մասնագետ բժիշկները ցուցաբերում են մասնագիտական անհրաժեշտ կարողություններ եւ սրտացավություն իրենց գործի եւ հիվանդների հանդեպ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий