Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի մոտ ամփոփվեց Գեղարքունիքի մարզպետարանում վերջերս անցկացված ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚, ՙՏարվա լավագույն տնօրեն՚, ՙՏարվա լավագույն դաստիարակ՚, ինչպես նաեւ ՙՀայոց լեզու եւ գրականություն՚, ՙՀայոց պատմություն՚, ՙՀայոց եկեղեցու պատմություն՚, բնագիտական (ՙՖիզիկա՚, ՙՔիմիա՚, ՙԿենսաբանություն՚) առարկաների եւ դասվարների անվանակարգերում ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ մրցույթների արդյունքները:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը:
Մրցույթի վերաբերյալ ընդհանուր ներկայացմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ թեեւ դպրոցների տնօրնները ժամանակին իրազեկվել են մրցույթի կազմակերպման մասին, այնուամենայնիվ, քիչ են ստացվել մասնակցության հայտերը: ՙՏարվա լավագույն տնօրեն՚ եւ ՙՏարվա լավագույն դաստիարակ՚ անվանակարգերում ներկայացվել էր ընդամենը մեկական մասնակից, իսկ ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ անվանակարգում` 2 մասնակից:
Մրցութային հանձնաժողովն անցկացրեց հարցազրույցներ, եւ, նկատի ունենալով դրանց արդյունքներն ու մասնակիցների ինքնաներկայացումները, ամփոփեց արդյունքներն ըստ համապատասխան անվանակարգերի: Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը ճանաչվեց ՙՏարվա լավագույն տնօրեն՚, Զոլաքարի N 1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ռուզաննա Պետրոսյանը` ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚, Սեւանի թիվ 3 ՙՀեքիաթ՚ մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Հունանյանը` ՙՏարվա լավագույն դաստիարակ՚, Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչ Գեւորգ Աբրոյանը` ՙՀայոց եկեղեցու պատմություն՚, Գավառի N 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշան Խաչատրյանը` ՙՀայոց պատմություն՚, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նազիկ Թունյանը` ՙՀայոց լեզու եւ գրականություն՚ անվանակարգերի լավագույն ուսուցիչներ, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Գուլանյանը` լավագույն դասվար: Մյուս անվանակարգերում հայտեր չէին ներկայացվել:
Հաղթողներին հանձնաժողովը երաշխավորեց` մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий