Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի արվեստի դպրոցի դահլիճում տոնական համերգ էր: Ելույթ էին ունենում արվեստի դպրոցի նորաստեղծ պարի բաժնի երեք դասարանների թվով 39 աշակերտները: Նրանք հանդիսատեսի դատին էին ներկայացնում իրենց տարիների աշխատանքի արդյունքը: Այս համերգը իր տեսակով առաջինն էր ոչ միայն դպրոցի, այլ նաեւ գյուղի պատմության մեջ, երբ 6-15 տարեկան երեխաները հանդես էին գալիս պարային հագեցած ծրագրով: Նրանք ներկայացրին հայկական ժողովրդական, լատինաամերիկյան, իսպանական, գնչուական, ռոսական, ուկրաինական ու բելառուսական պարեր:
Համերգին ներկա էին պարարվեստը գնահատող հասարակությունը, ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, Սարուխանի գյուղապետարանից, հարեւան համայնքների երաժշտական դպրոցներից, այլ մասնագետներ ու ծնողներ:
Սարուխան գյուղի արվեստի դպրոցի տնօրեն Անժելա Ղամբարյանն իր խոսքում նշեց, որ պարի բաժինը դպրոցում ընդամենը երեք տարվա պատմություն ունի եւ այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է արդեն հաջողություններ արձանագրել Հայաստանի տարբեր բեմերում, մրցույթներում: Երեւանում մասնակցել է ՙՄինորա՚ մշակութային կենտրոնում կազմակերպաված մրցույթ- փառատոնին եւ արժանացել է գրան-պրի մրցանակի:
Դպրոցի պարի բաժնի հիմնադիր ուսուցչուհի եւ պարուսույց Էվելինա Սավզյանն, անդրադառնալով իր աշակերտների հաջողություններին, նշեց, որ նրանք պետք է ուսումը շարունակեն պարի ուղությամբ եւ Սարուխանում շարունակեն պարարվեստը մատաղ սերնդին փոխանցելու գործը:
Բեմում աչքի ընկան Մարիամ Սաֆարյանը, Ադելաիդա ֆթոյանը, Արմինե Դոխոյանը, Մերի Թաթարյանը, Շուշան Խաչատրյանը, Աշխեն Սարգսյանը, Մերի Աբրահամյանը, Անի Սաֆարյանը, Աստղիկ Մելքոնյանը, Վալերյա Բարեղամյանը, Մարիետա Չիչոյանը, Մոնիկա Բադալյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Մարինե Սաֆարյանը եւ այլոք:
Միջոցառման ավարտին դպրոցի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий